Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴԱՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԻԳ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ

Դեկտեմբեր 18,2002 00:00

ՍԱԴԱՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԻԳ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ Պաշտոնական Բաղդադը ՄԱԿ-ին է ներկայացրել սպառազինությունների իր պաշարների վերաբերյալ հռչակագիրը։ Այն հավաստում է, թե Իրաքը զանգվածային բնաջնջման զենք չունի։ Թեեւ, ըստ փաստաթղթի, երկրում առկա են այնպիսի նյութեր ու սարքավորումներ, որոնք երկակի նշանակություն ունեն. այսինքն՝ կարող են օգտագործվել ինչպես ռազմարդյունաբերությունում (այդ թվում՝ զանգվածային բնաջնջման զենքերի արտադրությունում), այնպես էլ քաղաքացիական արտադրությունում։ ՄԱԿ-ի ռազմական տեսչության ղեկավար Հանս Բլիքսը հայտարարել է, որ ժամանակ է պահանջվելու Իրաքի ներկայացրած հռչակագիրն ուսումնասիրել, ապա նոր միայն հրապարակել։ Ու մինչ միջազգային փորձագետները կուսումնասիրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով պահանջված սպառազինությունների վերաբերյալ հռչակագիրը եւ կտան իրենց եզրակացությունը, որից էապես պայմանավորված են Իրաքի դեմ հնարավոր ռազմական գործողությունները, Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը եւս մի դիվանագիտական քայլ է ձեռնարկել. երկրի հեռուստատեսությամբ ընթերցվել է նրա կոչը Քուվեյթի ժողովրդին։ Պարսից ծոցի պատերազմից ի վեր առաջին անգամ Սադամ Հուսեյնը Քուվեյթից ներողություն է խնդրել ագրեսիայի համար եւ կոչ է արել այդ երկրին համատեղ պայքարել ընդդեմ «ամերիկյան դավադրության»։ Ի՞նչ արձագանք կունենա Սադամի կոչը ԱՄՆ-ի վարչակազմի շրջանակներում։ Եթե խոսքը Ջորջ Բուշի եւ Սպիտակ տան դիրքորոշման մասին է, ապա չենք կարող չնշել, որ նրանց վերաբերմունքը Իրաքի ղեկավարի նկատմամբ ձեւավորված է եւ հազիվ թե փոխվի։ Նրանք չեն հավատում Հուսեյնին, համարում են հանցագործ եւ ամեն ինչ անելու են, որպեսզի նրան կամ չեզոքացնեն, կամ էլ նրա թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ազդեցությունը հասցնեն նվազագույնի։ Իրաքի ղեկավարի դիմումը որոշ առումով կարող է որոշակի արձագանք ունենալ ամերիկյան հասարակայնության շրջանում, ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ հասարակական կարծիքի վրա ազդի դրականորեն։ Թեպետ, միանգամայն հնարավոր է, որ ոմանք դա, այնուամենայնիվ, համարեն կառուցողական։ Որովհետեւ, ակնհայտ է, որ Հուսեյնը Քուվեյթից ներողություն խնդրելու բավական երկար ժամանակ ուներ (1991 թվականից ի վեր), սակայն դա անում է միայն հիմա՝ ռազմական ուղղակի սպառնալիքի ճնշմամբ։ Ըստ որում, չի էլ բարեհաճել անձամբ ելույթ ունենալ էկրանից, այլ հաղորդել է տեքստը, որն ընթերցվել է։ Հուսեյնի քայլի նպատակը դժվար չէ կռահել։ Նա փորձում է իր կողմը շահել արաբական երկրների բնակչության մեծամասնության համակրանքը։ Բանն այն է, որ այդ երկրներից շատերում առկա են հակաամերիկյան տրամադրություններ՝ հակառակ այդ երկրների քաղաքական վերնախավում տիրող տրամադրություններին։ Ու այդ երկրներից ոմանց ղեկավարությունն այս կամ այն կերպ համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Սադամի վարչակարգը վերացնելու գործում։ Մինչդեռ այդ պետությունների բնակչության վերաբերմունքն ամերիկացիների նկատմամբ միանշանակ չէ։ Հուսեյնին հազիվ թե հաջողվի իր կողմը գրավել արաբական աշխարհի քաղաքական գործիչներին, թեեւ հայտարարում է, թե պաշտպանում է պաղեստինցիների շահերը, փորձում է շահարկել նույնիսկ «մահմեդական խաղաթուղթը»։ Բայց բանն էլ հենց այն է, որ նա նախկինում երբեք չի արտահայտվել իբրեւ պաղեստինցիների կողմնակից, հանդես չի եկել որպես մահմեդականների կրոնական իրավունքների ջատագով։ Ու եթե նա այդ փաստարկներն այսօր ցանկանում է օգտագործել, ապա դժվար թե հաջողվի նպատակին հասնել։ Պարզապես Սադամ Հուսեյնի հույսը արաբական աշխարհի հասարակությանը սիրաշահելն է։ Արաբների մեծ մասը հանդես է գալիս տարածաշրջանում ռազմական ցանկացած միջամտության դեմ, դեմ է օտարերկրյա, եւ առաջին հերթին՝ ամերիկյան, ուժերի ներկայությանը։ Հենց սա է նրա միակ հույսը, որ, մեղմ ասած, բավական վերացական ու մշուշոտ է։ Զ. ԱՀԱՐՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել