Լրահոս
Օրվա լրահոսը

Ա˜խ, այդ փրկարար տոկոսները

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"Կամ՝ «Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ թեստերի մասին»

Մի խումբ ուսուցիչներ երկու փոքրիկ հոդվածներում այնքա˜ն բան էին ասել թեստի մասին, որ փրփրած «խորագույն» լեզվաբան-բանասերը մամուլի երեք էջ լցնելուց հետո, պարզվում է՝ դեռ ասելիք ունի: «Գիտնական» բանասերը բարձրացված խնդիրներին անդրադառնալու եւ բացատրելու փոխարեն դիմում է ինչ-որ տոկոսային թվերի (հետաքրքիր է՝ որտեղից նրան այդքան «ստույգ» տեղեկություններ. չէ՞ որ դիմորդները, հանրությունը անտեղյակ են), որոնք ոչինչ չեն ասում: Առաջին հոդվածը դատափետում էր այն ուսուցիչներին, ովքեր հանդգնել էին թեստերում սխալներ գտնել, բայց, չգիտես ինչու, հասցեագրված էր երկրիս նախագահին: Լռեցինք, քանի որ հասցեատերը մենք չէինք:

Նամակը մնաց անպատասխան:

Իր չհասկացած՝ «Փարվանայի» կտրիճների նման սույն գիտնականը շուրջպար բռնեց իր վառած խարույկի շուրջ եւ …թիթեռ դարձավ ու մի կերպ թռավ Օշական: Այնքա˜ն էր զայրացել, որ հանդգնեց խանգարել Ուսուցչապետի 1600-ամյա հանգիստը եւ փորձեց իրեն տանջող հարցերի պատասխանը ստանալ: Սակայն անդրշիրիմյան աշխարհից պատասխան ակնկալելը, մեր կարծիքով, զառանցանք է:

Ուսուցչապետի լռությունից իրեն կորցրած պարոնը նամակ հղեց Մաշտոցի աշակերտներից հանճարեղին՝ Պատմահորը, եւ հիշեցրեց «Ողբ»-ի տողերը, որ լավագույնս բնորոշում են հենց իրեն. «Ուսուցիչները…» (երեւի «ուսուցիչ» բառի խորենացիական իմաստը չի ընկալում):

Եվ ո˜վ զարմանք. Պատմահայրը արձագանքեց՝ ասելով. «Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»: Այդժամ սույն պարոնը սպառնաց Չարենցին դիմել. շտապենք զգուշացնել. Չարենցը իր պատասխանը վաղուց արդեն տվել է.

«Սանձել է ուզում հողմերին այս ողորմելին»:

Իսկ «խորագույն» լեզվաբանին մենք պարզապես ասում ենք. «Մենք մեր շիկացած ժամանակների բովերի վրա աղանձ չենք անում մեր ոսկեղենիկ լեզվի սերմացուն»: Հիշեցնենք տոկոսամոլությամբ տառապող պարոնին, որ մենք հաշվել ենք իր երկու հոդվածներում գրված բացասական որակումները.

Լուտանք, անդեմ բազմություն, գռեհիկ, անգետ, չարամիտ, տգետ, չարախոս, տգիտորեն, զրպարտիչ, սակավամիտ, անմիտ, ստորություն, երիցս ստորություն, անբարո, ինքնայլասերված, աղավաղված, շահամոլ, անգրագիտության քարոզ, անիմաստ շարան եւ այլն:

Եվ այս բոլորի գործածությունը՝ տասնյակ անգամ: Այսպիսի բառապաշարով բանավիճել փորձող անձնավորությունը համալսարանում երեխաներ է դաստիարակում: Հիմա ո՞վ է չարամիտը եւ չարախոսը:

Իսկ չարափառությամբ (ըստ Խորենացու՝ աղանդավոր) հիվանդ է սույն պարոնը:

Մենք չենք վերցնի նրա թելադրած ոճը եւ դադարեցնում ենք սխոլաստիկայի վերածվող վեճը, թե չէ նա բանը կարող է հասցնել Ավարայրի նահատակներին, բայց նորօրյա Եղիշե չի ծնվի: Փոխառելով բանաստեղծի միտքը՝ ասում ենք.

Մի մոռացված պատմական բառ,

Չհասկացված կապակցություն,

Կասկածելի կետադրություն

Ու մկրատված ասույթների խառնաշփոթ բառաշքերթ…

Այսպիսինն է հայերենը

Սեյրանական թեստերի մեջ:

Մի խումբ դիմավոր ուսուցիչներ

Հ. Գ. Ուշագրավ է, որ այն, ինչ ասում են ուսուցիչները, շատ ավելի խիստ ասում են իր համալսարանական գործընկերները, բայց, նրանց թողած, միայն ուսուցիչների դեմ է իր փայտե նիզակը ճոճում. վախենո՞ւմ է, թե՞ խնայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել