Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն էլ է ռաբիս

Փետրվար 21,2009 00:00

Երեկ ՀՀՇ վարչության անդամ եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ ըմբոստների քանակը մեկ տարում ավելացել է 30-40 տոկոսով: Ընդդիմության ներկայացուցչի գնահատմամբ, ըմբոստների բանակը համալրվել է ոչ միայն արտաքին քաղաքականության, ժողովրդավարության ոլորտներում կամ քաղբանտարկյալներին առնչվող հարցերում իշխանությունների, այլեւ ՀՀ կառավարության՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում վարած տնտեսական եւ սոցիալական քաղաքականության արդյունքում: Ըստ նրա, իշխանությունը հետեւողականորեն ու կոնկրետ գործողություններով այնպես արեց, որ ժողովուրդը, ի դեմս իշխանությունների, ճանաչեց նաեւ «Մարտի 1»-ի կազմակերպիչներին: «Դրանք հստակ կատարված քայլեր են, որոնցով իշխանությունը ավելացրեց ընդդիմադիրների քանակը»,- եզրակացրել է Ա. Մանուկյանը:

Ըստ նրա՝ Կոնգրեսի խնդիրն այսօր այդ ըմբոստ զանգվածին տներից հանելն է, իսկ իշխանությունների խնդիրն այն է, ինչ նրանք մի քանի ամիս անում են՝ այդ դժգոհներին վախեցնելը, որպեսզի նրանք իրենց տներից դուրս չգան: Ա. Մանուկյանի կարծիքով, մտավախություն կա, որ տնտեսական ոլորտում Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ իշխանությունների անզորությունը կարող է տնտեսական եւ սոցիալական ըմբոստացման շատ ավելի հզոր դրսեւորումների հանգեցնել: Իսկ դա, նրա դիտարկմամբ, կարող է ավելի վտանգավոր լինել Հայաստանի համար, քան քաղաքական ըմբոստացումն է:

Վերադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության հնարավորությանը՝ ՀՀՇ վարչության անդամը հայտարարել է, որ առաջիկայում այդպիսի երկխոսություն չի կայանա, որովհետեւ գործ ունենք մի իշխանության հետ, որն իր ներքին ու արտաքին դիվանագիտությունը վարում է «ռաբիսի» կանոններով: Այդ համատեքստում նա մատնանշել է ինչպես նախօրեին ԿԸՀ-ի դիմաց բողոքի ցույց անցկացնելու նախաձեռնություն դրսեւորած երիտասարդների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը, այնպես էլ «Հայք» օրաթերթը փետրվարի 20-ից փակելը:

Նրա դիտարկմամբ, այդ գործողությունների արդյունքում կրկին տուժել է միայն Հայաստանի հեղինակությունը, քանի որ առաջին դեպքում ոստիկանության սպաներ Ռոբերտ Մելքոնյանի եւ Վալերի Օսիպյանի գործողությունների մասին տեղեկացվել են այդ օրը Հայաստանում գտնվող եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաեւ՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Ոստիկանության մեծամասնությունը՝ հիմնականում սպաները, ըստ Ա. Մանուկյանի, իրենց նորմալ են պահում: «Բայց մի քանիսը խայտառակում են ոստիկանի զգեստը, սպայի ուսադիրն ու Հայաստանը»,- երեկ հայտարարել է ՀՀՇ վարչության ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել