Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ

Դեկտեմբեր 18,2002 00:00

Նոր զարգացումներ Անցած շաբաթ տեղի ունեցավ իրադարձություն, որ կարող է տարածաշրջանային հետաքրքիր զարգացում ունենալ։ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնն առաջին անգամ հրապարակեց Պաղեստինի պետության ստեղծման իր նախագիծը։ Պաղեստինի նոր պետությունն առաջարկվում է ստեղծել՝ ընդգրկելով Հորդանան գետի ձախ ափի եւ Գազայի հատվածները։ Այդ պետության սահմանները նախապես կորոշվեն եկող տարի, իսկ վերջնականապես՝ 2005 թվականին։ Քանի որ Իսրայելի կառավարությունը համաձայն է Պաղեստինի պետության ստեղծմանը, իսկ պաղեստինցիներն էլ դա ուզում են, ապա այդ նախագիծը միանգամայն իրատեսական է։ «Հարցն այն է, որ նոր ստեղծվելիք պետությունը լինի լիովին ապառազմականացված ու վտանգ չներկայացնի Իսրայելի համար»,- նշել է Արիել Շարոնը։ Նա ասել է նաեւ, որ Պաղեստինի օդային տարածքը հսկելու է Իսրայելը, իսկ սահմանն էլ պետք է հսկվի այնպես, որ հնարավոր չլինի ինչպես զենքի, այնպես էլ ահաբեկիչների ներթափանցումը։ Ըստ Շարոնի, Պաղեստինի պետությունը չպետք է իրավունք ունենա ռազմական պայմանագրեր կնքել Իսրայելի նկատմամբ ագրեսիվ տրամադրված երկրների հետ, ինչպես նաեւ իր տարածքում օտարերկրյա զորքեր տեղակայել։ Հանուն արդարության պետք է նշել, ի դեպ, որ Պաղեստինի պետության ստեղծման նախագիծն իրականում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշինն է։ Եվ Իսրայելի վարչապետն արել է սոսկ մի քանի ուղղումներ, որոնք վերաբերում են ապառազմականացմանը։ Իսկ ինչպե՞ս են այդ նախագծին վերաբերում իրենք՝ պաղեստինցիները։ Ձեւականորեն նրանք մերժել կամ առարկել, փաստորեն, չեն կարող։ Որովհետեւ, եթե հիմա պաղեստինցիները վիճարկեն կամ առարկեն, հենց սկզբից ասեն, որ ուզում են բանակ ու սպառազինություն, որը կարող է եւ հարձակողական բնույթի լինել, ապա միանգամից բոլոր հեռանկարները կտապալեն։ Ուստի, այդ պատճառով էլ նրանք սկզբունքորեն ողջունել են Արիել Շարոնի համաձայնությունը, ու ասում են միայն, որ կանցկացվեն բանակցություններ, որոնց ժամանակ էլ կհստակեցվեն մանրամասները։ Այս նախագծի առաջարկումը կարեւոր է այնքանով, որ դա ուղղված է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը եւ տեղի է ունենում Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Իրաքի առնչությամբ հնարավոր զարգացումների պատկերի վրա։ Սա նաեւ սկզբունքային շրջադարձ է հենց Իսրայելի համար էլ, քանի որ այդ երկրի ներսում շատերն են դեմ Պաղեստինի պետության ստեղծմանը։ Օրինակ, դեկտեմբերի 4-ին Իսրայելի հեռուստատեսությամբ անցկացված ինտերակտիվ հարցման մասնակիցների 95 տոկոսը դեմ է Պաղեստինի պետության ստեղծմանը։ Փաստորեն, ակնհայտ է որոշակի տարիմաստություն։ Բնակչությունը, ընդհանուր առմամբ, աջ ուղղվածություն է դրսեւորում, մինչդեռ վարչապետը որոշ չափով «ձախանում է»։ Դեռ բոլորովին վերջերս Պաղեստինի պետության ստեղծման մասին ակնարկում էին միայն Իսրայելի «ձախ» կուսակցությունները։ Այժմ այդ մասին, այն էլ՝ ի լուր աշխարհի, հայտարարում է Շարոնի «աջ» կուսակցությունը։ Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ Իսրայելի քաղաքական շրջանակներում այդ հարցում փոխհամաձայնություն կա։ Զ. ԱՀԱՐՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել