Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԵՂԵԼ ՈՉ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

Մարտ 03,2009 00:00

\"\"Պնդում է նախկին արտգործնախարարի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցառումներին մասնակցող ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը:

Ժամանակին հարցազրույցներից մեկում Էդվարդ Անտինյանը կարծիք էր հայտնել, որ Վարդան Օսկանյանը քաղաքականության մեջ պատահական մարդ է: Իսկ այժմ նա ակտիվորեն մասնակցում է պարոն Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներին, նաեւ լուրեր կան, որ կարող է մաս կազմել նախկին արտգործնախարարի առաջնորդությամբ քաղաքական նոր ուժի ձեւավորման գործընթացին: «Առավոտի» հարցին, թե իր նախկին ու ներկա դիրքորոշումների միջեւ հակասություն չկա՞, Էդվարդ Անտինյանը պատասխանեց. «Ես լավ չեմ հիշում, թե երբ եմ նման կարծիք հայտնել եւ ինչ համատեքստում, բայց մի բան կարող եմ ասել հաստատ՝ Վարդան Օսկանյանի՝ արտգործնախարար եղած ժամանակ տված իմ գնահատականը հիմա էլ կարող եմ պնդել: Չպետք է մոռանալ, որ անգամ արտաքին գործերի հարցում Օսկանյանը քաղաքական կուրս մշակող չէր, ոչ էլ անգամ այդ գործընթացի մասնակից, այլ ընդամենը կատարող էր, եւ այդ մասին հենց ինքն է նշել՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով կբացատրի Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ղարաբաղյան հարցում իր տրամագծորեն տարբերվող դիրքորոշումները: Օսկանյանը միանշանակ նշել էր, որ այն ժամանակ քաղաքական այդ կուրսն էր թելադրվում բարձրագույն ղեկավարության կողմից, իսկ հետո՝ մեկ ուրիշը, եւ ինքն ընդամենը բարեխղճորեն կատարել է իրեն հանձնարարված գործը: Այսինքն՝ նման մոտեցման պարագայում քաղաքական կամ պետական գործիչ արտահայտությունը, բնականաբար, շատ ճոխ կլիներ նրա համար: Իսկ ներքաղաքական կյանքում պարոն Օսկանյանը ոչ միայն անհարկի խառնվում էր գործերի, որտեղ ինքը իրազեկ չէր, այլեւ դա անում էր այնպիսի իշխանահաճո ջերմեռանդությամբ, որ անմիջապես հայտնվում էր զավեշտալի պատմությունների մեջ: Մասնավորապես, լրագրողի հարցին, թե ով կարող է սպանած լինել Տիգրան Նաղդալյանին, նա հստակ նշեց՝ ով վերջերս մոսկովյան թերթում հոդված էր տպագրել, մեկ ուրիշ թերթի էլ հարցազրույց տվել: Պատկերացնո՞ւմ եք, թե ոնց էր բախտներս բերել, որ Օսկանյանը արտաքին գործերի նախարար էր, ոչ թե՝ ներքին, թե չէ բոլոր սպանությունները վայրկենապես կբացահայտեր՝ թերթերի հոդվածները ներկայացնելով որպես իրեղեն ապացույցներ: Այսօր որեւէ լրագրողի մտքով կանցնի՞ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության մասին կարծիք հարցնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից: Նա էլ հայտարարի, որ նա է սպանել, ով վերջերս հարցազրույց էր տվել արտասահմանյան թերթի: Բնական է, որ դա համապետական սկանդալ կառաջացներ, եթե չասենք ավելին, իսկ Օսկանյանի դեպքում մի քիչ ծիծաղեցին ու վերջ, քանի որ, եթե չեք մոռացել, նրա հայտարարություններին առանձնապես լուրջ չէին վերաբերվում: Այդ իսկ պատճառով մի հարմար բացատրություն էլ գտան, թե հավանաբար նրա խոսքերը հայերենից հայերեն ճիշտ չեն թարգմանել:

Իսկ Օսկանյանի ղեկավարած հիմնադրամի կազմակերպած միջոցառումներին մասնակցել եմ, ինչպես պարբերաբար մասնակցում եմ այլ կազմակերպությունների միջոցառումներին, եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա:

Ինչ վերաբերում է քաղաքական համատեղ ծրագրերի իրականացմանը, ապա այդ տեղեկատվությունը պարզապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ Օսկանյանն ընդամենը հայտարարել է իր մտադրության մասին՝ զբաղվել քաղաքականությամբ, ու անգամ չի հստակեցրել՝ պատրաստվում է նոր կուսակցությո՞ւն հիմնել, թե՞ անդամակցել գործողի: Ավելի՛ն, քանի որ Օսկանյանն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտ», նրա ակտիվությունը կամ դրա բացակայությունը ուղղակիորեն կապվում է երկրորդ նախագահի անվան հետ: Եվ ինչպիսի երփներանգ բառերով էլ հանդես գա, նա չի կարող համոզել մեր ժողովրդին, որ Քոչարյանի վերադարձը օգտակար կլինի պետության ու ժողովրդի համար, քանզի այս պահին չկա այդ վերադարձի հասարակական պահանջը: Իսկ որ Սերժ Սարգսյանին պարտադրվի Քոչարյանի թեկնածությունը՝ որպես վարչապետի, այս փուլում իշխանական նման վերադասավորումների պահանջն էլ կարծես չկա. էլ չեմ խոսում դրա հնարավորության բացակայության մասին: Ու եթե անգամ լիներ, ապա իրենց ծրագիրը կյանքի կոչելու հարցում այդ ուժերը հազիվ թե ունենային Օսկանյանի աջակցության կարիքը: Իսկ եթե նա ցանկանա տարանջատվել Քոչարյանից ու հասարակությանը ներկայանալ որպես ինքնուրույն գործիչ, ապա այդ դեպքում ի՞նչ ռեսուրսների է տիրապետելու՝ լինի դա մարդկային, թե նյութական, ի՞նչ թիմ է ձեւավորվելու իր շուրջ, այդ ո՞ր նոր խոսքի ու ծրագրի շուրջ: Հարգարժան պրն Օսկանյանն այնքան երկար է եղել ոչ ինքնուրույն, որ ունի բավական երկար ճանապարհ անցնելու կարիք, որպեսզի ինքն իրեն ճանաչի՝ թե ինչի է ընդունակ նոր կարգավիճակում:

Առհասարակ, բավական է մի հայտնի անձնավորություն մտադրություն ունենա քաղաքականությամբ զբաղվելու, նրա շուրջ այնպիսի՜ լրագրողական հետաքրքրություն է առաջանում՝ նրան դարձնելով ժողովրդական բանահյուսությունների թեմա, որ հետագայում, երբ չեն արդարանում սպասելիքները, հասարակության հիասթափությունը լինում է անխուսափելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել