Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԸ ԿԱ՞, ԹԵ՞ ՔԱՆԴՎԵԼ Է

Ապրիլ 04,2009 00:00 Share

Մեկ տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը իր երդմնակալության արարողության ժամանակ կոչ արեց «քանդել չհասկացվածության պատը»: Երեկ «Առավոտը» փորձեց պարզել՝ ի՞նչ է արվել այս ուղղությամբ մեկ տարվա ընթացքում:

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում գրված է. «Այսօր առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի վրա, չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների եւ սխալների վերաբերյալ անհարկի բանավեճերում, այլ համագործակցենք ու կառուցողական երկխոսություն ծավալենք այն նպատակների եւ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են մեր ազգային-պետական առաջնահերթություններին եւ միտված են ապագայի կերտմանը: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ:

Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է ճանաչվի որպես ազատ մրցակցային միջավայրում գործարարության եւ ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Թող Աստված տա մեզ իմաստնություն՝ վերարժեւորելով ձեռք բերվածը, բազմապատկել ազգային ներուժը եւ նվաճել նոր բարձունքներ»:

Ապրիլի 9-ին կլրանա նախագահի պաշտոնավարման մեկ տարին: Թե որքանով նախագահին հաջողվեց իրականացնել վերոհիշյալ ծրագրերը, խնդրեցինք գնահատել խորհրդարանական քաղաքական ուժերին: «Տեմպերը նորմալ են, կանոնավոր տեմպերով առաջ ենք գնում»,- ի պատասխան «Առավոտի» հարցի՝ անցած մեկ տարվա ընթացքում երկրի նախագահը հասցրե՞լ է կատարել իր նախընտրական խոստումների ինչ-որ մասը, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա, կան բնագավառներ, որտեղ խոստումներն անգամ գերակատարվել են: Որպես օրինակ պատգամավորը նշեց համայնքներում կատարվող աշխատանքը, ծառատունկերը եւ այլն, իսկ որպես դանդաղ աշխատանք՝ առանձնացվեց հետեւյալը. «Որպես իրավաբան ասեմ. ուրիշ բաների հետ գործ չունեմ, այս Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոխելու գործը շուտ պիտի սկսվեր, եւ մինչեւ հիմա լուծված կլիներ դրանց հարցը ավելի մեղմ պատիժներով եւ ավելի մեղմ հոդվածներով, եւ հանդուրժողականությունը ավելի խորացած կլիներ: Իմ կարծիքով, դա մի քիչ դանդաղ կատարվեց, որովհետեւ ընդդիմությունը շատ կոպիտ ձեւով էր պահանջներ առաջադրում, ըստ երեւույթին, նախագահն էլ նույն կարծր ձեւով էր պատասխանում նրանց, բայց կարծում եմ, որ եթե երկուստեք կարծր չլինեին, այս հարցերն ավելի շուտ լուծված կլինեին»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով, նախագահի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում առայժմ իրականացած չէ այն, ինչին ձգտել է հասարակությունը. «Համենայնդեպս, եթե դրանց ուղղությամբ քայլերը կան, ապա դա թաքցված կամ գաղտնի պրոցես է, մեզ համար հասարակական մակերեւույթի վրա տեսանելի բան չկա»: Մեր խնդրանքին՝ շատ կարճ բնութագրել Սերժ Սարգսյանի նախագահությունն այս մեկ տարվա ընթացքում, ընդդիմադիր պատգամավորը այսպիսի վերլուծություն ներկայացրեց. «Եթե հաշվի առնենք, որ այնպիսի ողբերգությունից հետո է նախագահն անցել պաշտոնավարման, ինչպիսին էր մարտի 1-ը, ապա, ամեն դեպքում, դա եղել է հավասարակշռված, այսինքն՝ նոր մարտիմեկեր չեն կրկնվել, բախումներ չեն եղել: Բայց օբյեկտիվ լինելու համար նշենք, որ արտաքին գործոնները եւս շատ մեծ դեր են խաղալու՝ ինչպես համաշխարհային ճգնաժամը, այնպես էլ օբյեկտիվ բարդությունները, որոնք կան համակարգում եւ ժառանգված են նախորդ իշխանություններից: Դրանք էապես ազդել են մթնոլորտի վրա եւ այսօր էլ ազդում են գործընթացների վրա, այնպես որ՝ մեզ սպասում են ավելի ու ավելի բարդ իրավիճակներ»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը՝ գնահատելով նախագահի պաշտոնավարման մեկ տարին, ասաց, որ նախագահի կողմից հենց սկզբից բոլոր ուժերին ուղղված կոչ հնչեց՝ երկխոսել եւ ապրել հանդուրժողականության մեջ. «Սա տարբեր առիթներով եղել է, ես կարծում եմ, որ նաեւ ներումները, որ շնորհվեցին, եւս մեկ քայլ է, որը կարող էր տանել դեպի հարաբերությունների մեղմացում: Նախագահի հայտարարությունների մեջ, համենայնդեպս, այս մեղմացմանը տանող առաջարկները եւ պատրաստակամությունը միշտ էլ եղել են»:

Դաշնակցական պատգամավորի կարծիքով՝ «եթե հարաբերությունների կոշտացում է եղել, կամ կոշտացումը պահպանվել է, ապա այստեղ հակառակ կողմը (նկատի ունի ընդդիմությանը- Մ. Ե.), ցավոք, բացասական դեր է խաղացել: Կարծես ավելի լարումը պահելու ցանկություն է եղել, եւ սա նույնպես պատճառ է եղել, որ իշխանությունը նույնպես իր կոշտությունը պահպանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել