Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆ, ԳԵՂԱՄՅԱՆ, ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դեկտեմբեր 12,2002 00:00 Share

ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆ, ԳԵՂԱՄՅԱՆ, ԴԵՄԻՐՃՅԱՆ Տիգրան Թորոսյանի կանխատեսումը – Ըստ որոշ գիտակների, 15 թեկնածուն չափազանց շատ է ՀՀ նախագահի աթոռի համար։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի թեկնածուների թվին։ – Թերեւս անիմաստ է քննարկել՝ դա շատ է, թե քիչ, որովհետեւ դա փաստ է։ Մեկ բան կա. երբեմն, իբր տարբեր հղումներ անելով տարբեր երկրների փորձին, խոսում են շատի կամ քչի մասին։ Իրականում նման օրինաչափություն չկա, մասնավորապես՝ Ֆրանսիայում վերջին նախագահական ընտրություններում մոտ 15 թեկնածու կար, ընդ որում՝ սոցիալիստներ՝ 5-6 հոգի, եւ այլն։ Այնպես որ, այստեղ արտառոց ոչինչ չկա։ Ուղղակի, կարծում եմ, չարժե սա առիթ դարձնել եւ մարդկանց, ովքեր առաջադրվել են, վիրավորանքներ ուղղել։ Սա խոսում է ե՛ւ քաղաքական ուժերի, ե՛ւ հասարակության մեջ գոյություն ունեցող անառողջ երեւույթների մասին։ Շատ լավ կլինի, որ մարդիկ, որոնք իրենց իրավունք են վերապահում խոսել քաղաքականությունից, մի փոքր նաեւ գոնե ծանոթ լինեն ընդհանրապես քաղաքականությանը եւ առնվազն՝ վարքականոնին, որին պետք է հետեւել։ – Ըստ Ձեզ, ովքե՞ր են տեղ զբաղեցնում թեկնածուների հիթ-շքերթի առաջին հնգյակում։ – Բնականաբար, բոլոր թեկնածուներն իսկապես հավասար հնարավորություններ չունեն եւ, համոզված եմ, որ դա նաեւ իրենք՝ թեկնածուներն են գիտակցում, սակայն նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվելն առիթ է նաեւ այլ խնդիրներ լուծելու, այնպես որ, սա եւս պետք է հաշվի առնենք։ Ինչ վերաբերում է այն բանին, թե առաջին հնգյակի մեջ ովքեր կարող են լինել (բնականաբար, առաջին հերթին հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վճիռը կայացնում է հասարակությունը), կարելի է որոշակի կանխատեսում անել՝ ծանոթ լինելով թեկնածուներին. Ռոբերտ Քոչարյան, Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, եւ մնացած 12-ից ամենամեծ հնարավորությունները, թերեւս, ունեն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վազգեն Մանուկյանը։ – Իսկ ո՞վ կլինի Ռոբերտ Քոչարյանի մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում։ – Առաջին հնգյակի հետ կապված՝ ենթադրություններն ու կարծիքներն այնքան էլ դժվար չէ արտահայտել: Ինչ վերաբերում է պրն Քոչարյանի մրցակցին, ապա այստեղ արժե սպասել, որ ժողովուրդն իր խոսքն ասի, որովհետեւ, ի վերջո, ժողովուրդն է ընտրողը։ – Այսօր բոլոր քաղաքական ուժերը՝ դիմադիր թե ընդդիմադիր, առանց ալարելու հայտարարում են, թե ամեն ինչ անելու են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար։ Սակայն նախ՝ չի տրվել նախորդ ընտրությունների քաղաքական գնահատականը, եւ հետո՝ բոլորովին անհավատալի է, որ հնարավոր է ազատն ու արդարն ապահովել։ – Ընտրությունների գնահատականը տալիս են ո՛չ քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները։ Նրանք պարզապես կարող են հղումներ անել դիտորդների ներկայացրած գնահատականներին եւ եզրակացություններին։ Ես գտնում եմ, որ քաղաքական ուժերը չեն կարող անաչառ լինել ընտրությունների գնահատման հարցում, քանի որ ընտրությունների անմիջական մասնակիցն են ու շահագրգիռ կողմը։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ մենք մի շատ վատ սովորություն ունենք՝ գրեթե երբեք առաջ չենք նայում, անընդհատ ետ ենք նայում։ Իսկ սա շատ վատ է եւ շատ է խանգարել մեր ամբողջ պատմության ընթացքում եւ խանգարելու է նաեւ հետագայում, եթե չկարողանանք աստիճանաբար հրաժարվել այս սովորությունից։ Անցյալը միշտ կարեւոր է մեկ պատճառով. եթե եղել են հաջողություններ, ապա լիարժեքորեն գիտակցենք, թե ինչու եւ ինչպես այդ հաջողություններն ունեցանք՝ հասկանալու համար պատճառները, եւ այդ պատճառներն օգտագործելով՝ նորերը գումարենք անցյալի հաջողություններին։ Եթե եղել են անհաջողություններ, դրանից կարողանանք դասեր առնել եւ հետագայում չկրկնել։ Սակայն շատ հաճախ մեր իրականության մեջ անցյալն օգտագործվում է փոխադարձ մեղադրանքների համար, մի բան, որն անընդունելի է եւ որը հասարակությանն ու երկրին ոչինչ չի տալիս։ Եվ սա քաղաքական ուժերին ու, ցավոք, նաեւ հասարակության տարբեր շերտերին վերածում է երկու անհաշտ բանակների։ Ստեղծում է փոխադարձ անվստահության եւ ատելության մթնոլորտ, իսկ նման մթնոլորտում շատ դժվար է իսկապես լավ բան անել։ Որովհետեւ միշտ փոխադարձ ատելություն եւ անվստահություն է առաջացնելու, եւ յուրաքանչյուրը մյուսի քայլը դիտարկելու է որպես ինչ-ինչ մութ նպատակներ հետապնդող, եւ այդպես էլ ներկայացվելու է հասարակությանը։ Դժբախտաբար, այս ամենը դարձավ նաեւ հասարակության սեփականությունը, եւ այս առումով հասարակությունը գտնվում է անառողջ վիճակում։ – Ինչպե՞ս եք գնահատում բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, մտավորականների, ագրարայինների, անասնապահների եւ այլոց «անմնացորդ ինքնազոհաբերումը» եւ ինքնանվիրումը Ռ. Քոչարյանին։ Հավատո՞ւմ եք այդ անսահման սիրուն։ – Երբ խոսում էի հասարակության անառողջ վիճակի մասին, բնականաբար, նկատի ունեի նաեւ այն ձեւերը, որոնցով հասարակությունը կազմակերպվում է։ Կա երկու ձեւ՝ կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ։ Ընդ որում՝ երկուսի թիվն էլ պատկառելի է, բայց այստեղ բախվում ենք հակասության՝ քանակը որակի վերածելու սկզբունքի հետ կապված։ Դժբախտաբար, նաեւ այս ասպարեզում գործ ունենք հաճախ չկայացած կազմակերպությունների հետ եւ իրենց խնդիրը չպատկերացնող կազմակերպությունների հետ։ Հաճախ հասարակական կազմակերպություններին թվում է, թե իրենք կարող են քաղաքականությամբ զբաղվել՝ խաբելով ժողովրդին։ Ուրիշները՝ ինքնացուցադրմամբ են զբաղված, դրանք մարդիկ են եւ կազմակերպություններ, որոնք ինչ-ինչ ակնկալիքներով են ավելորդ ակտիվություն դրսեւորում։ Կարծում եմ, Ռ. Քոչարյանի համար առաջիկա ընտրությունների արդյունքի տեսակետից հիմնական խնդիրը հենց նման մարդկանց, նման կազմակերպությունների ինքնագործունեությունը զսպելն է լինելու, քան՝ ընդդիմության հետ մրցակցությունը։ – Հանրապետական կուսակցությունը Ռ. Քոչարյանին սատարում է «ՕԵ»-ի եւ ՀՅԴ-ի հետ, սակայն, ակնհայտորեն՝ ոչ ձեռք ձեռքի տված։ Երեք կուսակցությունների միջեւ առկա տարաձայնություններն ինչպե՞ս եք լուծելու, ինչպե՞ս եք բաժանելու «տարածքները»։ – Ընտրությունների գնալիս կուսակցությունները պետք է դրանք դիտարկեն իրենց ծրագրերի, գաղափարների, մոտեցումների իրագործման տեսանկյունից։ Պաշտպանելով Ռ. Քոչարյանին, ՀՀԿ-ի համար առաջին հերթին հենց սա է եղել վճռորոշ։ Այս տարիների ընթացքում հաջողվել է բավականին արդյունավետ համագործակցել եւ, բնականաբար, հնարավորություն կա նաեւ հետագա համագործակցության։ Ինչ վերաբերում է մյուս երկու կուսակցություններին, ապա կան, իհարկե, տարաձայնություններ, սա բնական է, եւ այդպես էլ կշարունակվի։ Խնդիրը հետեւյալն է՝ որ որեւէ մեկը նախագահական ընտրությունները չդիտարկի՝ որպես միջոց առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր խնդիրները լուծելու համար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել