Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան Todes

Դեկտեմբեր 12,2002 00:00

Հայաստանյան Todes Ռոլանդը «ձեռք է մեկնում» Ռոլանդին Անցյալ դարի 30-ական թվականներին Արտեմի Այվազյանի ջազ նվագախմբի հաջողության առյուծի բաժինը ընկնում էր Օրդոյան եղբայրների ճախրող եռյակին, որոնք մի առանձին ու անկրկնելի երանգ էին տալիս։ Վերջիններիս պարաստեղծական բեմադրական ջանքերն էին, որ երկնեցին մեր հանրապետության մշակութային կյանքում առաջին էստրադային գողտրիկ պարապատկերների բազմերանգ մի շարք։ Այդ տարիներին էստրադային մենապարը, առավել եւս էստրադային խմբապարը, պարզապես մի սպիտակ բիծ էր սովետահայ պարարվեստի քարտեզի վրա։ Վերը նշված ժլատ ներածականից կարելի է հետեւություն անել, որ մենք դեռ էն թվականներին ենք ունեցել շոու-բալետ կամ ավելի ճիշտ՝ սկիզբ դրել արվեստի այդ ճյուղին։ Այսօր հանրապետությունում գործում են, առանց չափազանցության, ժամանակակից պարերի բազմաթիվ ստուդիաներ, որոնց մեծ մասը բեմ է բարձրանում իր անվանը գումարելով շոու-բալետ արտահայտությունը։ Իսկ մենք արդեն տարիներ շարունակ հիանում ենք Todes շոու-բալետի կատարումներով, անկեղծ ասած, անգամ՝ նախանձում։ Պարզվում է, Երեւանում մի քանի ամիս է, ինչ գործում է նույնանուն պարային ստուդիա։ Ստուդիայի ղեկավար Ռոլանդ Ռեյը (որը հանրապետությունում հայտնի է որպես տարբեր փառատոների կազմակերպիչ) տեղեկացրեց. «Նախ ասեմ. պարային ստուդիան կրում է «Todes plus» անվանումը։ Այստեղ դասավանդում են բարձրակարգ մասնագետներ Ռուսաստանից եւ, իհարկե, մեր պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներից, որոնք բարձրագույն վարպետության որակավորում են ստացել՝ որպես շոու-բալետի արտիստներ։ Իսկ Todes-ի ղեկավար Ալլա Դուխովայի դպրոցը հիմնադրվել է Ռիգայում եւ ունի մասնաճյուղեր Ռուսաստանում։ «Todes+»-ը վերջինիս հայաստանյան մասնաճյուղն է»։ Շոու-բալետի բացատրությունը, ըստ նրա՝ էստրադային մանրապատում է։ Վերջինս պահանջում է ֆիզիկական լավ պատրաստություն, այսինքն՝ վարժվածություն։ Նա գտնում է. «Մարմինն էլ, ինչպես երաժշտական գործիքը, պիտի լավ «հնչի» բոլոր ռեգիստրներում։ Բոլոր «լարերը» պետք է մասնակցեն աշխատանքին, քանզի՝ մի ռեգիստրում անընդհատ չի կարելի նվագել։ Մի խոսքով՝ պարելիս պետք է մասնակցի ամբողջ մարմինը, նրա հետ միասին նաեւ հոգին»։ Ռ. Ռեյը, ունենալով կապեր Ռուսաստանի Դաշնությունում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, մտադիր է տեղափոխվել Ռուսաստան, այնտեղից ֆինանսավորել «Todes +»-ը։ «Կփորձեմ խմբին հանել ռուսական շուկա»,- անկեղծացավ պարային ստուդիայի ղեկավարը։ Ամբողջությամբ վերցրած, պարը պետք է բովանդակություն ունենա։ Այլ կերպ՝ այն կդառնա ծամածռություն, ոչ մի ընդհանուր բան չունենալով արվեստի հետ։ Բացարձակ ճշմարտություն է ղեկավարի այն միտքը, որ երաժշտությունն է պարի հիմքը, նրա հոգին, իսկ ռիթմը՝ դա պարի առավել կարեւոր բաղկացուցիչ մասն է։ Անհրաժեշտ է, որ երաժշտությունն ու պարային շարժումները օրգանապես միաձուլվեն։ Ի վերջո, երաժշտության ու պարի միասնության մեջ է թաքնված այս կամ այն պարային համարի բեմադրության հաջողության գաղտնիքը։ Մեծ դեր է խաղում եւ հանդերձանքը։ Ըստ Ռ. Ռեյի. «Todes»-ի՝ առաջին հայացքից պարզ թվացող հանդերձանքը առաջին հերթին օգնում է կատարողին կերպարը հասցնելու հանդիսատեսին։ Բացահայտում է կերպարի էությունը։ Եվ ինչքան պարզ, այնքան՝ գերող»։ «Todes+» ստուդիայի ղեկավարը ձգտում է օգտագործել հայկական ժողովրդական պարերի էլեմենտներ, նաեւ առանձին ամբողջական պարերի «էստրադային մշակումներ»։ «Todes+»-ը հաշվետու ծրագրով եկող տարվա մայիսին կներկայանա փակ համերգում, որի ունկնդիրները կլինեն «Todes»-ի ներկայացուցիչները։ Առավել աչքի ընկնող պարողները կհրավիրվեն «Todes» շոու-բալետ՝ կատարելագործվելու։ Իսկ այն հարցին, թե ե՞րբ կլինի հայկական «Todes+»-ի առաջին բեմելը, Ռ. Ռեյն ասաց. «Մենք չենք շտապում։ Հազար ու մի գործեր կան կապված ստուդիայի աշխատանքների հետ եւ այստեղ, եւ Ռուսաստանում։ Մի բանում համոզված ենք՝ երբ էլ լինի առաջին բեմելը, «Todes+»-ը կներկայացնի պրոֆեսիոնալ շոու-բալետ։ Այսօր, քան երբեւէ, պետք է օգնել մեր արվեստին եւ, ինչու չէ, նաեւ մշակույթի պատասխանատու վերադասին, այս դեպքում՝ մշակույթի նախարարությանը։ Մի մոռացեք, իմ անունն էլ է Ռոլանդ»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031