Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԱՐՈՒՄ Է

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"Կարծում է ԱՄ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ համոզված, որ դա ՀՀ նախագահի կատարած դրական քայլերի արդյունքն է:

– Դուք ողջունեցիք համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի քայլը. կարծում եք, որ համաներումը նպաստե՞ց ներքաղաքական լարվածության թուլացմանը, որո՞նք են այդ դրսեւորումները:

– Միանգամայն ճիշտ եք, մենք ողջունեցինք համաներումը, եւ դա նպաստեց երկրում ներքաղաքական լարվածության թուլացմանը, ինչի վառ ապացույցն էր հուլիսի 2-ի մատենադարանամերձ հրապարակում հավաքվածների քանակը:

– Բավականին շատ մարդ կար:

– Համենայնդեպս, իրենք սպասում էին, որ շատ-շատ կլինեն:

– Կարծում եք՝ մարո՞ւմ է ընդդիմադիր շարժումը:

– Իհարկե: Շուտով կտեսնեք։

– ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին ընդունած վերջին բանաձեւը իրականում ի՞նչ ազդեցություն կունենա մեր երկրի ժողովրդավարացման վրա:

– Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հաստատումը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի իրականացման տեմպերով: Ներկայումս ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը ճարակել է համայն աշխարհը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունը, որոշակի ճշգրտումներ է մտցնում իշխանությունների ռազմավարության հարցում, որոնք համահունչ են նաեւ ԵԽԽՎ-ի 1677 բանաձեւի դրույթներին: Ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում այդ բանաձեւը եւ նրա հետեւողական բնույթը: Նա գալիս է լրացնելու ՀՀ նախագահի կողմից իրականացվող խնդրո առարկայի վերաբերյալ գործառությունը:

– Ընդունո՞ւմ եք ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության վերջին շրջանում ավանդական դարձած գործելաոճը՝ ընդդիմադիր թեւը ներկայացնող պատգամավորն՝ իր համար, իշխանական թեւի ներկայացուցիչներն՝ իրենց համար: Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորի բացահայտումներով, իշխանական թեւի ներկայացուցիչների հիմնական զբաղմունքը ԵԽԽՎ-ում «համակարգչի առաջ շարիկ գլորելն է»: Դա որեւէ ավանդ բերո՞ւմ է մեր երկրի ժողովրդավարացման եւ եվրաինտեգրման գործին:

– «Ազգային Միաբանություն» կուսակցությունը իր հիմնադրման օրվանից մինչեւ օրս, եւ համոզված եմ՝ ապագայում եւս, խնդիր չունի մեկնաբանել ասեկոսեներ եւ բամբասանքներ: ԵԽԽՎ-ի պատվիրակների աշխատանքի հիմնական արդյունքներից են Վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթները, ինչպես նաեւ իրենց նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Հայաստանին վերաբերող բանաձեւերը, որոնք դառնում են տվյալ հեղինակավոր կազմակերպության կողմից ընդունված պաշտոնական փաստաթղթեր: Ցանկացած այլ մեկնաբանություններ՝ դրանք զրույցների, բամբասանքների, բարեմաղթանքների եւ հեքիաթների շարքից են: Մեկնաբանել այդ ամենը՝ պարապ մարդկանց զբաղմունք է: Ընդհանրապես, գտնում եմ, որ այսօր միջազգային բոլոր կառույցներում մեր պատվիրակությունները եւ պատվիրակները պետք է գործեն միասնական՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

– Կիսո՞ւմ եք կարծիքը, որ երկրում հասունացել է արտահերթ որեւէ համապետական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն:

– Այո, կիսում եմ այդ տեսակետը եւ գտնում եմ, որ արդեն իսկ բացահայտ երեւում է, որ հասունացել է ՀԱԿ-ի նախագահի վերընտրության խնդիրը: ՀԱԿ-ի կազմում կան գործիչներ, որոնք, կարծում եմ, եթե ձերբազատվեն քաղաքական փակուղի տանող, առճակատում հրահրող իրենց առաջնորդի քաղաքականությունից, ապա խիստ պահանջված կլինեն:

– Առաջին նախագահի առաջարկած՝ քաղաքական ուժերի համագործակցության 12 կետերն ընդունելի՞ են Ձեզ համար: Հատկապես ո՞ր կետերի առիթով վերապահումներ ունեք եւ ինչո՞ւ:

– Կարծում եմ՝ վերը շարադրված հարցերի պատասխանները վերստին մատնանշում են տվյալ հարցի, մեղմ ասած, չպահանջված լինելը: Երկրում խորը ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա առաջն առնելու անհրաժեշտությունը ցանկացած լրջմիտ քաղաքական ուժի առաջնային առաքելությունը պետք է դառնա: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հարցերը տնտեսական ճգնաժամին կավելացնեն նաեւ քաղաքական լուրջ ճգնաժամ, որը հղի կլինի պետության հիմքերի սասանմամբ: Այդ հարցերի լուծման ընթացքում պետք է բացառել հավի կամ ձվի առաջնահերթության շուրջ ծավալվող անպտուղ քննարկումները, անհրաժեշտ է ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման մայր պատճառները գտնել քաղաքական համակարգում առկա թերությունների մեջ, որոնք, անշուշտ, իրենց բացասական ազդեցությունն են թողնում մեր պետության էկոնոմիկայի վրա: Սակայն դրանց հաղթահարումը տարածաշրջանային զարգացման խորապատկերում պետք է բացառի Հայաստանը քաղաքական ցնցումների հանգեցնելու՝ փոքր-ինչ մտավախությունը եւ հնարավորությունը: Մինչդեռ մենաշնորհների դեմ պայքարը, հավասարակշռված դրամավարկային քաղաքականության իրականացումը, որը կբացառի դրամի արհեստական արժեւորումը եւ կխրախուսի արտահանումը, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ պետք է դառնան քաղաքական ուժերին կոնսոլիդացնող եւ ոչ թե պառակտող հիմնական գործոններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել