Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"Կանխատեսում է Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամն ապրիլի 2-ին համացանցի իրենց պաշտոնական կայքէջում հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց տեսակետը, որը կներկայացնենք հատվածաբար:

«Արեւային քաղաքի քաղաքական կրքերը» վերնագրված այս հրապարակման մեջ հիշեցնելով, որ Երեւանում է բնակվում Հայաստանի բնակչության գրեթե կեսը, եւ այստեղ է կենտրոնացած մեր երկրի պետական կառավարման ապարատը՝ «Սիվիլիթասը» նշում է. «Այդ ամենն ինքնին վկայում է, որ երբ մայրաքաղաքի կառավարման համակարգի ձեւավորման հիմքում դրվել է ընտրովիության սկզբունքը՝ այդ ընտրությունը լինելու է ավելին, քան միայն տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունը: Սահմանադրության համապատասխան փոփոխությունը միտված էր հենց այդ խնդրի լուծմանը՝ Երեւանը համայնք վերածելուն, այդպիսով նպաստելով նաեւ պետական կառավարման համակարգի ապակենտրոնացմանը, ինչը արդյունավետ կառավարման կարեւոր գրավականներից է: Այդպիսով իշխանական համակարգի հակակշիռների մեխանիզմի մի լրացուցիչ տարր է ապահովվում, որը կբարձրացնի մրցակցությունը կառավարման համակարգում եւ կարող է էապես բարելավել կառավարման որակը: Թերեւս հաշվի առնելով նաեւ մայրաքաղաքի ֆունկցիոնալ ընդգրկման առանձնահատկությունը՝ որոշվեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրությանը, որ լինելու է անուղղակի, այսինքն՝ ավագանու ընտրությամբ միջնորդավորված, մասնակցեն միայն կուսակցությունները՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Այդպիսով, հենց սկզբից եւեթ Երեւանի ավագանու, այսինքն՝ քաղաքապետի ընտրությանը տրվեց քաղաքական կարեւոր նշանակություն: Այդ նշանակությունն էլ ավելի մեծացրեց առկա ներքաղաքական իրավիճակը, իշխանություն-ընդդիմություն հարաբերության առկա խնդիրները, նախագահի ընտրությունից հետո դեռեւս չհաղթահարված հասարակական անվստահության մթնոլորտը եւ ժողովրդավարական ինստիտուտների՝ դեռեւս ամբողջությամբ չհաղթահարված «կաթվածը»: Այդ ամենն էլ «հարստացավ» տնտեսական ճգնաժամով, որ ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում Հայաստանի տնտեսության համար, որը առավելապես կենտրոնացած է հենց Երեւանում: Իրավիճակի քաղաքականացմանը էլ ավելի նպաստեց այն, որ քաղաքապետի ընտրությանը ընդդիմության ցուցակը գլխավորեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընդդիմությունն էլ հայտարարեց, թե քաղաքապետի ընտրությունը դիտարկում է որպես նախագահի ընտրության երկրորդ փուլ: Ի պատասխան դրա, իշխանությունը սկսեց Երեւանի քաղաքապետի ընտրությունը զուտ ՏԻՄ ընտրության շրջանակում դիտարկելու մտայնության հետեւողական քարոզը հասարակության շրջանում՝ ընտրությունը փորձելով տեղավորել կանաչապատման կամ աղբահանության գործընթացի շրջանակում, կարծես խոսքը ոչ թե երկրի ռեսուրսների գերակշիռ մասը ներառող Երեւանի, այլ ինչ-որ համատիրության ղեկավարի ընտրության մասին է: Մեծ հաշվով, այդ երկու մոտեցումն էլ ընտրությունը փաստացի շեղում են բուն խնդրից՝ տանելով երկու ծայրահեղ ուղղությամբ»:

«Սիվիլիթասն» իր տեսակետն է ներկայացրել նաեւ ավագանու ընտրության հեռանկարների վերաբերյալ. «Անկասկած է, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունը չի կարող լինել նախագահի ընտրության շարունակություն, քանի որ հարցն այդ հարթության վրա դիտարկելիս Երեւանը փաստացի դուրս է մնում տեսադաշտից, հետեւաբար կորում է նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնելու որոշման տրամաբանությունը: Այդ որոշումը, որ կայացվեց 2005 թվականին՝ միտված էր պետական կառավարման համակարգի ապակենտրոնացմանը, իշխանության հակակշիռների մեխանիզմը հարստացնելուն եւ այդ միջոցով կառավարման որակական աճի նոր նախադրյալ ստեղծելուն: Որոշումն իհարկե քաղաքական էր, բայց այն ենթադրում է ոչ թե իշխանության փոփոխության նոր մեխանիզմի ստեղծում, այլ բացում է քաղաքական պատասխանատվության նոր դաշտ, որ ստանձնում է Երեւանի քաղաքապետի ընտրությանը հաղթած քաղաքական ուժը՝ լինի դա իշխանությունը, թե ընդդիմությունը: Այսինքն, Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնելով՝ բացվում է նաեւ քաղաքական մրցակցության նոր ասպարեզ՝ այդպիսով նպաստելով քաղաքական համակարգի կայացմանը: Սակայն այդ մրցակցության ծայրահեղ ընկալումը, այդ մրցակցությունը համապետական իշխանափոխության հնարավորություն դիտարկելը կարող է անհարկի սրել իրավիճակը՝ մի կողմ թողնելով Երեւանի կարգավիճակի փոփոխության բուն նպատակը:

Միեւնույն ժամանակ, այդ բուն նպատակը չեզոքացնում է նաեւ իշխանությունը՝ ընդդիմության հետ մրցակցությունից խուսափելու նպատակով կենցաղայնացնելով Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Հասկանալի է, որ իշխանությունը գնում է այդ քայլին՝ չունենալով ընդդիմությանը համարժեք քաղաքական ռեսուրս: Սակայն Երեւանն ընդամենը մի ԲՇՏ-ի հավասարեցնելու իշխանական ջանքը նույնպես ծայրահեղացնում է իրավիճակը՝ փաստացի ստեղծելով նախադրյալ, երբ Երեւանի քաղաքապետի առաջին ընտրությունը դեռեւս բուն քվեարկությունից առաջ կհամալրի նախորդ բոլոր համապետական ընտրությունների շարքը, որպես քաղաքական եւ քաղաքացիական առաջընթացի եւս մի բաց թողնված հնարավորություն: Որքան ավելանում է այդօրինակ բաց թողնված հնարավորությունների թիվը, այդքան ավելի է նվազում հետագա առաջընթացի հավանականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել