Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական անգրագիտություն»

Փետրվար 14,2009 00:00

\"\"Այսպես է որակում Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը ՕԵԿ գործչի պնդումը ՀԱԿ դրամահավաքի վերաբերյալ:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն «Առավոտում» պատասխանելով այն մեղադրանքին, թե արտերկրում ստեղծելով ՕԵԿ համակիրների կառույցներ՝ իրենք, ըստ մեր ենթադրության՝ խախտել են «Կուսակցությունների մասին» օրենքը, տարել էր նաեւ հետեւյալ զուգահեռը. «Վերջերս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց հետ համագործակցող կազմակերպությունների հետ միասին ԱՄՆ-ում կազմակերպեցին դրամահավաք, ինչպես նաեւ՝ տարբեր երթեր ու ցույցեր»: Եվ հարց էր ուղղել, թե արդյոք այս ամենը հակասահմանադրակա՞ն է, թե՞ ոչ:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այս հարցադրմանն այսպես արձագանքեց. «Նախ ասեմ, որ ՕԵԿ-ին ուղղված այդ մեղադրանքը ենթադրական չէ. եկեք արձանագրենք, որ դա օրենքի կոպի՛տ խախտում է: Ինչ վերաբերում է մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին, ապա եթե նրանց կանոնադրությամբ դա սահմանված է՝ այդ կազմակերպություններն իրավունք ունեն անցկացնել նման ակցիաներ, միջոցառումներ: Տվյալ դեպքում, եթե ՕԵԿ գործիչը նկատի ունի «Եվրոկանչ» հասարակական կազմակերպությունը, որն անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ում կազմակերպեց հեռուստամարաթոն, ապա այն գործում է օրենքի հստակ սահմաններում»:

Հիշեցնենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի 25 հոդվածի համաձայն՝ կուսակցություններին չի թույլատրվում նվիրատվություններ ստանալ «օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաեւ՝ օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից»: Սակայն բացի նրանից, որ դրամահավաքը կազմակերպել էր ոչ թե ՀԱԿ-ը, այլ նրա հետ համագործակցող «Եվրոկանչ» հ/կ-ն՝ Արման Մուսինյանը եւս մի հանգամանք մատնանշեց, որ ՀԱԿ-ի վրա չեն տարածվում «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջները. «ՀԱԿ-ը քաղաքական ուժերի միավորում է՝ կոնսոլիդացված ալյանս: Սա քաղաքական մարմին է եւ նույնիսկ գրանցված չէ՝ որպես այդպիսին: Այսինքն՝ նման բանի մասին խոսելն իրավական անգրագիտություն է»:

Նշենք, որ նաեւ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանն է «Առավոտին» հղել իր նկատառումներն այն կապակցությամբ, թե արդյոք արտերկրում իրենց կուսակցությանը հարողների կառույցներ ստեղծելով՝ ՕԵԿ-ը չի՞ խախտում «Կուսակցությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություն»։ Ըստ Ռուբեն Թորոսյանի՝ ՕԵԿ այս նախաձեռնությունն «ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը: Մասնավորապես՝ 7-րդ հոդվածի համաձայն կուսակցության գործունեությունը չի կարող հակասել «Կուսակցությունների մասին» օրենքին: Իսկ 28-րդ հոդվածի համաձայն, ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կարող են համապատասխան սահմանափակումներ կիրառվել, ինչպես օրինակ, ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ»:

Ռուբեն Թորոսյանը նաեւ նշել է. «ՕԵԿ ղեկավարն ուղղակի օգտվել է իր կոալիցիոն գործընկերոջ՝ «ՀՅԴ» ԿՀԿ օրինակից: Եթե վերջինիս իրավունք է վերապահվել ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում գործել իր համարյա ներկայացուցչությունով, ապա ՕԵԿ-ը ինչո՞վ է պակաս»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանն իր պատասխանում եւս նշել էր. «Դաշնակցականները, ռամկավարները, հնչակները տարբեր երկրներում ունեն իրենց կազմակերպությունները եւ ծավալում են հայանպաստ գործունեություն: Ի՞նչ է, դա վա՞տ է, չի՞ բխում մեր ազգային շահերից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել