Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ»

Փետրվար 05,2009 00:00

\"\"Դավադրություն հանդուրժելը դավաճանություն է

Համընդհանուր ճգնաժամի քաոսում անհանդուրժելի շռայլություն է պետականության հոգեւոր նկարագրի հանդեպ տիրող հանցավոր անփութությունը։ Կույր հանդուրժողականությամբ մենք ակամայից մասնակիցն ենք ազգակործան մի դավադրության, արդյունքում տանուլ տալով հոգեւոր հայրենիքը՝ բոլոր հնարավոր հետեւանքներով։ Թրքաբարո արշավանք սեփական ժողովրդի արժանապատվության զարթոնքի դեմ եւ… ընդվզման փոխարեն համատարած ստորաքարշություն, քծնանք, կեղծիք… լավագույն դեպքում՝ դավադիր լռության այլասերված աղաղակ… այս ամենը իրար եւ նախագահի աթոռին շղթայող ստրկաբարո հանցավոր համակարգ։

Կեղծիքի քողարկումը խեղում է ոչ միայն ճշմարտության ոգին, այլեւ երկիր օրգանիզմի ճշմարիտ, բնականոն ընթացքը։ Լռելն այլեւս դավաճանություն է… Դավաճանություն է ողորմելի երկրի վերածելու մեզ պարտադրված այս դավադրությունը հանդուրժելը, այս հարմարվողական կեցվածքը, կեղծիքի ու տգիտության այս գարշահոտում շնչահեղձ չլինելը, դավաճանություն է …ապրելը։

Այսօր բոլոր աղետալի երեւույթները փորձ է արվում հիմնավորել նյութականի բացակայությամբ։ Մինչդեռ, ինչ աղետալի արժեքներ ի հայտ կգային, եթե ոգեղեն այս խղճուկ նկարագիրն ունեցող երկիրը դեռ հարուստ լիներ։ Մշակութային հստակ քաղաքականության չգոյության պայմաններում հարկ է որպես շնորհ ընդունել նյութական ռեսուրսների բացակայությունը։ Կռիվը քաղաքակրթական է, նաեւ՝ հոգեւոր, որի մեջ պարտավոր ենք չանտեսել արժանավայել հայրենիք ունենալու մեզ տրված բացառիկ շանսը։

Ամեն խնդիր իր մեջ կրում է այն հաղթահարելու համարժեք մղումը։ Մինչդեռ, ստրկաբարո հանդուրժողականությամբ մեր վեհագույն արժեքները հաշտեցնում ենք մեզ պարտադրվող «հայրենիք» հորջորջվող անսահմանափակ անպատասխանատվության այս հայրենադավությանը… Ձեռնասուն խորհրդարանից, ազգային կոչվող կուսակցություններից՝ մինչեւ ասքյարի գործառույթ իրականացնող ոստիկան, Աստծուն բիզնեսի ոլորտ ներքաշած հոգեւորականից՝ մինչեւ դիմակների ետեւում քողարկվող ծախու մտավորական։

Մեր հուսահատ ճիչն առաջնահերթորեն ուղղված է մտավորականին։ Մի՛ սպանիր, մի՛ պղծիր քո ոգեղեն հայրենիքը, անհուսության աստիճան մի՛ ծանրացրու քո փոխարեն ապաշխարող Նարեկացու մեղքերի բեռը… Վախի երեսին նետիր ողորմելի ստորաքարշությունը, որի չափը նույն երեսուն արծաթն է… Քո փրկության հնարավորությունը միայն քո՛ խնդիրը չէ։ Դու պարտավոր ես ժողովրդի ինբնաբուխ ընդվզման մեջ՝ լսել «անմահների հրամայականը», Չարենցի եւ Տերյանի «Նաիրյան երկրի» անողոք աղերսը։ Ինբնաբավ փարիսեցիությունը, ճշմարտության աչքերից խուսափելու բարդույթը չի կարող նոր բարդույթներ չծնել։ Այս պարագայում՝ իմացյալ մահն ամենեւին էլ անմահություն չէ։ Չխաբենք մեզ պարզունակ մոլորությամբ, որ կեղծիքը հարկ է հանդուրժել հանուն կայունության, հանուն Ղարաբաղի, հանուն պետականության… Այս ամենի իրական գինն աթոռներին կառչած մնալու ոմանց մոլուցքն է, տանուլ տրված հայրենիքը…։ Շատ կուզեինք անհնարինը, որ այլ կերպ մտածողները հաստատ մնային իրենց տեսակետին, վաղը եւս շարունակեին պաշտել իրենց այսօրվա ոսկե հորթերին։

Բարձրաձայնենք եւ տեր կանգնենք հոգեւոր այլ պահանջներ կրող հասարակական պատվերի առկայությունը, ի մերժումն հաճոյապաշտ, կառավարելի մտավորականության եւ գավառային երկիր պայմանավորող ապազգային, էժանագին մշակույթի։

Ցանկացած խնդիր ձեւավորվում եւ իր լուծումը գտնում է նախ հոգեւոր հարթության վրա։ Ուստի՝ մշակութային քաղաքականությունը միանշանակորեն միտված պետք է լինի այն մշակույթի ձեւավորմանը, որը պետք է ունենա այն երկիրը, ուր ակնկալում ենք ապրել վաղը։ Ակնկալվող այդ երկրի ոգեղեն կերպարն այսօր իսկ իր այլընտրանքային արժանապատիվ նկարագրով պիտի ներթափանցի տարբեր ոլորտներ, լինի տեսանելի՝ ստեղծագործ պայքարի բազմաբնույթ շարունակական ընթացքով…

Նախ հանրությանը պետք է ներկայանալ որպես քաղաքակիրթ, արժանավայել մշակութային երկիր, հետո միայն բղավել արդարության եւ ճշմարտության մասին։ Ասենք, այդ դեպքում բղավելու կարիքը չկա։

Ինչպես ժամանակին կազմավորվեց մահապարտների գումարտակ, նույն օրհասական նվիրումով հարկ է լծվել այլընտրանքային հոգեւոր հայրենիքի կայացմանը, ակնկալվող երկրի մշակութային սաղմերն այսօր իսկ կայացնելու առաջնահերթությանը։ Սա մեր տանուլ տրված Հայրենիքի՝ հոգեւոր դաշտին ծառայելու գուցե եւ վերջին հնարավորությունն է… մաքուր օդում արժանավայել կյանքով ապրելու նախապայման, պայքարի իմաստավորում եւ հաղթանակի երաշխիք։

Այսօր այս առաքելությանն իր վրա կրելու բացառիկ հնարավորություն ունի Հայ ազգային կոնգրեսի ձեւավորվող մշակույթի հանձնախումբը։ Արժանավայել քաղաքական այլընտրանքը չի կարող գործել նույն այլասերված եւ այլասեռված մշակութային դաշտում։ Որպես առաջնային քայլ, կարծում ենք, հարկ է համակարգել, միավորել խնդրո շուրջ բոլոր գործուն առաջարկները, ձեւավորել իրոք համազգային, վերկուսակցական հոգեւոր-մշակութային մի կառույց եւ հնարավորինս տեսանելի դարձնել բացառիկ օրինակելի երկրի գեղարվեստական կերպարը, նրա այլընտրանքային մշակութային մոդելը ոլորտ առ ոլորտ… Այսօ՛ր, ա՛յս պահից իսկ… ՀԻՄԱ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել