Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՏԵՂ ԿՅԱՆՔ՝ ԶԱԳՍ-Ի ՀԵՏ

Դեկտեմբեր 18,2002 00:00

ՀԱՄԱՏԵՂ ԿՅԱՆՔ՝ ԶԱԳՍ-Ի ՀԵՏ Դատարանից «ամուսնալուծված» ԴԱՀԿ-ն «տուն ստացավ» Մինչ երկրում լայն թափով ծաղկում է ապրում դղյակաշինությունը, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մարզկենտրոն Վանաձորում արդեն 14 տարի է՝ տնակներում է։ Հիշեցնենք, որ դատարանի՝ երկրաշարժից տուժած շենքն սկսել էր նորոգվել 1998թ. հոկտեմբերին, սակայն, թերեւս ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շինարարությունը ընդհատվեց։ Դատարանի՝ կիսանորոգ-կիսաքանդ շենքի մոտ 1998թ. բնակեցված դատական ակտերի հարկադիր կատարման Լոռու մարզային բաժանմունքը (որն, ըստ էության, նախկին կատարածուների համակարգի իրավահաջորդն է՝ դատական բարեփոխումների արդյունքում դատարանից «ամուսնալուծված») օրերս տեղափոխվեց տնակներից եւ այժմ գտնվում է քաղաքի հեռավոր թաղամասերից մեկում՝ Ամիրյան 10 հասցեում գտնվող թիվ 4 համաբուժարանի 1-ին հարկում։ Դժվար չէ պատկերացնել, որ «դատարանում գործ ունեցող» քաղաքացիներն այսուհետեւ էլ ավելի մեծ տրանսպորտային դժվարություններ կկրեն՝ դատարան-ԴԱՀԿ ճանապարհին։ Չէ՞ որ դատարաններն այժմ վճիռները կայացնում եւ, եթե դրանք հարկադիր կատարման ենթակա են, տալիս են քաղաքացի-հայցվորների ձեռքն ու ճանապարհում ԴԱՀԿ ծառայություն։ Իսկ դատարանը շարունակում է «ծվարել» մեկ այլ՝ ԴԱՀԿ-ից հեռու վայրում. Զորավար Անդրանիկի 2 հասցեում գտնվող քաղկացության ակտերի գրանցման (նույն ինքը՝ ԶԱԳՍ) միահարկ շենքի հարեւանությամբ գտնվող տնակներում (5 դատավորներից 2-ը միայն աշխատում են ԶԱԳՍ-ի շենքում՝ այլ մուտքով)։ Վերջին մեկ տարվա ընթացքում միակ առաջընթացը Վանաձոր նստավայրում, թերեւս, այն է, որ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը սկսեցին կայանալ Սպայի տան դահլիճներում, սակայն այդ շենքում էլ, սկսած ամառվանից, շինարարական աշխատանքներ են տարվում, ուստի առայժմ դատավարությունների համար որպես դահլիճ ծառայում է «հարմարեցված» լայնարձակ նախասրահը, որը չի ջեռուցվում, որի հետեւանքների մասին խոսելն ավելորդ է։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել