Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՆՔԸ»

Դեկտեմբեր 11,2002 00:00

«ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՆՔԸ» Հայաստանում տիրող վիճակը հանգամանալից ու փաստարկված քննադատելուց հետո՝ «Արժանապատիվ ապագան» երեկ պաշտպանեց այդ իրավիճակի թիվ 1 պատասխանատուի՝ գործող նախագահի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: «Հայաստանում այսօր ձեւավորվել է երկու աշխարհ. մի կողմում՝ հարստություն եւ բարգավաճում, գործարար եռուզեռ, հոյակապ սպասարկում, հաճույքների անգամ բավարարում: Եվ մի ուրիշ աշխարհ, որը լի է գործազրկությամբ, կարիքով, անհուսությամբ եւ անընդհատ ճնշող մի գաղափարով, թե ինչպիսին կլինի վաղվա օրը, ինչպես կապրեն երեխաները»,- «Արժանապատիվ ապագայի» համաժողովում հնչած այս նկարագրությունը կուսակցության համանախագահ Լյուդմիլա Հարությունյանինն է, որը նաեւ նշեց, թե այդ աշխարհներն իրարից հեռանում են: Համաձայնեք՝ սա խիստ տարբերվում է այն պատկերից, որ ներկայացնում է պաշտոնական քարոզչությունը, որից կարող ես տպավորություն ստանալ, թե Քոչարյանի շնորհիվ Հայաստանը դարձել, կամ ուր որ է՝ կդառնա երկիր դրախտավայր: Կուսակցության մյուս համանախագահ Ստեփան Ծաղիկյանի ելույթի առջեւ խամրում էր անգամ ընդդիմադիրների համագումարներում հնչած քննադատությունը: Մի քանի հատվածներ մեջբերենք այդ ելույթից. «Հայաստանի պետական կառավարման մեքենան ծայրահեղ անարդյունավետ է, քանզի իշխանությունները կլանային են, իսկ տնտեսությունը՝ համատարած ստվերային: (…) Մեզ չի հաջողվել ձերբազատվել կոռուպցիա կոչվող երեւույթից եւ հակառակը՝ այդ չարիքն ամբողջությամբ վարակել է պետական ապարատը, մխրճվել հասարակական փոխհարաբերություններ՝ խարխլելով երկրի պետականության հիմքերը: (…) Պատահական չէ, որ անուշադրության մատնված բնակչության մի մասի մոտ առաջացել է անվստահություն վաղվա օրվա նկատմամբ: (…) Կոռուպցիան ազատորեն թափանցելով նաեւ քաղաքականության մեջ՝ հնարավորություն է ստեղծել, որ պետական իշխանության մարմիններ ներխուժեն անարժան եւ, երբեմն էլ՝ հանցավոր տարրեր»: Ստեփան Ծաղիկյանն ինքն էլ ընդունեց, թե հասարակությունը, որի իրավունքներն ու ազատությունները համատարած ոտնահարվում են (այս ձեւակերպումները նույնպես ելույթից են), պետության կառավարման անբավարարության եւ այլ հիմնահարցերի համար պիտի առաջին հերթին պատասխանատու համարի «երկրում օրինականության ապահովման երաշխավորին՝ գործող նախագահին»: Սակայն արձանագրելով այս բոլոր թերությունները, «ԱԱ»-ն իր բանաձեւում համոզմունք հայտնեց, թե առկա խնդիրներն առաջիկա 5 տարում կլուծի Ռոբերտ Քոչարյանը, ուստի սատարում են նրան: Բնական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չլուծեց անցած 5 տարում: Ստեփան Ծաղիկյանը փորձել էր տալ նաեւ այդ հարցի պատասխանը, սակայն բացատրությունը հնչեց ոչ այնքան համոզիչ, որքան իրավիճակի գնահատականն էր. «Կառավարման հինգ տարվա ընթացքում, իրադարձությունների բերումով, նախագահը, փաստորեն, բարոյական, հոգեբանական, ընկերային շրջափակման մեջ է գտնվել: Սկզբից ենթարկվելով իշխանության ղեկը ստանձնելու պարտադրված անհրաժեշտությանը, ապա՝ ոչ լեգիտիմության անտրամաբանական մեղադրանքների հոգեբանական հարձակումներին, այնուհետեւ «Հոկտեմբերի 27»-ի անասելի շոկի եւ հետեւանքների վերացման բարդություններին, այդ ամենին գումարած պառակտված հասարակության լիարժեք օժանդակության բացակայությունը՝ կարծես թե առավելն անելու հնարավորություն չի ընձեռվել»: Ըստ այդմ, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանին այնպե՜ս են պարտադրել ստանձնել իշխանությունը, որ ստիպված է եւս 5 տարի պաշտոնավարել: Եթե հետեւենք այս տրամաբանությանը՝ Քոչարյանը նոր ժամկետում էլ չի կարողանալու որեւէ բան անել, քանզի նրան էլի՛ մեղադրում են ոչ լեգիտիմության համար, էլի՛ նրա վրա ծանրացած են «27»-ի վերաբերյալ չփարատված կասկածները ու, բացի այդ, նա էլի՛ չի վայելում հասարակության «լիարժեք օժանդակությունը»: «ԱԱ»-ն հակված էլ չէր գործող նախագահին այնպես գովել, ինչպես իրենց դաշնակցի՝ ԺԴԿ-ի համագումարում էին գովում, թե Քոչարյանը «չունի իրեն հավասարը մեր երկրում»: Ստեփան Ծաղիկյանը շատ ավելի զուսպ ձեւակերպումներ էր ընտրում՝ «Նախագահի պաշտոնի մյուս արժանավոր թեկնածուներից ամենաարժանավորն է»: Նույն ոճը պահպանում էր նաեւ Լյուդմիլա Հարությունյանը: Ի դեպ, արդի քաղաքական իրավիճակի վերջինիս փայլուն վերլուծությունը, մասնավորապես՝ անկախության գաղափարախոսությունն այդպես էլ չյուրացնելու վերաբերյալ հատվածն, արժանի է ամբողջական հրապարակման: Իսկ առայժմ մեջբերենք զեկույցի նաեւ այս հատվածը. «Գտնում ենք անհնարին, որ ներարկվեն եւ զարգացվեն այն պատրանքները, թե երկրի դժվարին խնդիրները կարելի է լուծել նախագահ փոխելով: (…) Կուզենայի, որ մենք զերծ մնայինք ժողովրդին այս պատրանքը հաղորդելուց, որովհետեւ ժողովուրդը հույս է ձեռք բերում, որ ահա մի՛ փոքր քայլ, ահա եկեք գնանք մի հատ ընտրությունների՝ եւ վե՛րջ, հարցը լուծեցինք: Իսկ մեկ ամիս հետո, երբ տեսնում է, որ ոչ մի հարց էլ չլուծվեց՝ նա մտածում է, թե երկիրը, ազգն է անհույս: (…) Մարդիկ պատրաստ չեն երկար, ծանր աշխատանքի, իսկ երկիր կառուցելը երկար, ծանր աշխատանք է: Եվ ես մեղադրո՛ւմ եմ քաղաքական կուսակցություններին նրանում, որ նրանք զարգացնում են այս հեշտ լուծումների պատրանքը»: Բոլոր ելույթների մեջ ամենագործնականը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանինն էր, որն ամեն ինչ դիտարկեց այս ծիրում. «Դեկտեմբերին ցանում ենք, որ արդյունքները հավաքենք արդեն գարնանը»: Խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին էր, որին, ըստ պրն Դարբինյանի, «ԱԱ»-ն պետք է մասնակցի մասնավորապես հետեւյալ սկզբունքով. «Չենք փորձելու տնտեսական հնարավորություններով չհիմնավորված եւ ընդունված բարոյական չափանիշներին չհամապատասխանող պոպուլիստական կոչերով եւ նախաձեռնություններով շահել ընտրողների համակրանքը: Նույնիսկ հակառակը, մենք «մերկացնելու» ենք այն քաղաքական ուժերին եւ գործիչներին (քաղաքական սպեկտորի որ հատվածում էլ որ դրանք գտնվեն), որոնք պոպուլիզմը դարձրել են քաղաքական գործելակերպ»: Խոստացավ, թե չեն հակադրվելու որեւէ քաղաքական ուժի կամ գործչի, բայց համագործակցելու են միայն նրանց հետ, ովքեր «27»-ից հետո սատարել են նախագահին: Նախկին վարչապետը նաեւ խոստացավ, թե փորձելու են իրատեսական գնահատականներ տալ վերջին 12 տարիների ձեռքբերումներին եւ ձախողումներին. «Մենք չենք լինելու ո՛չ նախկինը փնովողների եւ հերքողների, ո՛չ էլ ներկան աստվածացնողների շարքերում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել