Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը կարևորել է երեխաների և երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը հասարակական կյանքում

Հունիս 01,2026 22:40 Share

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Շիրակի մարզի Գյումրի համայնքում գործող երեխաների խնամք իրականացնող հաստատություններ՝ վերահաստատելով, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի ապահովումը շարունակում են մնալ Պաշտպանի գործունեության առաջնահերթ ուղղություններից։

Այցի առաջին կանգառը «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային կենտրոնն էր։ Շահառուների հետ անմիջական և ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հանրային ծառայությունների և ընտրական գործընթացների մատչելիության, ինչպես նաև հասարակական կյանքում լիարժեք մասնակցությանն առնչվող հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր առանձնահատկություններից, պետք է ունենա հավասար հնարավորություններ՝ իրացնելու սեփական իրավունքներն ու ներուժը։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև ծառատունկի՝ կենտրոնի բակում տնկելով ծառ, ինչը դարձել է օրվա խորհրդանշական և հիշարժան պահերից մեկը՝ ընդգծելով կյանքի, զարգացման և ներառական միջավայրի կարևորությունը։

Այնուհետև Պաշտպանն այցելել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, շրջել հաստատությունում, ծանոթացել երեխաների առօրյային և շփվել նրանց հետ։ Երեխաները կազմակերպել են տոնական միջոցառում՝ օրը լցնելով ջերմությամբ, անկեղծ ժպիտներով և հուզիչ պահերով։ Հանդիպման ընթացքում նրանք կիսվել են իրենց երազանքներով, նախասիրություններով և ապագայի ծրագրերով՝ ստեղծելով անմիջական ու վստահության մթնոլորտ։

Օրվա ընթացքում Անահիտ Մանասյանն այցելել է նաև «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղ, որտեղ երեխաների և երիտասարդների հետ անց է կացրել բաց ու ինտերակտիվ քննարկում։ Անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին, անձնական տվյալների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանը, անվտանգ միջավայրի ձևավորմանը և այլ կարևոր թեմաների։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ստանալու անհրաժեշտ պարզաբանումներ և իրենց մասնագիտական հետագա կողմնորոշումներին առնչվող խորհուրդներ։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը երեխաներին և երիտասարդներին ներկայացրել է նաև «Օրն իրավունքների պաշտպանի առաջնագծում» նախաձեռնությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առանձնահատկություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և անմիջականորեն ներգրավվել իրավապաշտպան գործունեությանը։ Պաշտպանը կարևորել է երեխաների մասնակցությունը նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ նրանք ևս կարող են դառնալ դրա մասնակիցները և իրենց ներդրումն ունենալ մարդու իրավունքների մշակույթի տարածման գործում։

Անահիտ Մանասյանը երեխաներին պատմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեության մասին՝ ներկայացնելով այն որպես կարևոր հարթակ, որտեղ երեխաները հնարավորություն ունեն բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, ներկայացնելու իրենց տեսակետներն ու առաջարկները և մասնակցելու իրենց իրավունքներին առնչվող հարցերի քննարկմանը։

Զրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է երեխաների և երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը հասարակական կյանքում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխա և երիտասարդ պետք է կյանքի տարբեր իրավիճակներում լինի նախաձեռնող, ակտիվ ու ստեղծագործ, առաջնորդվի ոչ միայն սպառողի, այլև ստեղծողի գաղափարախոսությամբ, առաջարկի նոր գաղափարներ և իր մասնակցությունն ունենա համայնքի ու երկրի զարգացման գործում։

Այցն ամփոփվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել երեխաների առօրյային և խնամքի պայմաններին, ինչպես նաև անմիջական ու ջերմ շփում ունեցել երեխաների հետ։

Այստեղ երեխաները կազմակերպել են փոքրիկ համերգային ծրագիր՝ երգերով և երաժշտական կատարումներով, ստեղծելով տոնական, ջերմ և ուրախ մթնոլորտ։

Հանդիպումների ընթացքում Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև մեծահասակների դերին երեխաների դաստիարակության և արժեքային համակարգի ձևավորման հարցում։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ երեխաները հաճախ ոչ այնքան լսում են մեծահասակների խորհուրդները, որքան ընդօրինակում են նրանց վարքագիծը, վերաբերմունքն ու գործողությունները։ Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը կոչ է արել ծնողներին, խնամակալներին, մանկավարժներին և առհասարակ բոլոր մեծահասակներին սեփական վարքով ու վերաբերմունքով օրինակ ծառայել երեխաներին՝ նրանց մեջ սերմանելով հարգանքի, պատասխանատվության, հանդուրժողականության և մարդու իրավունքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի արժեքները։

«Երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը միայն իրավական պարտավորություն չէ, այլ նաև հասարակության հոգատարության, ուշադրության և պատասխանատվության կարևոր դրսևորում», – նշել է Պաշտպանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրո, հարգանքի, անվտանգության և հավասար հնարավորությունների միջավայրում, որտեղ նրա իրավունքները պաշտպանված են, ձայնը՝ լսելի, իսկ միջավայրը` անվտանգ։

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930