Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

Դեկտեմբեր 18,2002 00:00

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր Ինչպես եւ ենթադրում էինք («Առավոտ», թիվ 217 եւ 222) ԱՄՆ-ի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները զարգանում են Թումանյանի «Գայլն ու գառը» առակի սցենարով։ Ինչ էլ չանի Իրաքը, պատերազմը, միեւնույն է, անխուսափելի է։ ԱՄՆ-ի ռազմական մեքենան հզոր թափ է հավաքել եւ ողջ աշխարհի երկրները ի զորու չեն այն կանգնեցնել։ Չնայած, բոլորն էլ քաջ գիտակցում են, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը հիմնավորված չէ (տես հոդվածի վերնագիրը)։ Տեղին է եւս մեկ մեջբերում՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Արդեն բավական ժամանակ է, որ ՄԱԿ-ի տեսուչները ստուգումներ են անցկացնում Իրաքի ռազմական օբյեկտներում։ Առայժմ ոչ մի արդյունք։ Մասնագետները պնդում են, որ ստուգման է ենթակա մոտ ութ հարյուր ռազմական գործարան կամ պահեստ եւ որ դրա համար մի քանի ամիս կպահանջվի, սակայն ԱՄՆ-ն այդքան երկար սպասել չի ուզում։ Նա առանց ապացույցների էլ համոզված է, որ Իրաքը մեղավոր է եւ խախտում է ՄԱԿ-ի բանաձեւերը։ Ուստի հնարվել է մի այլ, ոչ այնքան «գայլային», որքան ստալինյան տարբերակ՝ Իրաքն ինքը պետք է ապացուցի, որ մասսայական ոչնչացման սպառազինություն չունի։ Նման փաստաթուղթ, 12 հազար էջից բաղկացած (այն էլ՝ արաբերեն), արդեն ներկայացվել է ՄԱԿ-ին։ Բայց, չգիտես ինչու, Իրաքի հաշվետվությունը հայտնվել է ԱՄՆ-ի մասնագետների ձեռքում, իսկ տեսուչների ղեկավար Հանս Բլիքսը հայտարարում է, որ ԱՄՆ-ն առաջինը կարծիք կհայտնի Իրաքի ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ։ Իսկ ինչ կխանգարի այս իրավիճակում ԱՄՆ-ի հմուտ մասնագետներին, օրինակ, փոխել մի քանի էջ եւ այնուհետեւ մեղադրել Իրաքին կոպիտ խախտումների մեջ։ Գրիբոյեդովի խոսքերով՝ «Իսկ դատավորները ովքե՞ր են»։ Այսպիսով, հայտնի է, որ ամերիկյան ինքնաթիռները արդեն վաղուց է, որ ռմբակոծում են Իրաքի հարավային շրջանները, միաժամանակ վերջինին մեղադրելով, որ նա գնդակոծում է ամերիկյան ինքնաթիռները՝ դրանով իսկ խախտելով ՄԱԿ-ի բանաձեւը։ Իրաքը անընդհատ նամակներ է հղում ՄԱԿ-ին, պարզաբանելով, որ ԱՄՆ-ի ինքնաթիռները ոչ մի գործ չունեն Իրաքի օդային տարածքում եւ որ նման գործողությունները հենց ահաբեկչություն են։ Իսկ ինչո՞ւ չէ։ (Մի պահ պատկերացնենք, որ Իրաքի ինքնաթիռներն են ինչ-ինչ պատճառներով ռմբակոծում ԱՄՆ-ի տարածքը)։ Սակայն լսողն ով է։ Ռուսաստանը, իհարկե, փորձում է շտկել դրությունը, բայց նրան առայժմ քիչ բան է հաջողվում։ ՌԴ-ի հայտարարությունները հաճախ ուղղակի անտեսվում են ԱՄՆ-ի կողմից։ Առաջ Գերմանիան կողմ չէր Իրաքի հետ պատերազմին, բայց վերջերս (հավանաբար՝ ԱՄՆ-ի կողմից գործադրած ճնշումից հետո) խոստանում է ամենայն աջակցություն, ռազմական բազաների տրամադրում, իսկ Իսրայելին՝ տրամադրել «Պատրիոտ» տիպի հրթիռներ։ Ավստրալիայի կառավարությունը նույնպես խոստանում է ԱՄՆ-ին աջակցություն, չնայած, որ իր երկրում տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր՝ ընդդեմ Իրաքի հանդեպ պատերազմական գործողությունների։ Ցույցերի մասնակիցները համարում են, որ ԱՄՆ-ին հետաքրքրում է ոչ թե ահաբեկչության դեմ պայքարը, այլ իրաքյան նավթը։ Թուրքիան եւ Կատարը ԱՄՆ-ին համաձայնել են տրամադրել իրենց ռազմական բազաները։ ԱՄՆ-ին հենց դա է պետք, որ մի քանի երկիր հայտարարեն իրենց աջակցության մասին Իրաքի դեմ նախապատրաստվող պատերազմի հարցում։ Մնացածը կարող է եւ դեմ լինի՝ դա արդեն էական չէ։ Ռազմական մասնագետների մեծ մասը համոզված է, որ պատերազմը անպայման լինելու է եւ կսկսվի 2003թ. հունվարին կամ փետրվարին։ Իհարկե՝ զինվորականներին պետք է հնարավորություն տալ հանգիստ ճաշակել ամանորի հնդուհավը։ ԱՄՆ-ին չի կանգնեցնում նույնիսկ այն, որ Իրաքը իսկապես կարող է մասսայական ոչնչացման զենք ունենալ եւ ինչ-որ պայմաններում փորձի այն գործի դնել։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ դեպքում ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում Իրաքի դեմ օգտագործել միջուկային զենք։ Եվ բոլորովին կարեւոր չէ, թե ինչով կվերջանան տեսչական ստուգումները։ Վերջիվերջո՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ Հ. Գ. Փորձագետների մի մասն արդեն հայտարարել է, որ Իրաքի պատրաստած հաշվետվությունը «բավարար չէ» (հետաքրքիր է, թե ինչպե՞ս հասցրին մի քանի օրում կարդալ 12 հազար էջ)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել