Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՎԱՏԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Մարտ 03,2009 00:00 Share

Նախկին ազատամարտիկները պաշտպան չունեն

2008 թ. հոկտեմբերի 26-29-ին մի խումբ ազատամարտիկներ, բողոքելով գրավյալ տարածքները վերադարձնելու դեմ, հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում: 10 հացադուլավորների անունից նախ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ապա «Առավոտին» դիմած Մերուժան Հարությունյանն ասաց. «Հոկտեմբերի 26-ին, օրինական կարգով իրազեկում իրականացնելուց հետո, սկսեցինք նախազգուշական հացադուլ: Նույն օրը 19.50-ին 22-25 ոստիկաններ առեւանգեցին մեր 2 վրանները, իսկ 22.45-22.50-ին 8 ավտոմեքենայով ավելի քան 50-60 ոստիկաններ (նրանցից մոտ 40-ը՝ կարմիր բերետավորներ) հարձակվեցին մեզ վրա եւ բռնի ուժով, քաշքշելով, մեզ հեռացրին Եռաբլուրից: Հաջորդ առավոտյան ժամը 9-ի սահմաններում Եռաբլուրում մեզ այցելեցին Մալաթիա համայնքի ոստիկանության աշխատակիցները եւ հայտարարեցին, որ իրենց պետը մեզ հրավիրում է զրույցի: Մեզ որեւէ փաստաթուղթ չներկայացվեց»: Մերուժան Հարությունյանին եւ Արմեն Մանուկյանին ոստիկանները տարել են բաժին: Նրանց հետ հանդիպման ընթացքում ոստիկանության բաժնի պետի ծառայության հարցերով տեղակալը պահանջել է երեք օր չգնալ Եռաբլուր, ասելով, որ այդ հրահանգը ստացել է իր վերադասից:

Ըստ Մ. Հարությունյանի, վերադառնալով, Եռաբլուրի մուտքի մոտ հանդիպել են ոստիկանական պատնեշի, եւ հացադուլավորներին արգելվել է բարձրանալ Պանթեոն՝ «չնայած Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի ներկայության»: Ըստ բողոքաբերի՝ նույն օրը, երեկոյան ժամը 22-ի սահմաններում Վարդան Մալխասյանին ոստիկանության գնդապետը, հրելով, քաշքշելով ու հայհոյելով, հեռացրել է Պանթեոնից. «Նոյեմբերի 28-ի առավոտյան մեզ մոտեցան 30 ոստիկաններ, քաշքշելով հեռացրին Պանթեոնից եւ փակեցին Պանթեոն տանող ճանապարհը: Այդ օրը ժամը 10.30-ի սահմաններում Եռաբլուրին մոտեցավ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, սակայն ոստիկանությունը, ոտնահարելով մեր իրավունքները, շարունակում էր խոչընդոտել մեր ազատ տեղաշարժը: Ոստիկանության անօրեն պահանջները շարունակվեցին նաեւ հաջորդ օրը»:

Ազատամարտիկները խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ գնահատական տալ իրավապահների կողմից իրենց իրավունքների շարունակական ոտնահարման փաստերին: 2009 թ. հունվարի 26-ին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը տեղեկացրել է, որ Մ. Հարությունյանի բողոքն ընդունվել է քննարկման, իսկ փետրվարի 18-ին հայտնել են, որ «համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, քննարկումը դադարեցվել է»:

Պաշտպանը նաեւ հայտնել է. «Նշվածի կապակցությամբ մեր գրությանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության պետը գրությամբ հայտնել է, որ քաղաքացի Մերուժան Հարությունյանի դիմումի քննարկման արդյունքներով դիմումում նշված հանգամանքները չեն հիմնավորվել»: Դիմումի քննարկման արդյունքում բացատրություն է տվել Մալաթիայի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Ամիրջանյանը եւ հայտնել, որ 26.10.08թ. ժամը 20-ի սահմաններում ինքը տեղեկացել է, որ մի քանի անձինք հացադուլ են հայտարարել Եռաբլուրում, որից հետո բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Գ. Մութաֆյանի եւ Հ. Վարդապետյանի, Հ. Նալբանդյանի եւ ավագ տեղամասային տեսուչ Ս. Թամամյանի հետ մեկնել են նշված վայր եւ տեսել նստարաններին նստած 4-5 մարդու, որոնց մոտ եղել է պաստառ: Ըստ Գ. Ամիրջանյանի բացատրության՝ հացադուլավորներին նախազգուշացվել է չտրորել կանաչ գոտին, «չապականել» շրջակայքը, իրենք այդ երեք օրերին բազմաթիվ անգամ այցելել են հացադուլավորներին՝ անվտանգության ու հասարակական կարգն ապահովելու համար: Նաեւ հայտնել են, որ իրենց միջեւ վիճաբանություն, քաշքշուկ տեղի չի ունեցել: Նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաեւ ոստիկանության Մալաթիայի աշխատակիցները: ՀՀ ոստիկանության պետը պաշտպանին գրությամբ հայտնել է նաեւ, որ «համաձայն ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Ռ. Մելքոնյանի կողմից տրված տեղեկանքի՝ 2008 թ. հոկտեմբերի 26-28-ը Եռաբլուրում եւ նրան հարակից տարածքում Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ (հատուկ) գումարտակի ոստիկանները ծառայություն չեն իրականացրել»:

«Ցավալի է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ի գիտություն եւ հիմք է ընդունել միայն ոստիկանության գրությունը, բայց ոչ մեր բողոքը, թեպետ մեր իրավունքների ոտնահարման ականատեսն է եղել նաեւ նրա ներկայացուցիչը»,- գրում է Մ. Հարությունյանը եւ հարցնում, թե ինչո՞ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի տարածել համապատասխան հայտարարություն, ինչպես դա անում էր նման դեպքերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել