Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ

Մարտ 27,2003 00:00

ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ «Քրեական» ճամբարները չկոտրեցին նրան «Կարծում եմ՝ շուտով ինձ կձերբակալեն: Ընկերներիս հետ ստեղծել եմ մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան խումբ: ԽՍՀՄ-ում նմանատիպ խմբերի գործունեությունը օրենքից դուրս է եւ այդ խմբերի անդամները գտնվում են ճամբարներում: Ստեղծելով այդ խումբը՝ ես իմ առաջ դրել եմ երկու խնդիր. իմ երկրում ազատության տանող առաջին քայլն անել: Այդ խնդիրը ես իրականացրել եմ: Երկրորդ` հասնել Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի ԻԽՍՀ-ի, Ախալցխայի եւ Ախալքալաքի վերամիավորմանը Հայաստանին: Այս խնդիրը չիրականացվեց: Հայտարարում եմ. ցանկացած մեղադրանք, որ կհարուցվի իմ դեմ, կեղծ կլինի եւ ես այն չեմ ընդունում»: Էդուարդ Հարությունյանն այս տողերը գրել է ձերբակալվելուց երկու շաբաթ առաջ: Էդուարդ Հարությունյանը ծնվել է 1926թ., ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է Բաքվի ժողտնտեսության ինստիտուտը եւ աշխատանքի նշանակվել Երեւանում: 1961թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում: Աշխատանքի է ընդունվել Երեւանի պլանավորման եւ նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտում` որպես բաժնի վարիչ: 1967թ. նա հեռացվել է աշխատանքից: Հրամանի մեջ գրված է. «Ազատել աշխատանքից որպես հոգեկան հիվանդի»: 1972թ. իր իրավունքները պաշտպանելու համար նա Մոսկվայում մտնում է Անգլիայի դեսպանատուն, խնդրում իրեն օգնել: Այդ քայլի համար ՊԱԿ-ի աշխատակիցները նրան տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ պահում են 22 օր: Երբ մայրը երդվում է որդուն չազատելու դեպքում իրեն ողջակիզել Կարմիր հրապարակում` Լենինի դամբարանի մոտ, ազատում են: 1976թ. Էդուարդը Երեւանում ստեղծում է «Հելսինկյան հայկական խումբը»: Խմբում երեքն էին` Հարությունյան Էդուարդը, Նազարյան Ռոբերտը, Հարությունյան Շահենը, այնուհետեւ նրանց միացավ Խլղաթյան Համբարձումը: 28.12.78թ. խմբի 4 անդամների բնակարանները խուզարկվեցին եւ 4-ն էլ ձերբակալվեցին: Է. Հարությունյանին եւ Հ. Խլղաթյանին ազատ արձակեցին: Նրանց զգուշացրել էին, որ քաղաքից չբացակայեն: Հարությունյան Շահենը դատապարտվեց ազատազրկման` երեք տարի ժամանակով, Նազարյան Ռոբերտը` 5 տարի ժամանակով: Խլղաթյանը արտասահման մեկնելու թույլտվություն ստացավ: Էդուարդ Հարությունյանի լուսանկարները փակցրել էին օդանավակայանում, որպեսզի նրան քաղաքից դուրս գալու դեպքում ձերբակալեն: Շուտով Մոսկվայում Է. Հարությունյանին ձերբակալեցին որպես «գող-կրկնահանցագործի»: 1980թ. մարտի 10-ին ՀՍՍՀ գերագույն դատարանը 206-պրիմ հոդվածով` 2 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման դատապարտեց Է.Հարությունյանին: Ազատվելուց հետո նա շարունակեց իր գործունեությունը եւ մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց: 1983թ. հունիսի 6-ին, Երեւանում դռնբաց դատական նիստում քննվեց մի քրեական գործ: ՀՍՍՀ քր. օր-ի 206 առաջին հոդվածով մեղադրվում էին խմբի երեք անդամները` է. Հարությունյանը, Ռաֆայել Օհանյանը եւ Սիրվարդ Ավագյանը։ Մեջբերենք դատավճռի այն հատվածը, որի համար մեղադրվում էր Է. Հարությունյանը. «Նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված տվյալներով դատական կոլեգիան հիմնավորված է համարել հետեւյալը. Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը դեռեւս 1976թ. ինքնակամորեն ներկայանալով որպես գոյություն չունեցող այսպես կոչված «Հելսինկյան հայկական խմբի» նախագահ, զբաղվել է սովետական, պետական եւ հասարակական կարգերի դեմ ուղղված ակնհայտ զրպարտություն պարունակող ստեղծագործությունների հրատարակությամբ, ինչպես նաեւ տարածելու նպատակով համանման նյութեր հավաքելով տարբեր անձանցից, որի համար էլ 1980թ.մարտին ՀՍՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի կողմից դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով: Ամբաստանյալ Հարությունյանը երկու օրինակից կազմված եւ «Խնդրագիր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» եւ «Հայ եկեղեցու դիմումը ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը» վերնագրեր կրող մեքենագիր տեքստերում ներկայացել է որպես «Մարդու իրավունքների պաշտպանության սովետական կոմիտեի անդամ» եւ խնդրել Վազգեն Առաջինին դիմել «սովետական կառավարությանը բոլոր հայ քաղբանտարկյալներին կալանավայրերից եւ հոգեբուժական հիվանդանոցներից ազատելու» պահանջով: Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը 1982թ. ընթացքում կազմել է 71 թերթանոց անվերնագիր ձեռագիր տեքստ, որի մի մասը տարածելու նպատակով բազմացրել է 4 օրինակից: Նշված տեքստը նույնպես պարունակում է խորհրդային պետական եւ հասարակական կարգը պախարակող բամբասանքներ: Ամբաստանյալ Հարությունյանը թշնամանք եւ բամբասանք է տարածել նաեւ խորհրդային պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ` հայտարարելով, որ «ԽՍՀՄ-ը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրագործել է տարածքային բռնազավթումներ, մասնավորապես Լատվիայի, Էստոնիայի, Մոլդովայի նկատմամբ», «օկուպացրել է Չեխոսլովակիան, Լաոսը, Կամպուչիան, ճնշել ապստամբությունները Լեհաստանում եւ Հունգարիայում»: Ամբաստանյալ Հարությունյանը առաջ է քաշել անհիմն մեղադրանքներ խորհրդային պետության կողմից կիրառվող «ազգային խտրականության վերաբերյալ` պնդելով, որ իբր «խորհրդային կառավարությունը վերացրել է Կալմիկական, Չեչենո-Ինգուշական ինքնավար հանրապետությունները, ինչպես նաեւ մի շարք այլ ինքնավար սոցիալիստական հանրապետություններ, որոնց տարածքներից վտարելով բնիկ ժողովուրդներին, դրանք բնակեցրել է ռուս գյուղացիներով»: Հարությունյանի հանցանքը հիմնավորված է իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերի ուսումնասիրության արձանագրությամբ, դատաձեռագրային փորձաքննությամբ եւ գործով ձեռք բերված այլ տվյալներով: Պատիժ սահմանելիս դատական կոլեգիան հաշվի է առնում հանցագործության հանրային վտանգավորությունը, հանցագործների անձը, այն, որ երեքն էլ նախկինում դատված են եղել եւ բացառապես բացասական են բնութագրվում: ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան վճռեց` «Ամբաստանյալ Էդուարդ Բագրատի Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀԽՍՀ քր. օր-ի 206-ի առաջին հոդվածով եւ դատապարտել նրան ազատազրկման երեք տարի ժամանակով, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում»: Երկրի «առաջավոր» քրեական ճամբարներով սկսվեց Էդուարդ Հարությունյանի «շրջագայությունը»: Էտապների, մեկուսարանների անտանելի պայմանները լրիվ քայքայեցին նրա առողջությունը: Նա հիվանդացավ քաղցկեղով: Դեռեւս Հայաստանում, ՊԱԿ-ի մեկուսարանում, ԽՍՀՄ ՆԳՄ-ին տեղեկացրեց, որ «ով իրեն` ծանր հիվանդին, էտապով ուղարկի Սիբիր, նա ինքն իրեն կկնքի որպես պրոֆեսիոնալ մարդասպան»: Բժիշկներն արդեն գիտեին, որ Էդուարդը դատապարտված է մահվան: Վիրահատությունը ոչինչ չտվեց: Արդեն ուշ էր, մահաբեր հիվանդությունը տարածվել էր օրգանիզմում: Ըստ գործող օրենսդրության` հիվանդանոցում պարտավոր էին միջնորդել եւ ազատել կալանքից: Բայց արվեց հակառակը. մահամերձ վիճակում գտնվող Հարությունյանին, որպես պատիժ, հիվանդանոցից ուղարկեցին ճամբար: Առիթն այն էր, որ նա պահանջել էր իրեն թույլ տալ օգնության համար դիմել ՄԱԿ-ին: Իմանալով, որ բանտարկյալին օրերի կյանք է մնացել, ազատ են արձակում: 1984թ. դեկտեմբերի 5-ին, ազատվելուց 12 օր հետո, Երեւանում 58 տարեկան հասակում վախճանվեց Էդուարդ Հարությունյանը: Աճյունը, իր խնդրանքի համաձայն, հողին հանձնվեց Թալիշ գյուղում: Ֆրանսիայի հասարակայնությունը իր հաշվին տապանաքար դրեց` «Արտասահմանյան բարեկամներից» մակագրությամբ: Սակայն նրա գերեզմանն իսկ պղծվեց իշխանությունների կողմից: Երկու շաբաթ անց իշխանությունները ստիպեցին հանել տապանաքարը, ջարդեցին այն եւ հուշարձանի վրայից ջնջվեց «բազմաչարչար» բառը: Միակ մարդը, որը մինչեւ վերջին պահը չլքեց Էդուարդին, քույրն էր` Սիլվան: Ահա մի քանի պատառիկ քրոջը գրած նրա նամակներից: «Սիրելի Սիլվա, շատ վատ եմ զգում, հարցրու բժշկին, թե ինչ պետք է անել, որպեսզի ես այստեղ չմեռնեմ, տուն վերադառնամ եւ մեռնեմ իմ պապի տանը՝ Թալիշում»: «Թանկագին Սիլվա, քույրս, տար ինձ այստեղից: Դիակս տանելը հազարներ կնստի: Մերոնց այս մասին ոչինչ մի ասա։ Գիտեմ, թե ինչու հանձնաժողովի անդամները չեն ուզում ինձ «բաց թողնել», որպեսզի բուժվելու ոչ մի հնարավորություն չլինի։ Սարսափելի ցավեր ունեմ, ցավում է ստամոքսս, ոսկորներս, խոսել անգամ չեմ ուզում»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել