Երեկ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ինչպես Ձեզ հայտնի է, 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը, համաձայնություն էր տվել իմ եւ իմ գործընկերների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ) եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում) քրեական հետապնդում իրականացնելու եւ մեզ կալանավորելու վերաբերյալ: Սակայն Ձեր եւ մի շարք հեղինակավոր կառույցների, հատկապես՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետեւողական միջամտությունների շնորհիվ իշխանությունները ստիպված եղան ապաքրեականացնել վերոհիշյալ նորմերը, որոնք մինչ այդ հնարավորություն էին ընձեռում մարդուն հետապնդել իր քաղաքական հայացքների համար: Դրան հաջորդեց համաներման ակտի ընդունումը, որի կիրառմամբ իմ գործընկերները ազատ արձակվեցին: Համաներման այս ակտը նաեւ սահմանել է, որ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կտարածվի, եթե նրանք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին: Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ, նախեւառաջ, որեւէ հանցագործություն չեմ կատարել: Ավելին, ինձ եւ գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, իսկ այնուհետեւ՝ համաներման ակտ ընդունելով, իշխանությունները, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում: Բացի այդ, ինձ ներկայացված մեղադրանքը փոփոխելիս գլխավոր դատախազը պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն, ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը: Այդ համաձայնությունը պարտադիր էր նաեւ իմ եւ մյուս պատգամավորների հետագա կալանքի հարցը լուծելու համար, ինչը նույնպես չի տրվել, եւ ես, փաստորեն, քրեական հետապնդման եմ ենթարկվում՝ զրկված չլինելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Այսինքն՝ ես այսօր իրավունք ունեմ ազատորեն քայլել իմ քաղաքում, եւ ոչ մի ոստիկան իրավասու չէ որեւէ կերպ սահմանափակել իմ այս ազատությունը: ՀՀ Ազգային ժողովը նույնպես պետք է շահագրգիռ լինի, որպեսզի պատգամավորի նկատմամբ անօրինական քայլեր չձեռնարկվեն: Բնականաբար, իշխանություններն իրենց բնորոշ ոճով, անտեսելով անգամ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի վերջին՝ թիվ 1677 բանաձեւի պահանջները, ձգտելու են ինձ պահել անազատության մեջ եւ իրենց գործիքները հանդիսացող դատավորների միջոցով ստանալ իրենց կեղծ եւ շինծու մեղադրանքների տակ դրված կնիքները: Այս ամենը ինձ առանձնապես չի մտահոգում: Ես պատրաստ եմ հետեւողականորեն պայքարել իմ եւ իմ ժողովրդի իրավունքների եւ ազատությունների վերականգնման համար եւ համոզված եմ, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է»:


















































