Չնայած այս հիվանդությունը չի փոխանցվում սովորական շփումներից, այդուհանդերձ, մարդիկ խուսափում են այդ հիվանդներից:
«Ավելի շատ նրանք մեկուսանում են, մեղքի զգացում են ունենում, փորձում են շփումներից խուսափել: Իհարկե, լինում են նաեւ այնպիսի հիվանդներ, ովքեր արտաքինից շատ հանգիստ են ընդունում իրենց՝ հիվանդ լինելու փաստը»,- «Առավոտի» հետ զրույցում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց վարքագիծն այսպես ներկայացրեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբան Ռուզաննա Դավթյանը: Տիկին Դավթյանի հետ զրուցեցինք փետրվարի 26-ից մարտի 1-ը Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնած՝ Ծաղկաձորում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի թեմայով կազմակերպած սեմինարի ժամանակ:
Այն, որ այս հիվանդությունն ունեցող մարդիկ ավելի ագրեսիվ են, չարացած եւ ցանկանում են ուրիշներին էլ վարակել, հոգեբանի խոսքերով, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Ըստ նրա, ավելի շատ շրջապատի մարդիկ են խուսափում նրանց հետ շփվել. «Երբ մարդիկ իմանում են, որ այս կամ այն մարդը ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով հիվանդ է, սկսում են խարանել եւ խուսափել նրանցից: Մինչդեռ պետք է իմանալ, որ ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել գրկախառնվելիս, միեւնույն ափսեից ուտելիս, նույնիսկ միեւնույն լոգասենյակից օգտվելիս»:
Մեր երկրում 164 մարդ արդեն մահացել է այս հիվանդությունից: Նրանցից 3-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են եղել: Ըստ ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի՝ ներկայումս Հայաստանում 686 ՄԻԱՎ վարակակիր կա: Եթե համեմատելու լինենք վերջին մի քանի տարիների տվյալները, ապա, ըստ կենտրոնի տվյալների, աճ է արձանագրվել. միայն 2007 թվականին գրանցվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008-ին՝ 118 դեպք: Ընդ որում՝ ՄԻԱՎ վարակի ամենաշատ գրանցված դեպքերը մայրաքաղաքում են՝ 258: Այս հիվանդության գծով երկրորդ տեղում Շիրակի մարզն է, այստեղ 53 վարակակիր կա գրանցված: Կենտրոնի պատասխանատուների ներկայացմամբ, հանրային իմացության ցածր մակարդակը նպաստում է հիվանդության արագ տարածմանը, մինչդեռ, մասնագետների հավաստմամբ, ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են եւ անանուն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Այնուհանդերձ, հասարակական կարծրատիպերը արգելք են հանդիսանում, որպեսզի մարդը դիմի բժշկական զննման: Ինչպես վստահեցնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարող մասնագետները, միայն կանխարգելման միջոցով կարելի է պայքարել այս հիվանդության դեմ, քանի դեռ բուժման պատվաստանյութ չկա: Այս իմաստով, դասընթացի ընթացքում խիստ կարեւորվեց հիվանդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների դերը:
Դասընթացի կազմակերպիչների ներկայացմամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր հանրապետությունում մինչեւ 2005 թվականը վարակի փոխանցման հիմնական ճանապարհը եղել է թմրամիջոցների ներարկային օգտագործումը, այնուհետեւ՝ ավելի ուշ, ՄԻԱՎ վարակի տարածման աղբյուր են հանդիսացել հետերոսեքսուալ հարաբերությունները:
Նշեցին նաեւ, որ ամեն օր աշխարհում 6 հազար 800 մարդ վարակվում է ՄԻԱՎ-ով: 2007 թվականի դրությամբ աշխարհում 33 միլիոն 200 հազար մարդ հիվանդ է ՄԻԱՎ վարակով, որից 22 միլիոն 500 հազարը բնակվում է Հարավային Աֆրիկայում:


















































