Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱ, ՄՆԱՑ՝ ՀՈՂԵՐԸ

Փետրվար 14,2009 00:00

\"\"Ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի ստվերային կառավարություն, որի անդամների անունները գաղտնի են պահվում

Դեռ խորհրդային տարիներից հայտնի մի անեկդոտ կա. ամուսինը գալիս է տուն եւ կնոջն ավետում, որ քիչ էր մնացել իրենք ավտոմեքենա ձեռք բերեին: «Ինչպե՞ս»,- հարցնում է կինը: «Մեկը առվի մոտ մեքենա էր լվանում, ասեցի՝ կտա՞ս, որ «հա» էր ասել, է՜…»: Համանման մի իրավիճակում են հայտնվել արտերկրում բնակվող մի խումբ մեր հայրենակիցները, ովքեր որոշել են անտեր չթողնել Արեւմտյան Հայաստանի հողերը: Այդ սուրբ նպատակի համար նրանք 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Շուշիում մի փաստաթուղթ են ստորագրել, որը կոչվում է «Արեւմտյան Հայաստանի հայոց ինքնորոշման իրավունքի հռչակագիր»: Իսկ ավելի վաղ հիմնել են «Արեւմտյան Հայաստանի հայոց համագումար» կոչվող կազմակերպությունը: Կազմակերպությունն, ըստ էության, ստվերային կառավարություն է, որը կոչված է տեր կանգնելու Արեւմտյան Հայաստանի հայկական հողերին, իհարկե, եթե Թուրքիան մեր ֆուտբոլային կամ էլի չգիտեմ ինչ դիվանագիտությունից մի օր այնքան հուզվի, որ մեր պապական հողերը վերադարձնի: Այ, հենց այդ պահին «Արեւմտյան Հայաստանի հայոց համագումարը» մեզ օգնության կհասնի: Իսկ հռչակագրում, մասնավորաբար, ասված է. «Մեր իրավունքները ընդունված են աշխարհի ժողովուրդների իրավունքների, ինչպես նաեւ ճանաչված են ՄԱԿ-ի կողմից, եւ, վերջապես, մենք գոյություն ունենք բնիկ ժողովուրդների իրավունքների մեջ: Մնում է միայն, որ Արեւմտյան Հայաստանի ժողովուրդը, որպես այդ հողի բնիկ ժողովուրդ, հայտարարի եւ անձամբ ընդունի այդ բոլոր իրավունքները: Այդ ամենի մասին 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը ինտերնետի միջոցով պաշտոնապես հայտարարեց ողջ աշխարհին, նաեւ՝ ՄԱԿ-ում: Այդ հայտարարությունը այսoր համարվում է պաշտոնական հայտարարություն: Պայման կա, որտեղ ասվում է, որ Արեւմտյան Հայաստանի ժողովուրդը պետք է ինքն իրեն ճանաչի, դրա համար էլ ինքնորոշումը շատ մեծ դեր ունի: Մեկ խոսքով՝ բացի Արեւմտյան Հայաստանի հայերից, ուրիշ ոչ մի ժողովուրդ չի կարող մեր իրավունքները ինքնորոշման մասին ընդունել կամ որոշել»: Պատմական հղումներ են արվում Սան-Ստեֆանոյի 1878 թ. պայմանագրին, ԱՄՆ նախագահ Վիլսոնի քայլերին ու եզրահանգում. «Մնում է միայն, որ Արեւմտյան Հայաստանի ժողովուրդը հավաքվի, ոտքի կանգնի եւ աշխատի պաշտպանել եւ հզորացնել իր քաղաքական մեխանիզմը, անվտանգությունը: Դրա համար էլ մենք ստեղծեցինք Արեւմտյան Հայաստանի Հայերու Ազգային խորհուրդը: Մեր հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է, եթե մինչ այժմ չգիտեիք՝ հիմա գիտեք»:

Ի դեպ, մեր բոլոր ջանքերը՝ ճշտել կազմակերպության առաջին դեմքերի անունները, ապարդյուն անցան: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղղած մեր հարցին՝ ովքե՞ր են Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի անդամները, ո՞վ է խորհրդի ղեկավարը, ինչպե՞ս են ընտրվում նրանք, քանի՞ տարով, նման պատասխան եկավ. «Արեւմտյան Հայաստանի Խորհուրդի անդամների մեծ մասը Արցախի պատերազմի ազատամարտիկներ են, կան նաեւ Ջավախքի, Հայաստանի, Արեւմտյան Հայաստանի մտավորականներ, որոնք ներկայացնում են հոգեբանական եւ իմաստուն մի ուժ: Արցախի ազատագրական հոսանքի շարունակությունը դեպի մեր Հայրենիքն է: Այսօր մեր խորհուրդը նշանակված ղեկավար չունի, մեր բոլոր անդամները պատասխանատու են հավասարապես մեր նախնիների եւ մեր զոհերի առջեւ: Ժամկետ գոյություն չունի, երբ այսպիսի լուրջ աշխատանք ես հանձն առնում: Մեր բոլոր անդամները, լինեն մասնագետ կամ ոչ, նվիրված են եւ պարտավոր են համարում իրագործել այդ աշխատանքը անգամ քրտինքի եւ արյան միջոցով»: Տեւական փնտրտուքների արդյունքում մեզ հաջողվեց ճշտել, որ Շուշիում փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչը, հայկական մշակութային ժառանգության հարցերով զբաղվող Սամվել Կարապետյանը: Սակայն հետո ձեռնարկի հետագա ընթացքով ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն հետաքրքրվել:

Իսկ թե ի՞նչ քայլեր են հետեւել վերոնշյալ փաստաթղթի ստորագրմանը՝ 2004 թվականից այս կողմ, ուղղակի մեջբերենք մեր հարցին տրված պատասխանից: «Մեր էության իրավունքները» եւ Արեւմտյան Հայաստանի հուշարձանների թեմաներով գիտաժողովներ են անցկացվել: Միաժամանակ՝ շարունակեցինք մեր քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքները ՄԱԿ-ի հետ, որպեսզի երկրները մեր պատգամավորների միջոցով ընդունեն հռչակագիր Արեւմտյան Հայաստանի ժողովրդի իրավունքների մասին, որը համապատասխանում է բնիկ ժողովուրդների իրավունքների հետ»: Եվ քանի որ 2007 թվականի սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է հռչակագիր բնիկ ժողովուրդների իրավունքների մասին, ենթադրվում է, որ դա իսկ եւ իսկ արեւմտահայությանն է վերաբերում: Ուստի՝ «Անմիջապես սկսեցինք աշխատել Աշխարհի մտավոր սեփականություն կազմակերպության հետ (WIPO), որպեսզի լիազորություն ունենանք պաշտպանելու մեր մշակութային արժեքները, մեր ինտելեկտը: Ժամանակ եկավ, կարողացանք դատ բացել Ադրբեջանի դեմ Ջուղայի գերեզմանատան վայրենի ոչնչացման համար: Մեր աշխատանքը շարունակեցինք Արցախում՝ ճանաչելով Արցախի տարածության ամբողջականությունը, եւ դիմեցինք Բակո Սահակյանին, որպեսզի նա ՄԱԿ-ի առջեւ ներկայացնի Արցախի անկախության խնդիրը: Ջավախքում Դիրք ընդունեցինք ջավախահայերի ինքնորոշումը ճանաչելով, որպես տվյալ տարածքի բնիկ ժողովուրդ: Այս տարի աշխատում ենք 1909 թ. Կիլիկիայի ցեղասպանության զոհերի հիշատակի թեմայով, կազմակերպելու ենք գիտաժողովներ, ցուցահանդեսներ»:

Կազմակերպության կենտրոնը մնում է Արցախը: Մասնաճյուղեր ունեն Հայաստանում, Լիբանանում, Ամերիկայում, Հունաստանում, Ֆրանսիայում, անգամ Լատվիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել