Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը նվերներ կբաժանի Ամանորին

Դեկտեմբեր 18,2002 00:00

Կաթողիկոսը նվերներ կբաժանի Ամանորին Հարցազրույց հայորդաց տների հոգեւոր տեսուչ տեր Խադ քահանա Ղազարյանի հետ – Առաջին հայորդաց տները ե՞րբ են բացվել Հայաստանում: – Հայորդաց տների սկզբնավորումը դրվել է 1993 թվականին: Մինչ այդ Երեւանում եղել է 6 պիոներպալատ, որոնցից երեքը այդ թվականին անցել են եկեղեցու տնօրինության տակ: Այն ժամանակ Արարատյան թեմի Հայրապետական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը (այսօր` կաթողիկոս Գարեգին Երկրորդը) մտածեց, որ պիոներպալատները կարելի է վերածել հայորդաց տների: Կաթողիկոսի կարծիքով, կոմունիստական դաստիարակությունն այլեւս չէր սպառնում մեր երեխաներին, բայց դրա փոխարեն պետք էր քրիստոնեական դաստիարակություն ուսանել` շեշտը դնելով ազգային ուղղվածություն ունեցող դասընթացների վրա: – Որո՞նք են ազգային ուղղվածության դասընթացները: – Ազգագրական երգի-պարի դասընթացները, նկարչությունը, գորգագործությունը, քանդակագործությունը եւ այլն: – Իսկ քանի՞ երեխա է հաճախում ազգային ուղղվածություն ունեցող դասընթացներին: – Այսօր շուրջ 2500-2700 սովորող կա: – Իսկ վճարու՞մ են երեխաները, թե՞ ոչ: – Ոչ միշտ է վճարովի: Կան խմբեր, որոնք ամբողջությամբ անվճար են եւ կան խմբեր, որոնց հաճախորդների 20 տոկոսն անվճար է սովորում: Նրանք զոհված ազատամարտիկների երեխաներն են, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնք տեղեկանք են ներկայացնում համայնքների սոցիալական ծառայություններից: Վճարովի ասվածն էլ սիմվոլիկ է: Այլ կարգի ուսումնական հաստատություններում, ասենք՝ նկուղում, երգ ու պար են պարապում եւ իրենց մեկ ամսվա վարձն այստեղ 6 ամսվա վարձին է հավասար: – Իսկ 6 ամսվա համար ինչքա՞ն են վճարում երեխաները: – Դե, ասենք, 6 ամիսը 3 հազար, 5 հազար դրամ է: Պարային, սպորտային խմբերը 5 հազար դրամ են: – Իսկ պատահու՞մ է այնպես, որ երեխաներով զբաղվող հասարակական կազմակերպություններն իրենց ծառայություններն առաջարկեն ձեզ, ասենք առաջարկեն դառնալ հայորդաց տան մասնաճյուղ: – Մեզ աջակցության հարցով դիմել են մի շարք մարզկենտրոնների մանկապատանեկան ստեղծագործական տներ: Սակայն մեր ենթակայության տակ մտնելու առաջարկություն չի եղել: Մենք ինքներս ենք բարեգործական ծրագրեր իրականացնում: Օրինակ, կաթողիկոսն ամեն տարի ամանորին հայորդաց տների միջոցով 10 հազար նվեր է բաժանում երեխաներին: Մենք ներառում են գիշերօթիկներ, մանկատներ, մանկական հիվանդանոցներ: Իսկ նվերները հանձնում ենք միջոցառումների ժամանակ: Ի դեպ, կաթողիկոսն արդեն փոխանցել է նվերներ ձեռքբերելու համար անհրաժեշտ գումարը: – Իսկ որտեղի՞ց է ձեր ֆինանսավորումը: Պետությունը մասնակցություն ունի՞ դրանում: – Մեզ եկեղեցին է ֆինանսավորում եւ պետությունը դրանում մասնակցություն չունի: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել