Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձևում թույլ չի տրվում ուժի գործադրմամբ, առավել ևս՝ էթնիկ զտման միջոցով հակամարտությունը լուծել. Աննա Մելիքյան

Մայիս 04,2026 22:35 Share

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը գրում է.

«Ամենը «ֆեյք նյուզ» կոչող Ալիևը այսօր կրկին ընտրովի է մեկնաբանել միջազգային իրավունքը։
Շատ զավեշտալի է, որ կախված լսարանից՝ կամ ասում է, որ այլևս չկա միջազգային իրավունք, կամ որ հակամարտությունը «լուծել են միջազգային իրավունքին համահունչ»։

Երկու դեպքում էլ ստում է։

Այսօր կրկին իր թեզերից մեկն է հնչեցրել՝ առ այն, որ Արցախի վրա հարձակվելիս գործել են միջազգային իրավունքին համապատասխան, ավելին՝ ի կատար են ածել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս բանաձևերը հաճախ էին Ադրբեջանի հիշում, վկայակոչում, բայց ինչպես միշտ՝ ընտրովի։
Վստահ եմ, որ շատ քիչ մարդ է կարդացել այդ բանաձևերը։

Գուցե արդեն անգամ ժամանակավրեպ է, բայց քանի որ Ալիևը դեռ վկայակոչում է, իսկ հակաճառող չկա, ջղայնացնում է ապատեղեկատվությունը, կամ թերասուկները, հիշեցնեմ, թե ինչի մասին են այս բանաձևերը /ամբողջությամբ չեմ ցիտում, բայց Ալիևի ասածին վերաբերելի հատվածներն եմ ցիտում/։

Բոլոր 4 բանաձևերն ընդունվել են 1993թ․, հիմնականում հայկական ուժերի առաջխաղացումից հետո։ Այո, բոլորում նշվում են Ադրբեջանի և տարածաշրջանի բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները, միջազգային սահմանների անխախտելիության և ուժի գործադրմամբ նոր տարածքներ ձեռքբերելու անթույլատրելիությունը։

Բայց ոչ մի բանաձևում թույլ չի տրվում ուժի գործադրմամբ, առավել ևս՝ էթնիկ զտման միջոցով հակամարտությունը լուծել։ Ընդհակառակը, բոլորին հստակ նշվում է Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին լիարժեք աջակցություն, հրադադարի ապահովում, ուժի գործադրումից զերծ մնալը և Մինսկի կոնֆերանսի միջոցով խաղաղ կարգավորման քննարկում։

Պահանջվում է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարից և միջազգային կազմակերպություններից աջակցել տեղահանված բնակչության վերադարձին։

Ադրբեջանը ամեն ինչ արեց, որ խախտի այդ բանաձևերը, իսկ ԵԱՀԿ մասնակցող բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, լուծարեցին Մինսկի խումբը, որպեսզի կոնֆերանսը տեղի չունենա և Արցախի հարցերը չքննարկվեն։ Ավելին` որևէ այլընտրանքային հարթակ չառաջարկվեց, իսկ ընթացող բանակցությունների օրակարգում այս “անհարմար” հարցերը հանվել են։

Նախ, 1993թ․ ապրիլի 30-ին ընդունվում է առաջին բանաձևը (822), որում խոսվում է տեղական հայկական ուժերի կողմից Քելբաջար ներխուժման և բնակչության տեղահանության մասին։

– Բանաձևում մտահոգություն է հայտնվում իրավիճակի վերաբերյալ,

– Պահանջում են անմիջապես դադարեցնել բոլոր մարտական գործողությունները՝ կայուն հրադադար ապահովելու նպատակով, և Քելբաջարից հետ քաշել բոլոր օկուպացնող ուժերը։ Հատկանշական է, որ այս բանաձևում խոսքն անցնում է ոչ թե Հայաստանի զինված ուժերի, այլ տեղի՝ Լեռնային Ղարաբաղի ուժերի մասին։

– Հորդորում են կողմերին վերսկսել Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները, և զերծ մնալ որևէ գործողությունից, որը կարող է խաթարել հակամարտության խաղաղ կարգավորումը։
Հաջորդ բանաձևը ընդունվեց Աղդամից հետո՝ 1993թ․ հուլիսի 29-ին (853)։

Բանաձևում դատապարտվում է Աղդամի գրավումը,

– Քաղաքացիական բնակչության ռմբակոծությունները։

– Պահանջվում է դադարեցնել բոլոր մարտական գործողությունները և օկուպացված տարածքներից ուժերը հետ քաշել։

– Կոչ է անում պահպանել հրադադարը։

– Աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը։

– Հորդորում է կողմերին զերծ մնալ որևէ քայլերից, որոնք կարող են խոչընդոտել հակամարտության խաղաղ լուծմանը, և համաձայնեցվել Մինսկի խմբի հովանու ներքո։

– Հորդորում է այլ պետություններին չմատակարարել զենք, որը կարող է նպաստել հակամարտության ուժգնությանը կամ տարածքի օկուպացիային։

Երրորդ բանաձևն ընդունվեց 1993թ․ հոկտեմբերի 14-ին (874)։

– Հորդորում են կողմերին մշտական և արդյունավետ հրադադար ապահովել;

– Լիարժեք աջակցություն է հայտնում Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին,

– Կոչ է անում կատարել Մինսկի խմբի կողմից մշակված երկկողմանի միջոցառումների ժամանակացույցով միջոցները, այդ թվում՝ ուժերը հետ քաշել,

– Կոչ է անում հնարավորինս շուտ հրավիրել Մինսկի կոնֆերանսը՝ հակամարտությանը բանակցված լուծում գտնելու նպատակով;

– Կոչ է անում կողմերին զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներից։
Վերջին բանաձևն ընդունվեց 1993թ․ նոյեմբերի 12-ին (884)

– Կողմերից պահանջում են հրադադարի ապահովում, Հորադիզից ու Զանգելանի շրջանից օկուպացնող ուժերի հետ քաշում,

– Կոչ են անում շարունակել ջանքեր գործադրել՝ հասնելու բանակցված կարգավորմանը Մինսկի գործընթացի շրջանակներում,

– տարածաշրջանի պետություններից պահանջում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խորացնել հակամարտությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031