«Դասարանում ամեն օր ձեռք եմ բարձրացնում, բայց գնահատական ստանում եմ միայն թեստից հետո»։ Այսպիսի փորձով կիսվում են աշակերտները Հայաստանի տարբեր դպրոցներից։ Հանրակրթական համակարգում ուժի մեջ մտած սովորողների գնահատման նոր չափանիշները բուռն քննարկումների տեղիք տվեցին ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և ծնողների շրջանում։ Ինչպես վկայում են փաստաթղթերը, փոփոխությունները բխում են Հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությունից, իսկ իրական նպատակը սովորողի ուսումնառության ընթացիկ առաջընթացը ճիշտ արձանագրելն է՝ խթանելով սովորելու ներքին մոտիվացիան։
Ոմանց համար այս մոտեցումը հիասթափեցնող է։ Կոտայքի մարզից Մանեն, որը սովորում է 9-րդ դասարանում, նշում է. «Թեստով ստանում ենք գնահատական, խոսելն ուղղակի խոսելու համար է»։ Մյուս աշակերտն էլ նշում է. «Երբ դաս պատասխանելիս գնահատական էի ստանում, ոգևորվում էի»։
Սակայն ոչ բոլորն են այդ կարծիքին։ Տավուշի մարզի 8-րդ դասարանի Տիգրանը, օրինակ, նշում է. «Ես ուրախ եմ, որ բանավոր գնահատական չկա։ Ավելի հեշտ է առանց վախի խոսել դասի ժամանակ»։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումը ազատություն է տալիս։ Այդ մտքին համաձայն է նաև նրա դասղեկը՝ ընդգծելով. «Աշակերտներն ավելի համարձակ են խոսում։ Գիտեն, որ սխալվելու իրավունք ունեն»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պարզաբանում է.
Կարդացեք նաև
«Հանրակրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվում են բոլոր բաղադրիչներով՝ ներառյալ գնահատումը։ Հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությամբ պայմանավորված՝ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում։ Ուսումնական որևէ փուլի սկզբում իրականացվում է հայտորոշիչ, փուլի ընթացքում՝ ձևավորող գնահատում, իսկ սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով»։
Ըստ Սվաջյանի՝ գնահատման համակարգի առանցքային խնդիրը գնահատականը որպես արտաքին խթան ներքինի փոխարինելն է․
«Խնդիրներից մեկն էլ արտաքին խթանը աստիճանաբար ներքին խթանի վերածելն է՝ սովորողի մեջ զարգացնելով սովորելու մղում, նպատակներ սահմանելու և դրանց հասնելու ձգտում՝ անկախ արտաքին գործոններից, որոնցից է նաև գնահատականը»։
Նշվում է նաև, որ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշների փոփոխության նախագծի մշակման ժամանակ ուսումնասիրվել է ԱՄՆ մի քանի նահանգների, Ֆինլանդիայի, Սինգապուրի, Էստոնիայի և այլ երկրների փորձը։
Նոր համակարգը ներդրվել է ըստ ՀՊՉ-ի ճանապարհային քարտեզի։ Առաջին փորձարկումը Տավուշի մարզում է եղել։ Արտաքին անկախ գնահատման արդյունքներով պարզվել է, որ գնահատման համակարգի ներդրման հետևանքով սովորողների կրթական առաջընթացը միջինում կազմել է 6 ամիս՝ կրկնակի գերազանցելով նման փորձերի միջազգայնորեն արձանագրվող արդյունքները։
Բացի այդ, ըստ Սվաջյանի՝ Հայաստանում անցկացվող ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև ընթերցանության հմտության աճ 10 տարեկանների շրջանում։ Եթե 2022-ին երեխաների 47%-ն ուներ անբավարար արդյունք, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է շուրջ 20%-ով։
Բազմաթիվ ուսուցիչների խոսքով՝ փոփոխությունները մեծացրել են նրանց աշխատանքի ծավալը։ Հայոց լեզվի ուսուցչուհի Մարինե Դավթյանը նշում է․ «Գնահատման նոր կարգը մեզանից պահանջում է թեմատիկ բնութագրեր, որոնք կազմում ենք ամիսներ շարունակ՝ կիսամյակի վերջում ամփոփելու նպատակով։ Մյուս կողմից՝ գնահատական չդնելու հնարավորությունը մեզ թույլ է տալիս ավելի հանգիստ վերաբերվել ընթացիկ առաջադրանքներին»։
Վայոց ձորի մարզի ուսուցիչներից մեկը նշում է. «Գնահատման համակարգում տեղի ունեցած փոփոխությունը նվազեցնում է աշակերտների մոտիվացիան սովորելու նկատմամբ։ Իրենք իրենց կատարած աշխատանքի արդյունքը տեսնում են միայն գրավոր աշխատանքների միջոցով, հետևաբար ավելի քիչ են շահագրգռված ընթացիկ աշխատանքներում ակտիվություն ցուցաբերելուն»։
Ի վերջո, սա բերում է մի կարևոր խնդրի՝ ծնողները հաճախ չունեն հստակ պատկերացում իրենց երեխաների ընթացիկ առաջադիմության մասին։ Արմավիրի մարզի ուսուցչուհի Գայանե Մխիթարյանը նշում է. «Ծնողներին երեխաների առաջադիմության մասին տեղեկացնելու առաջնային տարբերակը ընթացիկ գնահատումն էր։ Այժմ փորձում ենք ավելի հաճախ ժողովներ անցկացնել, որպեսզի ծնողները տեղյակ լինեն իրենց երեխաների առաջադիմությունից»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, ընդգծում է՝ իրականում ուսուցիչները սահմանափակված չեն միայն գրավոր տարբերակներով։
«Չկա պարտադիր պահանջ, որ գնահատումը լինի միայն գրավոր ձևով։ Ուսուցիչը կարող է նաև բանավոր գնահատումներ անել, ուղղակի դրանք պետք է ներկայացվեն մեկ սյունակում։ Ցավոք, ունենք մի իրադրություն, երբ ուսուցիչները գրեթե դադարել են բանավոր հարցումներ անել։ Սակայն իրականում որևէ արգելք չկա բանավոր հարցում անցկացնելու։ Բանավոր հարցման ձևը բազմաթիվ ուսուցիչների կողմից կիրառվում է, սակայն վերջում արդյունքները ձևակերպվում և մուտքագրվում են EMIS համակարգում՝ մեկ ընդհանուր սյունակում»։
Խաչատրյանի խոսքով՝ հենց այս համատեքստում է առավել կարևոր դառնում բանավոր հարցումների դերը՝ հատկապես ակադեմիական անազնվության խորացման ֆոնին։
«Այսօր, երբ գրավոր առաջադրանքների դեպքում աշակերտները հեշտությամբ կարող են արտագրել կամ օգտվել ԱԲ-ից, բանավոր հարցման ժամանակ նրանք ստիպված են արտահայտվել սեփական բառապաշարով, նախադասությունների կառուցմամբ ու մտքերի հոսքով։ Սա ուսուցչին անմիջապես ցույց է տալիս աշակերտի իրական մակարդակը։ Այդ պատճառով ես ավելի կողմնակից եմ, որ բանավոր հարցումները դոմինանտ լինեն»։
Բանն այն է, որ գրավոր գնահատումները դարձել են զգալիորեն ռիսկային՝ ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։
Սերոբ Խաչատրյանը բացատրում է․«Տարածված են մասսայական արտագրության դեպքեր։ Օրինակ, եթե մի դասարանում ուսուցիչը տվյալ օրը տալիս է գրավոր առաջադրանք, ապա մյուս դասարաններում արդեն հաջորդ ժամին աշակերտները տեղյակ են առաջադրանքների բովանդակությունից։ Ուսուցիչը ստիպված է բոլոր դասարանների համար առանձին տարբերակներ կազմել։ Սա հսկայական աշխատանք է»։
Ուսուցչուհի Գոհար Մելքոնյանը նշում է. «Մենք արդեն սովորել ենք կազմել տարբեր թեստեր, բայց երբեմն պարզապես ժամանակ չի մնում։ Այս ամենը հնարավոր է իրականացնել, երբ ուսուցչի ծանրաբեռնվածությունը մի քիչ պակասի»։
Կրթության փորձագետը կարևորում է նաև ուսուցիչների դերը որպես օբյեկտիվ գնահատող։ «Դպրոցում ուսուցչի և աշակերտի շփումը շատ ավելի սերտ է, քան բուհում։ Տարիներով շփվելով՝ ուսուցիչը բավական լավ է ճանաչում աշակերտներին՝ նույնիսկ 30 հոգանոց դասարաններում։ Այդ իսկ պատճառով, եթե բացակայում են ճնշումները կամ խնդրանքները, ուսուցիչների դրած գնահատականները հիմնականում արտացոլում են աշակերտի իրական գիտելիքները»։
Ըստ Խաչատրյանի՝ չնայած որոշ դժվարություններին, համակարգն այսօր այնքան էլ սահմանափակող չէ։
«Այս պահին ուսուցիչները ունեն որոշ ազատություններ։ Չկա որևէ պարտադրանք, թե ինչպես պետք է գնահատեն աշակերտին՝ կարող են ընտրել թեստ, էսսե, նախագիծ կամ բանավոր հարցում։ Իհարկե, թեմատիկ գնահատման համակարգը որոշ չափով կաշկանդող է, բայց ցանկության դեպքում ուսուցիչը կարող է օբյեկտիվ գնահատել աշակերտին։ Սա միանգամայն երկարաժամկետ գործընթաց է, որի նպատակն է սովորողին աջակցել սովորելու ամբողջ ճանապարհի ընթացքում»։
Չնայած կրթական բարեփոխումները դեռ ընթացքի մեջ են, արձագանքների բազմազանությունն ի ցույց է դնում համակարգում տեղի ունեցող խորքային տեղաշարժերը։ Այդ փոփոխությունների հաջողությունը կախված է ոչ միայն կառավարչական որոշումներից, այլև՝ ուսուցիչների մոտեցումներից, աշակերտների ներգրավվածությունից ու գնահատման գործիքակազմի նպատակային կիրառությունից։
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ




















































