Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի չկատարված որոշումը

Դեկտեմբեր 20,2002 00:00

Քաղաքապետի չկատարված որոշումը Մինչ քաղաքապետը «որոշում» է Երվանդ Քոչարի թիվ 9 շենքի դիմաց «Աֆան» ՍՊԸ-ին պատկանող ապօրինի կառուցվող բենզալցակայանը քանդել ու իր որոշումը գրում սառույցին, ՍՊԸ-ի տնօրեն Նվեր Չախոյանը մի քանի ամիս անց կազմակերպում է փուչիկներով ու ժապավեններով զարդարված իր օբյեկտի հանդիսավոր բացումը։ Մեր երկրում ոչ մի բան այնքան հեշտ չի կատարվում, որքան անօրինականությունը։ Իսկ տուժողների բողոքներն էլ, սովորաբար, ավարտվում են վերջիններիս գլխի տակ փափուկ բարձ դնելով։ Եր. Քոչարի թիվ 9 շենքի բնակիչները մեր թերթում տպագրված «Բենզալցակայանն ու խորովածանոցը՝ կողք կողքի՞» հրապարակմանը Երեւանի քաղաքապետի պատասխանը գնահատեցին իրենց «լռեցնելու եւ ժամանակ շահելու համար» քայլ։ Հիշեցնենք, որ «Աֆան» ՍՊԸ-ն, նշյալ շենքից մոտ 8-10 մ հեռավորությամբ գտնվող տարածքում (որը նրան հատկացվել էր ավտոտեխսպասարկման կայան կառուցելու համար), առանց համապատասխան թույլտվության եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեղում կառուցել է բենզալցման կայան։ Այս առիթով «Առավոտի» հրապարակմանը ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանից, ինչպես նաեւ Կենտրոն թաղապետարանից պատասխանել էին. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Աֆան» ՍՊԸ-ն Եր. Քոչարի թիվ 9 շենքի դիմացի 350 քմ տարածքում, համաձայն քաղաքապետի որոշման, թույլատրված ավտոտեխսպասարկման կայանի փոխարեն կառուցել է բենզալցման կայան, կայացվել է Երեւանի քաղաքապետի թիվ 779 որոշումը՝ նշված կառույցը քանդելու մասին»։ Օրերս մենք կրկին եղանք նույն հասցեում։ Անօրինական կառուցված շինությունը ոչ միայն չէր ապամոնտաժվել (ինչպես քաղաքապետի որոշումն էր պահանջում), այլեւ ներքին ու արտաքին կոսմետիկ հարդարանքներից հետո գործում էր իր ողջ հզորությամբ։ Բնակիչներից տեղեկացանք, որ բողոքների արդյունքում ժամանակավորապես դադարեցվել են շինարարական աշխատանքները, սակայն վերջիններս դա «ընդամենը աչքակապություն» որակեցին, քանի որ որոշ ժամանակ անց տեղի է ունեցել ապօրինի բենզալցակայանի «օրինական» բացումը։ Ի դեպ, շրջապատի համար վտանգ ներկայացնող կառույցի գործունեությունը դադարեցնելու համար թիվ 9 շենքի բնակիչներն այս անգամ դիմել էին ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությանը։ Վերջինս էլ հարցի պարզաբանման նպատակով դիմել է քաղաքապետարան, որտեղից ստացել է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պատասխանը. «Որոշվել է բացառել կառուցված շինությունը բենզալցման կայանի վերափոխելու հնարավորությունը, իսկ ստորգետնյա տարողությունները օգտագործել որպես ռեզերվային ջրի տարողություններ»։ Միաժամանակ պատասխանում նշվում է, որ «Աֆան» ՍՊԸ-ի տնօրինությանը զգուշացվել է, որ կառույցը բենզալցակայանի վերափոխելու դեպքում ուժի մեջ կդրվի Երեւանի քաղաքապետի թիվ 779 որոշումը (կառուցված շինությունը քանդելու մասին)։ Փաստորեն, մեկ տարի շարունակ ձգձգվող խնդիրը նույնիսկ քաղաքապետի «արձակած» որոշումից հետո էլ իր լուծումը չի ստանում։ Սակայն, եթե օրենքը խախտեր հասարակ քաղաքացին, տվյալ որոշումը կկիրառվեր ընդամենը 1 ժամ հետո։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Հնարավորություն չունեցանք քաղաքապետից մեկնաբանություն ստանալ այն հարցի վերաբերյալ, թե ինքն ինչպես է վերաբերվում իր որոշումը չկատարելու այդ փաստին։ Ուստի հարցն ուղղում ենք հրապարակայնորեն՝ ակնկալելով պատասխան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031