Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ

Սեպտեմբեր 02,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ Կոալիցիայի համադրող խորհրդի «Օրինաց երկրի» գրասենյակում կայացած նիստն ուրբաթ օրը տեւել է շուրջ 6 ժամ եւ ավարտվել կեսգիշերն անց: Ենթադրելի է, որ բուռն են եղել քննարկումները: Սակայն «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտնեց, թե քննարկումների երկարատեւությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հարցերը քննարկվել են «բավականաչափ մանրամասն»: Օրակարգում եղել են հարցեր, որոնք կուտակվել էին անցած 1,5 ամսվա ընթացքում, ինչ չէին եղել համադրող խորհրդի նիստեր: Կոալիցիան քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների հարցը: ՀՅԴ դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ էականորեն տարբերվում է ե՛ւ ՕԵԿ-ի, ե՛ւ ՀՀԿ տեսակետներից: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մեր այն հարցին, թե հաջողվե՞ց այդ քննարկման շնորհիվ մերձեցնել դիրքորոշումները՝ պատասխանեց. «Ոչ միշտ է հնարավոր կուսակցական դիրքորոշումների շուրջ գալ ընդհանուր հայտարարի: Ուստի նման խնդիրները որոշեցինք պահել պարբերական քննարկումների հարթության վրա: Միաժամանակ՝ կուսակցություններն ազատ են ներկայացնել իրենց տեսակետները, պատկերացումները՝ արդեն կուսակցական մակարդակով»: Իսկ Մհեր Շահգելդյանը դրական պատասխանեց փոխհամաձայնության հասնելու վերաբերյալ մեր հարցին. «Այս ընթացքում իսկապես տեղի ունեցավ դիրքորոշումների մոտեցում: Մեր որդեգրած սկզբունքն է, որ յուրաքանչյուրը հայտարարություններ է կատարում իր իրավասությունների շրջանակներում, բայց պիտի պահպանվի ընդհանուր քաղաքական գիծը»: Կոալիցայի համադրող խորհրդի նիստին մասնակցած Անդրանիկ Մարգարյանը եւ Տիգրան Թորոսյանը երեկ մեկնել էին Արցախ: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արտահայտած տեսակետից բնավ չերեւաց, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դաշնակիցների դիրքորոշումների մերձեցում կա. «Մենք առանց որեւէ՛ նախապայմանի պիտի կարողանանք Թուրքիայի հետ ձեւավորել տնտեսական հարաբերություններ»: Քննարկված հաջորդ թեման կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրն է: Մհեր Շահգելդյանը հայտնեց. «Հակակոռուպցիոն պայքարը ենթադրում է նաեւ օրինաստեղծ որոշակի գործունեություն: Այս անգամ խոսել ենք այդ մասին: Մենք կարեւորում ենք հանրության համար բացության ապահովման եւ հասարակական կազմակերպությունների ներգրավման խնդիրները»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց. «Մանրամասն քննարկել ենք նախագիծը, որի վրա աշխատանք է տարվել տարիների ընթացքում: Վարչապետը ներկայացրեց այդ նախագիծը: Մինչ այդ կուսակցությունները ներկայացրել էին իրենց առաջարկները: Դրանց հիմնական փաթեթն ընդունվեց: Բովանդակային իմաստով՝ հիմնականում ավարտված են փոխադարձ համաձայնեցման աշխատանքները: Պայմանավորվեցինք, որ հաջորդ նիստում կքննարկենք նաեւ «ԳՐԵԿՈ» կազմակերպությանը միանալու հիմնախնդիրը եւ ծրագրի տեխնիկական իրականացման մեխանիզմները»: Գալուստ Սահակյանի պատասխանից դատելով՝ դարձյալ խնդրահարույց է, թե ՀՅԴ-ն կհաջողի իրականացնել իր առաջարկը եւ կստեղծի մի անկախ մարմին, որը կհամակարգի կոռուպցիայի ոլորտում տարբեր գերատեսչությունների աշխատանքը (այս առաջարկին անհամաձայնություն էր արտահայտել նաեւ «ՕԵ» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը): «Կոռուպցիայի դեմ պայքարը որեւէ մարմնում կենտրոնացնելը նշանակում է նորից մի կոռումպացված մարմին ստեղծել:- ասաց պրն Սահակյանը:- Իսկ կոռուպցիայի դեմ պիտի պայքարեն իշխանության բոլո՛ր թեւերը, նաեւ կուսակցություններն ու հանրությունը: Կոռուպցիայի դեմ պայքար ասելով հասկանում եմ՝ պայքար աղքատության վերացման համար, աշխատավարձերի բարձրացում, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը եւ այլն»: Նախապես հայտարարվածի համաձայն՝ պիտի համաձայնության գային այն կարգի շուրջ, որ դեռեւս միայն սկզբունքորեն ընդունված նախագծերի վերաբերյալ որեւէ կուսակցության ներկայացուցիչների կողմից չպիտի արվեն հայտարարություններ: Սա կարեւորվում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունների առնչությամբ, որն իրեն եւ «ՕԵ»-ին էր վերագրում կոալիցիայի կամ կառավարության նախաձեռնությունները: Մեր հարցին, թե հաջողեցի՞ն համաձայնության գալ՝ Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Ավելի լայն ձեւով արծարծվեց խնդիրը: Պայմանավորվեցինք, որ կփորձենք հնարավորինս համադրել օրենսդրական գործունեությունը, այսինքն՝ կուսակցությունների նախաձեռնությունները կքննարկվեն կոալիցիայում եւ երեւի կներկայացվեն եռյակի կողմից: Պայմանավորվեցինք, որ կուսակցությունները պիտի ներկայացնեն իրենց հեռանկարային պլաններն օրինագծերի առնչությամբ: Իսկ մինչեւ որոշակի արդյունքի հասնելը բոլոր կողմերը պիտի ձեռնպահ մնան նախօրոք, դեռեւս չմշակված գաղափարների մասին ազդարարելուց»: Մինչդեռ «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանն իր կուսակցության ղեկավարի անուղղակի քննադատության առնչությամբ նշեց. «Արթուր Բաղդասարյանը հայտարարություններ է կատարել իր՝ որպես ԱԺ նախագահի իրավասությունների շրջանակում: Այստեղ չկան կուսակցական խնդիրներ: Մենք կոալիցիայում հանդես ենք գալիս միասնական դիրքերից եւ չկա վերագրումների խնդիր»: Դառնանք այդ քննարկման ամենախնդրահարույց հարցին: Արծարծվել է կադրային նշանակումների, այսպես կոչված՝ երկրորդ էշելոնի հարցը: Վարչության պետերի, փոխնախարարների եւ այլ պաշտոններում եւս դաշնակցային կուսակցականների նշանակելու պահանջի առնչությամբ Գալուստ Սահակյանն ասաց. «Պետության յուրաքանչյուր օղակ ունի սահմանադրորեն իր լիազորությունները: Եվ այս կամ այն օղակի գործունեությանը միջամտությունն իրոք անվտանգության խնդիր է: Անկուսակցականներ կան, որոնք իրենց ապրած կյանքով եւ աշխատանքով բավական մեծ արժեքներ են ձեւավորել, եւ հիմա պիտի այդ մարդկանց ստիպենք, թե կուսակցական դարձիր, որ փոխնախարա՞ր աշխատես: Եթե որեւէ կուսակցություն լավ կադրեր ունի՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի շրջանակներում կարող են մասնակցել մրցույթների: Եվ եթե նման տեսակետ ունենայինք՝ 130-ից ավելի հայեցողական պաշտոններ կան, դրանք բոլորն այժմ պիտի զբաղեցրած լինեին հանրապետականները: Մինչդեռ այդ 130 պաշտոններից երեւի 15-20-ում հազիվ լինեն ՀՀԿ անդամներ, ու նրանք էլ նշանակվել են ոչ իրենց կուսակցական պատկանելության շնորհիվ: Այսինքն՝ կադրային քաղաքականությունը կուսակցական օղակներին մասնավորեցնելը համարում եմ շատ նեղ շահադիտական խնդիր»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել