Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱԾԱՌԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Դեկտեմբեր 26,2002 00:00

ՏՈՆԱԾԱՌԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է Ամանորյա միջոցառումները լավագույն առիթն են Երեւանի քաղաքապետարանի ու թաղապետարանների համար, որպեսզի նրանք տոնը հավուր պատշաճի նշելու նպատակով՝ ըստ ճաշակ ու ախորժակի գումար ծախսեն։ Տարեցտարի տոնակատարությունների համար «պահանջվող» գումարի չափերն ավելանում են, իսկ 2002 թվականը այս առումով բացառություն չէ։ Հին թաղապետերը փորձում են հիմնավորել, թե նախորդ տարիների համեմատ որքան լավ են աշխատում, նորանշանակները՝ առատաձեռնությամբ գերազանցել նախորդներին։ Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանին, ապա այն ուղղակի «գժվում» է երեւանցիների համար։ Դրանից դրդված էլ որդեգրել է «Տոների քաղաք Երեւանս» կարգախոսը։ Նույնիսկ տոնական օրերին խոստանում է ուրախ եւ երջանիկ երեւանցիներին անվճար լուսանկարվելու ու նվերների հնարավորություն ընձեռել։ Սակայն, ինչպես սովորաբար պատահում է նման դեպքերում, այս անգամ էլ բախտը բոլորին չի ժպտա։ Նվերներ կստանան միայն 100-150 հոգի ու դրանում Ձմեռ պապը հաստատ մեղավոր չի լինի՝ քաղաքապետարանից այդպես է կարգադրված։ Հանրապետության հրապարակում տեղադրված Մայր տոնածառը, ըստ քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Ա. Սահակյանի, ավելի շքեղ է լինելու։ Եվ դա ամենեւին էլ պատահական չէ, այս ամանորը տարբերվում է նախորդներից՝ նախընտրական է։ Իսկ ամանորյա բոլոր միջոցառումներին կմասնակցեն հանրապետական ու քաղաքային իշխանությունները, որպեսզի ոչ միայն ամփոփեն 2002-ին Հայաստանում արձանագրված բազում հաջողություններն ու առաջընթացները, այլեւ ազդարարեն «վերածնված» Հայաստանի մուտքը 2003 թ.։ Երեւանի մի քանի թաղային համայնքների աշխատակիցների՝ շրջանում անցկացրած փոքրիկ հարցման միջոցով փորձել ենք պարզել, թե ինչպես են վերջիններս նախապատրաստվում նոր տարվան եւ ինչ անակնկալներ են սպասվում նրանց համայնքների բնակիչներին Ամանորի առթիվ։ Նոր Նորքում, ըստ կրթության եւ մշակույթի բաժնի աշխատակից Վահագն Խաչատրյանի, արտառոց ոչինչ չի լինի՝ միջոցառումներ նույն սցենարով, ինչպես մյուս համայնքներում։ Այստեղ, սակայն, տոնածառի համար ավելորդ գումար չեն ծախսի, կբավարարվեն թաղապետարանի բակում տնկված մեծ եղեւնին զարդարելով։ Արաբկիրի թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Մելքոնյանից տեղեկացանք, որ ամանորի միջոցառումներն այստեղ սկսվում են դեկտեմբերի 27-ից։ Տոնածառը զարդարելու են մանկապարտեզների սաները եւ յուրաքանչյուր մանկապարտեզ հանդես է գալու մեկական երաժշտական համարով։ Թաղապետը համայնքային ենթակայությամբ գործող 13 մանկապարտեզների իբրեւ անակնկալ թանկարժեք նվերներ է հանձնելու, այնուհետեւ երեխաների ցանկություններով «ծանրաբեռնված» օդապարիկ է բաց թողնվելու, որը վայրէջք կկատարի 3 օր անց։ Իսկ օդապարիկի վայրէջքին ականատես արաբկիրցին դրանից կախված զամբյուղում անպայման քաղցրավենիք ու կոնֆետ է գտնելու։ Երիտասարդության համար եւս համերգ կկազմակերպվի, որին կմասնակցեն Նունե Եսայանը, Ալլա Լեւոնյանը, Աիդա Սարգսյանը, երգի-պարի համույթներ, հումորիստներ։ Շենգավիթի թաղապետարանի քարտուղար Արբակ Աբրահամյանից տեղեկացանք, որ բոլոր նախադպրոցական հիմնարկներում արդեն սկսվել են տոնածառի հանդեսները։ Երեկ ցերեկույթ կար «Մետրո» թատրոնում՝ հաշմանդամ, իսկ այսօր՝ զոհված ազատամարտիկների երեխաների համար։ Դեկտեմբերի 28-ին Շենգավիթի թաղապետը կհանդիպի զոհված ազատամարտիկների ընտանիքների, իսկ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ Շենգավիթում «տեղակայված» կուսակցությունների տարածքային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Արդեն տոնածառի «կմախքը» կազմող ձողը տնկված է, սակայն, ըստ Ա. Աբրահամյանի, ծառեր ձեռք բերելու խնդիրը դեռեւս լուծված չէ։ Արհեստական տոնածառը խիստ թանկ արժե, իսկ մեծ տոնածառ ստանալու համար բնական 150-200 ծառ է հարկավոր։ Քանաքեռ-Զեյթունի թաղապետն էլ տպագրել է 10.000 օրինակ ուղերձ- բարեմաղթանքներ՝ ուղղված իր համայնքի բնակչությանը, որը նրանք կստանան բառացիորեն յուրաքանչյուր քայլափոխի՝ առեւտուր անելիս, խանութ մտնելիս, հոսանքի կամ հեռախոսի վարձ մուծելիս եւ այլն։ Ի դեպ, այս համայնքում միանգամից 3 «մայր» տոնածառ է դրվել, որոնցից մեկը՝ Մինաս Ավետիսյանի անվան նորաբաց պուրակում։ Դեկտեմբերի 30-ից Քանաքեռ -Զեյթունում կսկսվեն տոնական հանդեսները, թաղապետը նվերներ կհանձնի սոցիալապես անապահով եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Իսկ համայնքի 13 բնակիչ հատուկ ուշադրության կարժանանա, քանի որ նրանց վիճակված է թաղապետի նման կնքահայր ունենալ։ Ըստ Ռաֆիկ Մարտիրոսյանի, Մալաթիա-Սեբաստիայում միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 26-ից։ Թաղապետարանը կփորձի ուրախացնել 4-րդ գյուղի ծերանոցի տարեցներին, ուր կայցելի նաեւ հանրապետության առաջին տիկինը։ Այստեղ եւս ամանորի տոների առիթով կհիշեն զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու դարձյալ մի քանի հազարական դրամ գումար կբախշեն։ Էրեբունու թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գոհար Գրիգորյանից տեղեկացանք, որ Էրեբունի համայնքում էլ միանգամից 3 տոնածառ կզարդարվի։ Իսկ Ձմեռ պապիկները Ձյունանուշների հետ նվերներ կբաժանեն զոհված ազատամարտիկների երեխաներին։ Նվերներ կստանան նաեւ իրենք՝ թաղապետարանի աշխատակիցները։ Ավան համայնքի բնակիչների համար կրթության եւ մշակույթի բաժնի պետ Վոլոդյա Բարսեղյանը եւս ծավալուն ծրագրով ճոխ միջոցառում է խոստանում։ Կլինեն համերգ, դիսկոտեկ, նաեւ՝ տոնական տորթ։ Ինչպես եւ սպասվում էր, թաղապետարաններում չցանկացան հայտնել տոնակատարության համար նախատեսված գումարների չափը։ Միայն մի աշխատակից անկեղծացավ, թե կես միլիոն դրամից ավելի կծախսեն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել