Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ԷԼ ՉՆՎՆՎԱՆ

Դեկտեմբեր 12,2002 00:00

ՈՐ ԷԼ ՉՆՎՆՎԱՆ ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծը: Օրենքն ամբողջովին ընդունվելու եւ նախագահի կողմից ստորագրվելու դեպքում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից երկրի նախագահի պաշտոնային դրույքաչափը կդառնա մոտ 700 դոլար, ԱԺ նախագահինը, վարչապետինը, ՍԴ նախագահինը՝ 340 հազար դրամ, ԱԺ պատգամավորներինը, Երեւանի քաղաքապետինը՝ մոտ 500 դոլար եւ այլն: ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկվա քվեարկությունն անվանեց այս խորհրդարանի «հայրական վերաբերմունքը» հաջորդի հանդեպ, որն իր վրա է վերցնում «որդուն ուղղվելիք բամբասանքն ու շահարկումները»: «Վերեւների» դրույքաչափերի բարձրացումը նա անհրաժեշտություն է համարում: «Օրենսդիր մարմնի ծառայողն ինքն արդեն բավական բարձր պաշտոնյա է, եւ անհարմար է աշխարհի մասշտաբով, որ նա չկարողանա գոնե կոստյում գնել, որ նա չկարողանա գոնե իր էլեմենտար հարցերը լուծել,- ասաց խորհրդարանի խոսնակը՝ ավելացնելով, թե շատ են նման պատգամավորները:- Մի մտածեք, թե մեկ-երկուսը, որ բավական միջոցների են տնօրինում՝ բոլորն են այդպիսին: Ո՛չ: Ես շատերին գիտեմ, որ իսկապես օրօրի սպասում են աշխատավարձի»: Գործարար աշխարհից եկած պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանել հարցը՝ նշելով, թե կոռեկտ չէ: Նրանք միաձայն պնդեցին, որ իրենց պատգամավորական ամբողջ աշխատավարձը, դեռ ավելին, ուղղում են իրենց անվերջ դիմող կարիքավոր ընտրողներին: Փաթեթին դեմ քվեարկած պատգամավորներից Աղասի Արշակյանն ասաց, թե իր դիրքորոշումը կապ չունի ապագա ԱԺ-ում իր վերընտրվել-չվերընտրվելու հետ: Նա հաստատեց, թե կան պատգամավորներ, ովքեր մինչեւ աշխատավարձ պարտք են խնդրում ԱԺ հաշվապահությունում: Արշակ Սադոյանն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը՝ իր պատճառաբանությամբ՝ «մեկ է, դակիչ մեքենան դակելու էր»: «Ես համարում եմ մեծագույն երեսպաշտությունը, որ այդ օրենքի դեմ սկսեցին խոսել ընտրություններից առաջ՝ ամբոխավարությանը տուրք տալով,- ասաց ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը՝ ավելացնելով, թե ինքն ԱԺ այն ափից է, որը խանութ չունի, բիզնես չունի:- Ես չեմ մոռանում, որ ուսուցիչը եւ բժիշկը շատ չնչին աշխատավարձ են ստանում, բայց նրանք կարող են բողոքել, ես չեմ կարող բողոքել: Իմ կարգավիճակը ինձ թույլ չի տա, որ ես նվնվամ»: «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել