Լրահոս
Օրվա լրահոսը

Անանձնական ուրախության ճանապարհը

Փետրվար 21,2009 00:00

Ամեն անգամ վերհիշելիս իմ ապրած օրերը, որոնք աներամ ու մենակ են հեռանում ինձանից, թերեւս այն պատճառով, որ ես, լինելով երամի մեջ, կարելի է ասել, ըստ էության, երամի բնույթը չճանաչեցի: Երամն էլ, թերեւս, ինձ չճանաչեց եւ ես աներամ, անճանաչս շատ հաճախ ընկերություն էի անում այն մարդկանց հետ, որոնք շատ էին խոսում ու գրական հայերենով: Այնինչ, երեւի նրանց գրագետ խոսքը լսելուց բացի, պետք էր տեսնեի, հետեւեի, ուսումնասիրեի նրանց արարքներն ու գործը, որոնց պետք էր, որ հաջորդեր իրենց խոսքին գրագետ: Ես գիտեմ, որ մոլորյալի դիմաց խորախորհուրդ ձորեր են, իսկ հետեւում՝ անդառնալի սարեր: Սակայն ես այդ մոլորյալը չեմ, վկայողն ու տեսնողն եմ, եւ համեստությունը թող ինձ ների, հիմա արդեն տեսանողը նաեւ: Այսինքն թե՝ ինչպես հին ու նոր աշխարհի երեւելիները, կարծես թե առնչվում եմ մեկ պարզ ճշմարտության. իշխանությունը, որին մենք այդքան ձգտում ենք, եւ հարստությունը, որ այդքան երազում ենք, շատ արագ կդառնան հավերժությունից փչող քամիներին ավար, կամ կծածանվեն տիեզերքից ամեն օր իջնող աստղափոշու տակ եւ կմնա միայն գործը, որ արվել է ոչ ի սեր սեփական անվան, այլ արվել է ի սեր այլոց, ի սեր հայրենիքի եւ պետության: Այդ բանը, թերեւս, հրաշալի հասկացել էր մեծն Կյուրոսը, երբ մեռնելիս հրամայել էր դամբարանին գրել մի համեստ, պարզ, բայց հավերժությանն առնչվող մի նախադասություն. Ո՛վ մարդ, ով էլ որ լինես դու եւ որտեղից էլ հայտնվես, քանզի ես գիտեմ, որ դու գալու ես, ես Կյուրոսն եմ՝ պարսկական պետության ստեղծողը: Չզրկե՛ս ինձ այն մի բուռ հողից, որ ծածկում է իմ մարմինը: Կյուրոս մեծի գերեզմանը չկարողացավ փրկել նույնիսկ Ալեքսանդր Մեծը, որ տեսնելով դամբարանը պղծված ու թալանված, երկար կանգնեց մեծն զորավարի ավերված հիշատակի առաջ՝ մտածելով հզորության ու անձնական փառքի ունայնության մասին, թերեւս գուշակելով, որ իրեն էլ նույն ճակատագիրն է սպասվում… Ինչը եւ եղավ:

Եվ հիմա ինձ այցելած այս մտքերի խորքերից բոլոր երեւելիներին մի կողմ տանելով՝ իմ մեջ զրնգում է մեծն Թումանյանի խոսքը. այն, որ ասում ու մեղանչում է. Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին… Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին… Մեծ բանաստեղծի հնչեցրած հարցականը այսօր կախված է մեր նորանկախ պետության իշխանությունների վրա՝ որպես պատասխանատվություն, որը ենթադրում է, թե քաջ առաջնորդը չի վախենում, իմաստուն առաջնորդը չի կասկածում եւ ամենակարեւորը՝ բարոյական առաջնորդը չի հուսահատվում եւ երկրի համար փնտրում է ճանապարհը անանձնական ուրախության…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել