Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ – ՓԱՐԻԶ – ԵՐԵՎԱՆ

Դեկտեմբեր 17,2002 00:00

ԵՐԵՎԱՆ – ՓԱՐԻԶ – ԵՐԵՎԱՆ Հայկական միջազգային ավիաուղիներ ՓԲԸ-ն Airbus A320 օդանավով արդեն կատարում է իր ինքնուրույն չվերթերը, որի առաջին թռիչքը եղավ: Տուրիստի համար Փարիզը, ինչ խոսք, ամենագրավիչ քաղաքներից մեկն է, որի ամեն մի փողոցը կամ պողոտան տեսարժան վայր է, եւ, ինչպես Հեմինգուեյն էր ասում՝ Փարիզում տխրելն էլ հաճելի է… Փարիզը՝ իր շենքերի տանիքներով, պատշգամբներով, հուշարձաններով, անակնկալներով… Որքան հեռու է մեր Երեւանը Փարիզի քաղաքային կուլտուրայից, նաեւ այն պատճառով, որ այդքան օտարերկրացիներ ընդունելով ու տեղ տալով հանդերձ՝ ֆրանսիացիները երբեք եւ ոչ մի հայտնի կամ անհայտ ծագումով գեղացու թույլ չեն տա ապականել իրենց քաղաքի արտաքին կերպարը եւ ներքին էությունը, ինչպես, օրինակ, մեզանում է՝ Օպերայի շենքը եւ պուրակը կեղտոտել խառնափնթոր օբյեկտիկներով, գեղջկահոտ ցածր կուլտուրայով, եւ այլն8230 Վերականգնվեց Երեւան-Փարիզ- Երեւան չվերթը Հայկական միջազգային ավիաուղիներ ՓԲԸ-ն Ansett Worldwide լիզինգային ընկերությունից վարձակալել է Airbus A320 օդանավը, որի տեխնիկական սպասարկումը իրականացնելու է Sabena Technics ընկերությունը: Օդանավի ուղեւորների եւ երրորդ անձանց առջեւ ապահովագրություններն իրականացվելու են Lloyds անգլիական ապահովագրական շուկայում: Հայկական միջազգային ավիաուղիներ ՓԲԸ-ն նպատակ ունի ապահովել Երեւանից եւ դեպի Երեւան փոխադրումների հիմնական ծավալները, ապահովել տարանցիկ ուղեւորա-բեռնափոխադրումները՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը եւ նրա բեռնային համալիրը դարձնելով տարանցիկ կետ, եւ ամենագլխավոր նպատակը, ինչպես նշեցին այս ավիաընկերության ղեկավարները՝ հանդիսանալ Հայաստանում գլխավոր փոխադրող: Հայկական միջազգային ավիաուղիներ ՓԲԸ-ն ստեղծվել է 2002թ. հունիսի 13-ին, որի սեփականատերերն են՝ Հայաստանից գործարարներ Գագիկ Ծառուկյանը /35%/, Հրայր Հակոբյանը /35%/ եւ ֆրանսահայ Լեւոն Բաղդասարյանը /30%/: ՀՄԱ ՓԲԸ ղեկավարությունը Երեւան-Փարիզ-Երեւան իր առաջին չվերթին լրագրողների մի խումբ էր ընդգրկել՝ լուսաբանելու համար: Մեր տվյալներով, ՔԱԳՎ-ն ՀՄԱ ՓԲԸ-ին մոտ 36 չվերթերի լիցենզիաներ էր տվել եւ ընկերությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել: Օդանավակայանում բաժնետերերից մեկը՝ Հ. Հակոբյանը պարտավորությունների մասին մեր հարցին ի պատասխան նշեց. «ՀՀ կառավարությունը մեզ դեռ չի տվել մեր պարտավորությունների չափը»: Լուրերի համաձայն, ՀՄԱ ՓԲԸ ընկերությունը պարտավորվելու է մարել Հայկական ավիաուղիների միջազգային պարտքերը: «Կառավարությունը ինքը կորոշի՝ ինչպես պետք է մարվեն պարտքերը, կարող է մենք չմարենք, այլ հավանական է, որ կառավարությունը մեզնից իքս գումար կպահանջի, որով հենց ինքը կմարի, որովհետեւ դա կառավարության պարտք է»: Ընդ որում, ՀԱՈՒ արտաքին պարտքերի հստակ չափը, կարելի է ասել, ոչ ոք չգիտի, ասում են՝ մոտ 20 մլն դոլար: Լրագրողների եւ ՀԱՈՒ եւ ՔԱԳՎ մի քանի աշխատակիցների խմբին ուղեկցում էր ՀՄԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վերսանդ Հակոբյանը, իսկ Փարիզում դիմավորեց ֆրանսահայ բաժնետեր Լեւոն Բաղդասարյանը: Նշենք, որ այս ավիաուղիների ղեկավարության ծրագրերի շրջանակում է նաեւ տուրիզմի զարգացումը, եւ այդ նպատակով նույն օրը Հայաստան ժամանեց նաեւ ֆրանսիական մամուլի ներկայացուցիչների մի խումբ: Փարիզում ասուլիս հրավիրեցին Վ. Հակոբյանը եւ Լ. Բաղդասարյանը: Վ. Հակոբյանը նշեց, որ այս ավիաընկերությունը ստեղծվել է գոյություն չունեցող դաշտի վրա, երբ ՀԱՈՒ A310 ինքնաթիռը հայտնի պատճառներով այլեւս չկար, Ամստերդամը, Փարիզը եւ Ֆրանկֆուրտը փակվել էին մեր թռիչքների համար՝ պարտքերի եւ ինքնաթիռների՝ միջազգային պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Մնացել էր ռուսական մի ընկերությունից ՀԱՈՒ վարձակալած ՏՈՒ-154Մ ինքնաթիռը: «Հարկավոր էր մեծ ներդրումներ, կամ պետության կողմից երաշխավորություն պետք էր ընդունել, որ բանկերը ՀԱՈՒ-ին նորից կրեդիտ տային կամ ֆինանսավորեին, որը մեծ դժվարությունների հետ էր կապված: Փորձեցինք այդ բացը լրացնել, նոր օդանավեր բերել: Մի օդանավով երկար շարունակել հնարավոր չէ, պետք է մի քանի ինքնաթիռներ էլ բերենք: Պետք է ամբողջ համակարգ ստեղծել՝ տեխնիկական անձնակազմով, թռիչքային համակարգով: Հայաստանում տեխնիկական սարքավորումների բազա կստեղծենք, որը մոտ 1-2 մլն արժողություն ունի»,- ասաց Վ.Հակոբյանը: Նորաստեղծ ավիաընկերությունն արդեն օդաչուների վերապատրաստման եւ ընթացիկ այլ գործընթացների համար /չհաշված օդանավի վարձակալությունը/ ծախսել է մոտ կես մլն դոլար: Հաջորդ չվերթերը կկատարվեն Դուբայ, ապա Ֆրանկֆուրտ: 2003-04թթ. ընկերությունը խոստանում է բերել 3 Airbus եւ 2 Regional Jet տիպի օդանավեր: Երեւանում ճշտեցինք, որ ՀԱՈՒ-ն եվրոպական ուղղություններով իր չվերթերի համար վարձակալում է Հայկական միջազգային ավիաուղիներ ՓԲԸ A320-200 տիպի այս ինքնաթիռը՝ մոտ 2250 դոլար ժամավճարով: Հայկական միջազգային ավիաուղիներ ՓԲԸ Երեւան-Փարիզ-Երեւան առաջին ինքնուրույն չվերթը դեկտեմբերի 9-ին բավական ուշացավ, սակայն ոչ թե ավիաընկերության եւ ոչ այնքան մառախլապատ եղանակի, որքան օդանավակայանի ներկայիս ղեկավարության՝ վազքուղու լուսային սարքավորումները չաշխատեցնելու պատճառով: ՈՒղեւորները ցրտից փայտացել էին, քանի որ օդանավակայանի նոր կառավարիչները էլեկտրաէներգիայի խնայողություն էին անում: ՀՄԱ ՓԲԸ ղեկավարությունից փորձեցինք ճշտել, թե օդանավակայանի ղեկավարությունը որեւէ պատասխանատվություն կրո՞ւմ է արդյոք նման ուշացումների համար, սակայն մեր հարցը անիմաստ հնչեց, քանզի պարզվեց, որ դեռեւս օդանավակայանի նոր ղեկավարությունը ոչ մեկի հետ պայմանագրեր չունի: Փարիզում մեր գտնվելու օրերին հանդիպեցինք նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանի հետ, որը կարեւորեց այս չվերթի վերականգնման անհրաժեշտությունը: Ֆրանսիայում ապրող հայերի թիվն, ըստ դեսպանի, մոտ 500 հազարի է հասնում: «Կան շատ հայեր այստեղ, որոնք ինտեգրացվելով նաեւ ասիմիլացման պրոցեսներ են անցել, որոնք եկեղեցիներ չեն հաճախում, հայկական կազմակերպություններում ընդգրկված չեն. այսինքն մի մեծ զանգված կա հայկական ծագումով ֆրանսիացիների, որոնք չեն մոռացել իրենց ծագումը, լեզուն, բայց հաշվարկումների մեջ չեն մտած: Հայերը մեծ անուն-հարգանք եւ պատիվ ունեն Ֆրանսիայի մեջ, տարբեր բնագավառներում հաջողված հայեր են»: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Երեւան-Փարիզ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել