Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ԱՆՀԵԹԵԹ ՈՒ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"Այսպես են փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը գնահատում «Յոթի» գործը 5 առանձին գործերի մասնատելու մասին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը:

Պարզվում է՝ ապրիլի 1-ին, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում «Յոթի» գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գործը մասնատել 5 առանձին մասերի, առաջնորդվել էր բացառապես ազնիվ նպատակներով եւ դատաքննությունը չձգձգելու, այն ողջամիտ ժամկետում ավարտելու, 7 քաղբանտարկյալների շահերը չոտնահարելու մտահոգությամբ եւ ամենեւին էլ ոչ այս գործի դատավարության նկատմամբ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով: Համենայնդեպս, այդպես է ստացվում ՀՀ Վճռաբեկ դատարանի կայքէջում դրված այն հաղորդագրությունից, որով պարզաբանվում էին դատավոր Մարտիրոսյանի կայացրած սույն որոշման շարժառիթները: Ըստ այդմ՝ «դատարանն արձանագրել է՝ սույն քրեական գործով ամբաստանյալների, տուժողների եւ վկաների մեծաքանակության պարագայում նրանց վերաբերյալ քրեական գործերի դատական քննությունը մեկ վարույթում շարունակելը նպատակահարմար չէ, քանի որ այդ հանգամանքը դժվարացնում է ապացույցների հետազոտումն ու գործով ճշմարտության բացահայտումը», ուստի՝ դատարանը վկայակոչելով Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Քրեական դատավարության մի շարք դրույթներ, «հանգել է եզրակացության, որ քրեական գործի անջատումն էական նշանակություն ունի եւ անհրաժեշտ է գործով առավել արագ, ամբողջական եւ օբյեկտիվ դատական քննություն ապահովելու, քրեական գործով դատական քննության անհարկի ձգձգումները եւ դատավարության մասնակիցների օրինական շահերի ոտնահարումը կանխելու համար»:

Սակայն «Յոթի» պաշտպանները, որոնք մինչեւ 7 քաղբանտարկյալների գործերը մեկ միասնական վարույթով դատարան մտնելու դեմ առարկում էին, հիմա ամենեւին էլ ոգեւորված չեն դատավորի կողմից այսպիսի «բարեհոգության» եւ «հումանիզմի» դրսեւորումից: Թե ինչու՝ փորձենք ներկայացնել՝ նկատի ունենալով ե՛ւ «Յոթի», ե՛ւ մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերով ներգրավված այլ փաստաբանների կողմից մատնանշվող առարկությունները: Նախ, «Յոթի» պաշտպանները մինչեւ այդ գործը դատարան ուղարկելը եւ այսօր էլ համարում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ հարուցված քրգործերը շինծու են, արհեստական եւ քաղաքական հետապնդման արդյունք են, որ 7 ամբաստանվողները ամենեւին էլ «հանցավոր խումբ» չեն եղել եւ «նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգություններ չեն կազմակերպել», ինչպես ներկայացվում է նրանց առաջադրված ե՛ւ հին, ե՛ւ արդեն նոր մեղադրանքներում: Եվ հենց այդպիսի համոզմունքն է եղել պատճառը, որ պաշտպանները ի սկզբանե ապօրինություն են համարել 7 քաղկալանավորների գործերը մեկ վարույթում միատեղելու, ասել է թե՝ նրանց իբրեւ «հանցավոր խումբ» ներկայացնելու ջանքերը:

Բայց այդ մեղադրանքը չընդունելով հանդերձ՝ հիմա «Յոթի» պաշտպանները դեմ են այդ գործերը մասնատելուն, որովհետեւ այդ դեպքում, հակառակ պաշտոնական պարզաբանումներին, ոչ միայն դատաքննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու, այլեւ գործի քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ապահովելն է դրվում կասկածի տակ, ու ահա թե ինչու: Մասնատված բոլոր 5 գործերով դատակոչված տուժողները նույնն են, եւ նրանք՝ որպես դատավարության կողմ, պետք է մասնակցեն բոլոր 5 գործերով դատաքննություններին: Սա նշանակում է, որ տուժողը կարող է, օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանի գործով դատաքննության ժամանակ միջնորդել այսինչ օրը դատ չնշանակել, որովհետեւ ինքը մի այլ՝ Հակոբ Հակոբյանի գործով դատական նիստին պիտի մասնակցի: Ասել է թե՝ բոլոր 5 դատարանները իրենց նիստերի օրը նշանակելիս պարտավոր են լինելու դրանք հարմարեցնել այնպես, որ տուժողները, վկաները, նաեւ ամբաստանվողների փաստաբանները, որոնք պաշտպանում են այդ գործերով անցնող մեկից ավելի ամբաստանվողների, այն մյուս գործերով դատական նիստերի չլինեն: Ստացվելու է, որ բոլոր 5 գործերով ամեն օր դատական նիստ անելը դառնալու է անհնարին, եւ դրանք բաշխվելու են շաբաթվա մեջ՝ մեկական օրերի վրա, ու դատաքննությունն արագ ավարտելու հարցը էլի մնալու է չլուծված:

Երկրորդ՝ եթե այդ բոլոր գործերի անջատումով դատարանը նպատակ էր հետապնդում ապահովել գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, ապա այդ իմաստով պաշտպանները գործից մասեր անջատելն ուղղակի խայտառակություն են համարում: Քանի որ բոլոր 7 քաղբանտարկյալներին առաջադրված նոր մեղադրանքի տրամաբանության առանցքն այն է, որ նրանք համատեղ եւ փոխհամաձայնության գալով են կազմակերպել զանգվածային անկարգությունները, ապա նրանց բոլորի գործերն էլ պիտի մնային մեկ ընդհանուր գործի շրջանակներում, որովհետեւ դրանք իրար հետ անմիջականորեն փոխկապակցված գործեր են: Պատկերացնենք մի վիճակ, երբ 7-ից որեւէ մեկի վերաբերյալ վճիռ է կայացվում, երբ մյուսների գործերը դեռ դատաքննության փուլում են: Ստացվում է, որ անկախ մյուս 5-ի գործերով դատաքննական ընթացքում ձեռք բերված ապացույցներից, որոնք կարող են նաեւ արդարացնող հանգամանք լինել կոնկրետ քաղբանտարկյալի համար, նա միեւնույն է՝ պետք է դատապարտվի: Այդ պարագայում պաշտպաններն էլ չեն կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել, որովհետեւ նրանց համար անհայտ է լինելու, թե մյուս գործերով ինչպիսի ապացույցներ են ձեռք բերվել հօգուտ իրենց պաշտպանյալի: Բացի այդ, ամբաստանվողները հիմա պարտավոր են լինելու 5 անգամ ցուցմունք տալ տարբեր դատարաններում, որովհետեւ բոլորի անունն էլ բոլոր 5 գործերով անցնում է: Այդպիսով, որեւէ ամբաստանվողի գործով հնարավոր չի լինելու ապահովել քննության ամբողջականությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել