Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐԻ «ԾՈՒՌ» ՀԱՅԵԼԻՆԵՐԸ

Ապրիլ 03,2009 00:00

Ինչպես խոստացել էինք «Առավոտի» հունվարի 21-ի համարում տպագրված «Դպրոցների հայելիները» հոդվածում, կրկին անդրադառնում ենք հայաստանյան դպրոցների կայքէջերին:

\"\"
Իսկ սա Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի կայքէջն է: Այս կայքէջը «համր» է: Բոլոր խորագրերի ներքո՝ «Պատմություն», «Աշխատակազմ», «Ավանդույթներ», «Երգչախումբ»
եւ այլն, միայն լուսանկարներ են՝ առանց որեւէ մակագրության:
Ու անհայտ է նաեւ այս դպրոցի տնօրենի անունը:

Ոչինչ չի փոխվել

Մեր հրապարակումից հետո ՀՀ դպրոցների ինտերնետային ներքին ցանցում տեղադրվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նամակը, որում բոլոր դպրոցների կայքէջերի պատասխանատուներին խնդրվում էր թարմացնել եւ հետեւել իրենց էջերին. «Հարգելի գործընկերներ, «Առավոտ» թերթի «Դպրոցների հայելիները» հոդվածը անդրադարձել է դպրոցների կայքէջերի շատ մտահոգիչ վիճակին։ Խնդրում ենք ծանոթանալ հրապարակված հոդվածին եւ ուշադրություն դարձնել ձեր դպրոցի կայքում տեղադրված նյութերին ու կազմակերպել դրանց թարմացման աշխատանքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»: Անցել է ավելի քան երկու ամիս, որեւէ փոփոխություն չկա: Նորից նույն՝ մի քանի տարվա թարմության «նորությունները», ոչինչ չասող ինֆորմացիան…

Շարունակում ենք անդրադարձը դպրոցների կայքէջերին:

Ո՞վ է նա, ո՞վ է նա

Արմավիրի թիվ 9 դպրոցում «Մեր դպրոցը» խորագրի ներքո կարդում ենք. «2001 թվականի հունվարի 19-ից մինչեւ այժմ տնօրենն է Հենրիկ Գրիգորի Մուշեղյանը»: Իսկ «Աշխատակազմ» խորագրի տակ տեսնում ենք. «Դպրոցի այժմյան տնօրեն Հենրիկ Մարգարյանը ծնվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ Արգավանդ գյուղում»: Զարմանալի է, որ այս դպրոցում դեռ չեն կողմնորոշվել, թե ով է իրենց տնօրենը կամ եթե նույն մարդու մասին է խոսքը, չեն կողմնորոշվել, թե ի՞նչ է իրենց տնօրենի ազգանունը:

Հրաշք վարժարանը

Իր ձեռքբերումներով հպարտանում է Տավուշի մարզի Բերդի վարժարանը: Կարդալով այս վարժարանի մասին տվյալները, թվում է, թե մի ուրիշ աշխարհ ես ընկել: Մնում է միայն ենթադրել՝ իրակա՞ն է այս ամենը, թե՞ հեքիաթ: «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարանը հիմնադրվել է 1992 թ.՝ ՀՀ գիտության եւ կրթության նախարարի հրամանով, որպես պետական ավագ դպրոց՝ հոսքային ուսուցմամբ՝ հումանիտար, ֆիզմաթ, բնագիտական: Վարժարանում սովորել եւ ավարտել է ավելի քան 600 աշակերտ: Նրանց 90%-ը սովորում կամ ավարտել է ՀՀ բուհեր: Վարժարանը տվել է 23 մեդալակիր շրջանավարտ, ասպիրանտուրա են ավարտել՝ 8, մագիստրատուրա՝ 12, իսկ այժմ բուհերում սովորում է 150 շրջանավարտ: Ունենք գիտությունների 1 թեկնածու:  Վարժարանն ունի 110 աշակերտ, գերազանցիկ՝ 20-ը, բարձր առաջադիմությամբ՝ 70-ը, բավարար առաջադիմությամբ՝ 20-ը: Վարժարանը համագործակցում է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, մանկավարժական համալսարանի հետ: Ունի գյուղակադեմիայի հոսքային դասարան: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով, սկսած 1998 թ., վարժարանի շրջանավարտները ՀՀ բուհեր կարող են ընդունվել հարցազրույցի միջոցով (ընդգծումը մերն է- Մ. Բ.)»: Այնուհետեւ նկարագրվում է ինչ-որ մի ուսումնական տարվա սկզբի (որեւէ տարեթիվ չկա, ինչից ենթադրում ենք, որ դա 2005-ից մինչեւ 2007 թվականներն ընկած ժամանակահատվածն է, ավելի թարմ դժվար թե լիներ) միջոցառումը, որի ավարտին գրված է. «Կարդում է 2004-2005 ուստարվա Բերդի վարժարանի մեդալակիր Անի Հարությունյանը. «Բարի լու՜յս, Հայաստան, Բարի լու՜յս, ի՛մ երկիր… Ես հպարտ եմ, որ քո զավակն եմ, հպարտ եմ, որ այս փոքրիկ հողի մի նշխարն եմ: Դու այնքան ազնվորեն էիր լույս աշխարհ եկել, իմ ժողովուրդ, սակայն ստեղծման օրից ի վեր դատապարտվեցիր մաքառման. մաքառումն ահավոր կնիքի նման դրոշմվեց քո ազգային ճակատագրի վրա: Եթե պատմության խորքը փորփրենք, կտեսնենք իսկական հային՝ ձեռքը պայքարի մեջ, հոգին խաղաղության տենչալիս, միտքը աշխատանքի հետ:

Եվ այդպես էլ ապրեց՝ ճերմակ երազանքները կարմիր ներկած աչքը՝ լուրթ երկնքին, ոսկեգույն ցորենը գրկի մեջ: Հիրավի, քեզ ճանաչողը այս եռագույնով պետք է ճանաչեր: Սուրբ է քո քարքարոտ հողը, որովհետեւ նրանից ես հաց քամել ու սնվել, որովհետեւ նա է քեզ տվել հույսի փոքրիկ, փոքրիկ ծիլեր: Քո ոսկեծուփ հասկերը այժմ ծփում են քո գերբի վրա, իսկ հույսը՝ ճախրող հույսը վահան դարձրիր սրտիդ վրա՝ առյուծի պես մռնչալով դարեր տեւած կռիվներում: Հիրավի քեզ ճանաչողը այս վահանով պետք է ճանաչեր քեզ: Իսկ երբ եկել ես տուն, նստել ես օջախի մոտ, աղոթք ուղղել երկնքին, գիրկդ առել զավակներիդ՝ պատմելով նրանց գլխովդ անցածը, օրհնել ես նրանց, եւ սկսել է հյուսվել ու հոլովվել օրհներգդ: Սկզբից այն հնչել է որպես սրտի մորմոք, ապա՝ որպես արծաթափայլ գութանի զնգոց, իսկ այժմ՝ որպես զավակիդ բազկին ուժ տվող կանչ: Հիրավի քեզ ճանաչողը քո ոգով պետք է ճանաչի քեզ. դա է քո ամենակարեւոր խորհրդանիշը: Հայրենիք, ես քեզ համար պատրաստ եմ նրան, ինչին միշտ պատրաստ էին իմ հայրենասեր նախնիները: Դու անկախ ես, օ՜ ուրախություն, Դու ազատ ես, օ՜ երջանկություն, Այն սրտի համար,  Որ սիրում է քեզ»:   

«Եսթետիկայից»՝ կենսաբանություն

Իսկ ահա Երեւանի թիվ 119 դպրոցի կայքէջում մեզ հետաքրքրեց դպրոցի ուսուցչուհիներից մեկի կենսագրությունը: Ներկայացնում ենք առանց խմբագրման. «Մայա Կամոյի Հարությունյան-Ավարտել է թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1983թ-ից աշխատել է թիվ 119 դպրոցում, որպես գեղագիտության եվ եսթետիկայի ուսուցչուհի: Վերապատրաստվելուց հետո դասավանդում է կենսաբանություն: 1985թ-ից աշխատում է որպես փոխտնօրեն՝ ուսումնադաստիարակչական գծով»:

Լոքյանը՝ ԿԳ նախարար, իսկ ուսուցիչները՝ սերմնացաններ

Ծանր ու դժվար է եղել Դիլիջանի թիվ 4 դպրոցի ուղին: «Չարաբաստիկ 1988թ. երկրաշարժը ցնցեց նաեւ Դիլիջանի թիվ 4 միջն. դպրոցի հիմքերը: Այն դարձավ գործածության համար ոչ պիտանի: Ողջ մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտները ստիպված էին «օթեւանելու» քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող դպրոցներում, աշխատելով երկհերթ՝ քաղցի ու ցրտի պայմաններում, մինչեւ որ անցան տնակային կառույցի դպրոցների: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «կարկուտը ծեծած տեղն է ծեծում». դարձյալ զրկվեցինք դպրոցից. այս անգամ հրդեհը լափեց այն: Կոլեկտիվը տեղափոխվեց դարձյալ մեկ ուրիշ տնակներ՝ փոքրիկ, անշուք եւ անհրապույր: Ջեռուցման բացակայության պատճառով ստիպված էին անցկացնել 5-10 րոպե տեւողությամբ դասաժամեր, որը, անշուշտ, իր բացասական ազդեցությունը ունեցավ մատաղ սերնդի զարգացման ու դաստիարակության վրա:

1994թ. դպրոցի տնօրեն նշանակվեց ընկ. Է. Եսայանը: Նրա օրոք դպրոցը տեղափոխվեց քաղաքի թիվ 4 մանկապարտեզի շենքը: Աշխատեցինք երկհերթ, սանիտարահիգիենիկ անհամապատասխան պայմաններում: Նվազեց աշակերտության թիվը՝ հասնելով 600-ի: Դրան նպաստեց մեր ժողովրդի արտագաղթը: 1999 թվականից դպրոցի տնօրենն է տիկին Ծովիկ Մկրտչյանը: Նրա օրոք դպրոցը ոտքի կանգնեց: Նրա տքնաջան ու եռանդուն աշխատասիրության, մայրական հոգատարության ու պահանջկոտության շնորհիվ դպրոցը հասավ մեծ հաջողությունների: Կրթության եւ գիտության նախարար պարոն Դ. Լոքյանի, Տավուշի մարզպետ պարոն Ա. Ղուլարյանի, Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժ. Պետրոսյանի եւ նորօրյա քաղաքապետ պարոն Ժ. Սահաբալյանի աջակցությամբ մեր կոլեկտիվը եւ աշակերտները մեծ նվեր ստացան. նախկին քարաշեն դպրոցի տեղում կառուցվեց նոր ու լուսավոր, ընդարձակ ու հարմարավետ շինություն. կարծես հառնեց թիվ 4 միջն. դպրոցը: Դա երանելի 2004 թվականի մարտի 26-ին էր: Խորին շնորհակալություն նրանց»,-գրված է կայքէջի «Մեր դպրոցը» խորագրի ներքո:

Իսկ սա մի հատված է այս նույն դպրոցի ուսուցիչների օրիգինալ ցանկից.

Անահիտ Ղազարյան- Հայ գրականությունը նրա տարերքն է: Սիրում է շունչ հաղորդել լեզվի քարացած ձեւերին:

Սիլվա Հարությունյան -Սիրում է կարգապահություն: Իր պահանջկոտությամբ բարձր է պահում լեզվի եւ գրականության դերը:

Մանուշ Պողոսյան- Արտադասարանական միջոցառումները համարում է դաստիարակության լավագույն միջոցը:

Ռոզա Կոստանյան- Տարեց է, սակայն կենսախինդ, կյանքով լեցուն մանկավարժ: Շատերը կնախանձեն նրան:

Խաչիկ Գրիգորյան- Օտար լեզվի սերմնացանն է:

Արարատ Ալիխանյան- Աշակերտի իրավունքների պաշտպան:

Էլմիրա Դավթյան- Ֆիզիկայի եւ աստղագիտության բնական գիտությունների սերմանող:

Էլֆիկ Եսայան- Սիրում է «թափառել» տիեզերքի անեզրության ծալքերում:

Գայանե Սահակյան- Բանիմաց, շնորհալի եւ չափազանց մարդկային անձնավորություն:

Գագիկ Ալիխանյան- Հայոց բանակի զինվորների դաստիարակ:

Ամալյա Սիմոնյան- Մեծ ներդրում ունի տղաների աշխատանքային դաստիարակության հարցերում:

Գենյա Թամրազյան- Սիրում է փոքրիկներին, հատկապես լավ տրամադրություն ունեցողներին:

Անահիտ Մանուկյան- Մաթեմատիկ, որ ամեն ինչ անում է անհասկանալին հասանելի դարձնելու համար:

Արեւիկ Աբգարյան- Պատմության խորքերն ուսումնասիրող եւ սիրված երիտասարդ մանկավարժ:

Հերմինե Շերենց- Ուսումնասիրում է Հայոց պատմության խորքերը:

Ռուզան Պողոսյան- Պուշկինյան պոեզիայի երկրպագու, բարության մարմնացում:

Ռուզան Դավթյան- Կապուտաչյա, նրբագեղ մաթեմատիկոս:

Լաուրա Մկրտչյան- Կենսաբանության ոլորտներում մարդ արարածի եւ բնության օրենքների ու գաղտնիքների պարզաբանողն է:

Ռուզան Օհանյան- Մանկավարժի հմտությամբ պատրաստում է ապագա տնտեսուհիներ:

Լիլիթ Քեռյան- Երաժշտագետ, որ սիրում է փոքրերին:

Հասմիկ Եգանյան- Մանուկներին նվիրյալ, արտադասարանական միջոցառումների նախատեսող-հեղինակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել