Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատի դեֆիցիտ

Դեկտեմբեր 24,2002 00:00

Հավատի դեֆիցիտ «Ուզում եմ աշխատել իրար հավատացող մարդկանց հետ»,- ասում է երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանը։ Նրա աշխատանքներում կա ջերմություն, գույն, շարժում, ասելիքը ճիշտ ու ճաշակով մատուցելու զարմանալի կարողություն։ Վահանը 22 տարեկան է, երեք բեմադրությունների հեղինակ։ Նա ինքը կմտորի, կպատմի իր մասին, իսկ մեզ կմնա ասելու, որ իր բնատուր ձիրքի եւ յուրօրինակ մոտեցման շնորհիվ նա կարողացել է ռեժիսուրայում գտնել այն, ինչը շատ ավելի փորձառու եւ անվանի ռեժիսորներին հաճախ չի հաջողվում։ «Առաջին վառ տպավորություններս կապված են կրկեսի հետ։ Հետո բակում երեխաների հետ փորձում էի ինչ-որ բան անել եւ դա ինձ այնքան գրավեց, որ խնդրեցի ծնողներիս ինձ տրամադրել մեր տան նկուղը, ուր եւ ստեղծեցի իմ թատրոնը։ Հետո սկսեցի հաճախել «Մետրո» թատրոնի ստուդիան։ Ինձ համար ամեն բան որոշված էր այլեւս։ Մեր տանը շատ սիրում են արվեստը (մերոնք բոլորը տեխնիկական կրթություն ունեն), սակայն մտահոգ էին՝ «Ո՞նց ես ապրելու»։ Շնորհակալ եմ՝ հարգեցին իմ ցանկությունը եւ ես ընդունվեցի թատրոնի եւ կինոյի պետինստիտուտ՝ Ն. Ծատուրյանի դասարան։ Առաջին կուրսի վերջում, իմ տան նկուղի թատրոնում, ես մեր կուրսից մի աղջկա եւ քրոջս հետ բեմադրեցի Իոնեսկոյի «Դասը» գործը, ուր եւ հյուր եկան իմ կուրսի ղեկավարը եւ Հենրիկ Իգիթյանը։ Այդ ժամանակվանից Հ. Իգիթյանի հրավերով ես աշխատում եմ Գեղագիտության ազգային կենտրոնում, ուր ինձ վստահված է թատրոն-ստուդիան։ Արդեն 5 տարի է՝ աշխատում եմ երեխաների հետ եւ գտնում եմ, որ շատ կարեւոր անելիք կա։ Երբ ուսանող էի, ինձ բախտ վիճակվեց 6 ամիս Ֆրանսիայում (Փարիզում) լինել «Prunus Armeniea» ներկայացման ասիստենտը։ Այն նվիրված էր Փարաջանովին։ Այնտեղ ես հասկացա, թե ինչ ասել է ուսումնառություն։ Կար դասավանդման կոնկրետ սիստեմ, որը շատ-շատ բան էր տալիս։ Շատ բարձր է պրոֆեսիոնալ մակարդակը, պատասխանատվությունը, մոտեցումը իրենց գործին առաջնային էր։ Մենք, ցավոք, շատ հեռու ենք դրանից։ Մեզ մոտ արվեստի աշխարհում շատ են իրենց վրա կենտրոնացած մարդիկ։ Առնվազն 50 տարով ետ ենք Եվրոպայից։ Այնտեղ էլ, անշուշտ, կան պրոբլեմներ կապված ավելին անելու հետ, սակայն մեզ մոտ չկա մշակութային քաղաքականություն, հասարակությանը դաստիարակելու մշակված ծրագիր, իսկ դրսում կան կառույցներ կամ մարդիկ, որ մտածում են այդ ամենի մասին։ Իմ երկրորդ ներկայացումը դիպլոմային աշխատանք էր։ Արթուր Քոպիտի «Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ»-ը։ Պիեսը հստակ ասելիք ունի, թեման վաղուց էր ինձ հուզում՝ ինձ համար անընդունելի է այն, որ մարդիկ նույնիսկ լավ բան ցանկանալով էլ ճնշում են միմյանց։ Չեմ ընդունում, երբ թեկուզ սիրելով, խեղդում են։ Հաջորդ ներկայացումը Մռոժեկի «Տունը սահմանի վրա» պիեսն էր։ Այստեղ նույնպես ասելիքը արդիական է։ Դա պատմություն է մի երջանիկ ընտանիքի մասին, ուր հանկարծ ներխուժում են մարդիկ եւ հայտնում, որ տունը գտնվում է երկու պետությունների սահմանի վրա եւ միջամտում բնակիչների անձնական կյանքին, թելադրելով, թե ով ինչպես պիտի ապրի։ Դա այսօր լուրջ պրոբլեմ է՝ մարդու անձնականի սահմաններին ոչ ոք իրավունք չունի մոտենալու։ Այժմ մտածում եմ «Մակբեթի» մասին։ Ինչ-որ բան անհանգստացնում է ինձ ու մղում է դեպի Շեքսպիրը։ Կյանքում ինձ համար կարեւորը հավատը չկորցնելն է։ Ես վախենում եմ, երբ տեսնում եմ, որ այն բաներին, որոնց ես հավատացել եմ՝ երերում են։ Մարդիկ են դրանք, թե արժեքներ՝ էական չէ, բայց ինձ համար կայունությունը շատ կարեւոր է։ Ես չեմ հավատում, երբ ասում են, թե արվեստը կվերափոխի մարդկանց, ու նրանք ավելի բարի կդառնան։ Մեր հասարակության համար գլխապտույտ ինֆորմացիայով հագեցած այս ժամանակներում՝ դա ուտոպիա է»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել