Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱԳՈՒՄՈՎ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ, ԷՈՒԹՅԱՄԲ՝ ՀԱՅ

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"Ջոնաթան Շպանգենբերգը հայ է «մկրտվել» ու հաստատվելու է Հայաստանում

Ջոնաթան Շպանգենբերգը կամ, ինչպես ինքն է իրեն անվանում՝ Հովնաթանը, ծնվել է Գերմանիայում՝ 1983-ին: Նրա ծնողների, անգամ նախնիների մեջ հայեր չկան, սակայն գերմանացի երիտասարդն իրեն զտարյուն հայ է համարում: Մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Լիբանան, հաստատվել Անճար գյուղում, ուր հայկական դպրոց է հաճախել, այնուհետեւ Հայկազյան վարժարան, իսկ ծնողները զբաղվել են միսիոներական գործունեությամբ: «Երբ ես 4-5 տարեկան երեխա էի, երկրորդ դասարանցի քույրս Հայկ Նահապետի ու մյուսների մասին պատմությունները մանկանը հասկանալի պատմում էր, ես էլ ագահորեն կլանում էի դրանք: Հետագայում սկսեցի խորանալ հայոց պատմության ուսումնասիրության, հայ ժողովրդի հերոսական անցյալի հաղթական դրվագների մեջ: Առաջին անգամ յոթ տարեկանում եմ ծնողներիս հետ այցելել Արեւմտյան Հայաստան: Տպավորությունն ուղղակի ցնցող էր. այն, ինչ գրքերում էի կարդացել՝ աչքովս էի տեսնում: Երբ Անիից դուրս եկանք՝ հայրս անընդհատ ասում էր. հիմա էլ Մասիսն ենք տեսնելու, հիմա կամաց-կամաց երեւալու է… Գիտեի, թե Մասիսն ինչ խորհուրդ ունի հայերի համար, մանավանդ իմ շրջապատում չկար որեւէ հայկական ընտանիք, որ իր տանը սրբազան լեռան նկարը չունենար…Տեսածս, կարդացածս, մեծերի պատմածները դրոշմվեցին հոգուս մեջ ու մանկական հիշողություններս ենթագիտակցությանս մեջ մեծ տեղ ունեցան: Հետո, երբ հասուն տարիքում տեսա Արարատը, նորովի հասկացա, որ Հայկ Նահապետի պատմությունը ազգային պատմության սկիզբն է, հայոց պատմությունը՝ ժողովրդի, ազգի, պետականության ու քաղաքակրթության պատմություն է»,- ասում է հայացած գերմանացին: Նաեւ հավելում է. «Անճարում ապրելով՝ Անճարի իրականության մաս էի կազմում: Ընկերներիս հետ բանավեճերի ու զրույցների մեջ էի մտնում, որոնց կորիզային մասը Հայոց ցեղասպանությանն ու Հայ դատին էին վերաբերում: Սկսում էի գիտակցել Հայոց ցեղասպանության հետեւանքները: Փոքրիկ Անճարի օրինակով զգում էի, որ գոյատեւման պայքար կա, ու խոսքը հավաքական գոյատեւման մասին է: Ավելի ուշ սկսեցի լրջորեն համապատասխան գրականություն ուսումնասիրել՝ վերջին 200 տարվան վերաբերող: Ու եկավ մի ժամանակ, որ պարզապես չէի կարող լռել: Զգում էի, որ դա զուտ հայկական հարց չէ, ուրիշ վերլուծումներ ունի խորքերում: Սկզբում ենթագիտակցորեն, հետո գիտակցված որոշեցի, որ ես պարտավոր եմ մաս կազմել հայության գոյատեւման պայքարին ու անպայման իմ ներդրումն ունենալ»: Ջոնաթանը այդ տարիներին սկսել է հայոց պատմության թեմայով դասախոսություններ կարդալ Լիբանանի դպրոցներում ու ակումբներում, ցուցադրել կորսված Հայաստանի լուսանկարները, որոնք հայրն էր նկարել Արեւմտյան Հայաստան այցելելիս. «Արարատը հայկական էթնոսի ծննդավայրի սիմվոլն է: Այն այժմ հայկական ազատ հողի վրա չէ, բայց պատմական Հայաստանի հողի վրա է»: Տարիներ անց Ջոնաթանն արդեն ներգրավված էր Հայ դատի աշխատանքներում, ու երբ 2003-ի մարտին մեկնում էր Գերմանիա՝ համալսարան ընդունվելու, ուրախ էր, որ Եվրոպայում, իր խոսքով, նոր աշխատադաշտ է բացվելու, շփվելու է եվրոպահայության հետ: Նա պատմում է, որ Գերմանիա թռչող օդանավում ինքն Արցախն ազատագրած մարտիկի համազգեստ էր հագել. «Այդ բաճկոնը ինձ նվիրել էր Անճարից մի ընկեր, որի հորեղբայրը Արցախի ազատագրական պայքարի մարտիկներից էր: Համազգեստը մինչեւ հիմա էլ հագնում եմ ու սրբորեն պահպանում թանկ մասունքի պես… Գերմանիայում ընդունվեցի համալսարան, բայց չավարտեցի, թեեւ շարունակում էի մասնագիտական գրականություն կարդալ ու հայոց պատմությունը դիտարկել որպես միջազգային պատմության ու պատերազմների մաս»:

Ջոնաթանը վերջին անգամ Արցախ է այցելել այս տարվա մարտին, եղել է Շուշիում, Գանձասարում, Ստեփանակերտում, շփվել, ինչպես ինքն է ասում՝ պայքարած տղաների հետ:

Մեր զրուցակիցն այս ամենը պատմում էր գեղեցիկ գրական հայերենով ու չէր թաքցնում, թե ինչքան է տարված հայ գրականությամբ. «Դեռահաս ժամանակ տարված էի Վիլյամ Սարոյանով, բոլորից շատ, սակայն, Սեւակ եմ սիրում՝ խորը բանաստեղծ է: Նաեւ հաճախ եմ վերընթերցում Չարենց, Մուշեղ Իշխան, Րաֆֆի…»: Ջոնաթանը հավատում է, որ մի օր կտեսնի միավորված Հայաստանը, որովհետեւ այսպես երկար շարունակվել չի կարող. «Իսկական Հայաստանը կարող է լինել միայն Հայկական լեռնաշխարհի վրա՝ որպես ազգ, ժողովուրդ, պետություն եւ քաղաքակրթություն… Եթե լուրջ ծրագրեր ու ռազմավարություն մշակվի, հեռատես քաղաքականություն վարվի՝ արտագաղթած հայերը կմեկտեղվեն»: Ջոնաթանը հայտնեց, որ 2009-ից վերջնականապես հաստատվելու է Հայաստանում, որպեսզի իր նպաստը բերի անկախ երկրի հզորացմանը: Նա նշեց, որ շատ է սիրում Երեւանը. «Հայաստանյան իրադարձությունները չես կարող լիարժեք հասկանալ, եթե Հայաստանում չապրես: Ինչ վերաբերում է Երեւանին, այն ողջ հայության, ազգի մայրաքաղաքն է, որովհետեւ ասոցացվում է մեր պետականության հետ: Եվ եթե հայությունը իսկապես հասկանա իր իրական պոտենցիալը, Երեւանը կարող է դարձնել յուրահատուկ համաշխարհային կենտրոն: Ցավում եմ, երբ սրճարաններում մարդկանց հետ զրուցելիս լսում եմ, թե իրենք երեւանցի են, ախպեր են, մյուսները՝ բաքվեցի, ղարաբաղցի, ախպար… Դա վտանգավոր միտում է, հայը հայ է, չի կարելի տարբերակել…»: Ջոնաթանից հետաքրքրվեցինք՝ իր ծնողները չե՞ն նեղանում, որ իրեն հայ է համարում: «Ծնողի համար, անշուշտ, իր զավակի կյանքի ընթացքն ու մտածելակերպը կարեւոր են… Շատ են եղել խոսակցություններ, առողջ բանավեճեր: Վերջին անգամ մայրիկիս ասել եմ՝ մայրիկ ջան, ամենակարեւորը՝ ես քո որդին եմ, դու ինչպես ուզում ես ինձ տեսնել՝ ես հենց այդպիսին եմ, ու կարեւոր չէ՝ գերմանացի՞ եմ, թե՞ հայ, բայց մի բայց կա՝ իմ երեխաները, այսինքն՝ քո թոռնիկները հայ պիտի լինեն: Ու սրանից հետո հասկացվեցինք միմյանց կողմից… Ես երբեք չեմ ուրանում, որ իմ նախնիները գերմանացիներ են, չեմ էլ ուզում հպարտանալ, որ ես հայ եմ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, ու դա նորմալ է: Քույրս ու եղբայրս, ի տարբերություն ինձ, այլ կերպ են մտածում: Նրանք էլ են խոսում հայերեն, բայց իրենց համարում են գերմանացի»,- պատասխանեց երիտասարդը: Պարզվեց, որ Ջոնաթանը նաեւ դաշնակցական է: «ՀՅԴ շարքային ընկեր եմ՝ արդեն մի քանի տարի: Ինձ համար կարեւոր է ոչ միայն Ցեղասպանության ճանաչման հարցը, այլեւ մեր հողային պահանջը: Ինչ վերաբերում է այսօրվա հայկական ազատ տարածաշրջանին, այն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է, այլեւ Արցախն ու ազատագրված տարածքները: Եվ, Աստված մի արասցե, եթե դրանցից կորցնենք թեկուզ մեկ սանտիմետր, ուրեմն՝ հանձնվում ենք»,- ասում է Ջոնաթանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031