Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ

Փետրվար 02,2010 00:00 Share

\"\"Եվ այս ամենը «փաթեթավորված» է ավագ դպրոցների համակարգի ներդրում կոչվող կրթական հերթական բարեփոխմամբ:

Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոց ՊՈԱԿ-11 կրճատված ուսուցիչներ հակամարտությունը դատական նիստից դատական նիստ՝ նոր որակներ է ձեռք բերում: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում երեկ եւս լսվեց դպրոցի նախկին 11 ուսուցիչների հայցն ընդդեմ դպրոցի՝ իրենց աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը գանձելու վերաբերյալ: Նիստը նախագահում էր դատավոր Հ. Հովհաննիսյանը: Հունվարի 27-ին կայացած դատական նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանի ներկայացրած որոշ փաստաթղթեր կասկած էին հարուցել հայցվոր կողմի մոտ, մասնավորապես՝ հայցադիմումի պատասխանին կցված այն փաստաթուղթը, որտեղ կային 11 ուսուցիչների ստորագրությունները, որոնցով նրանք իբր հաստատում են, թե իրենք տեղյակ են եղել, որ իրենց աշխատանքային գրքույկները վերցնում են աշխատանքից ազատվելու պատճառով: Բայց ուսուցիչները պնդում էին, որ այդ տեքստում իրականում նախադասություն է ավելացվել, ուստի այս դատական նիստի ժամանակ Ս. Մկրտչյանը ներկայացրեց այդ փաստաթղթի բնօրինակը, որը մի տետր էր: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Յուրա Եղիազարյանի միջնորդությունը բավարարվեց, եւ դատավորը 15 րոպե ժամանակ տվեց, որպեսզի հայց ներկայացրած ուսուցիչները ծանոթանան այդ փաստաթղթին: Փաստաթղթի ուսումնասիրությունից հետո էլ կրճատված ուսուցիչները պնդեցին, որ, իրոք, այդտեղ նախադասություն է ավելացված, որից պարզ է դառնում, որ իբր իրենք իմացել են, թե գրքույկները վերցնում են աշխատանքից ազատվելու պատճառով: Այնուհետեւ պատասխանող կողմը տարբեր փաստաթղթեր ներկայացրեց, որով ցույց էր տալիս, որ կրճատված ուսուցիչները չունեին համապատասխան մասնագիտությունը հավաստող դիպլոմ, բայց դասավանդում էին այս կամ այն առարկան: Հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներից էլ պարզ դարձավ, որ նրանցից մի քանիսն իրականում ունեն այդ որակավորումը, մյուսներն էլ ներկայումս են սովորում բուհում՝ դա ձեռք բերելու համար: Այնուհետեւ հայցվոր եւ պատասխանող կողմերը ցուցմունք տվեցին:
Դատական նիստը տեւեց 3 ժամ, որից գրեթե մեկուկես ժամը նվիրվեց պատասխանող կողմի ներկայացուցչի ցուցմունքին: Ս. Մկրտչյանը նախապես ասաց, որ ինքն ամբողջությամբ առարկում է հայցը: Եվ սկսեց մանրամասն անդրադառնալ հայցվորների ներկայացրած յուրաքանչյուր դրույթի, յուրաքանչյուր պահանջի: Իր խոսքի մեջ նա նույնիսկ անդրադարձավ սոփեստությանը, դրա ծագումնաբանությանն ու էությանը, այդ հնարքի կիրառման բացասական հետեւանքներին՝ հղում անելով նաեւ լրագրությանը եւ այլն: Ապա վերլուծեց «Կրթության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ, ստորակետ առ բութ կարդաց եւ մեկնաբանեց կառավարության տարբեր որոշումներ՝ ապացուցելու, որ դպրոցի տնօրենը, կրճատելով ուսուցիչներին, օրինական է վարվել եւ գործել կարգերի, օրենքների ու բարոյականության սահմաններում: Ս. Մկրտչյանը նաեւ նշեց, որ դպրոցի մանկավարժական խորհուրդը ժամանակին որոշել է, որ իրավունք տա տնօրենին՝ միանձնյա որոշել ուսուցիչներին կրճատելու հարցը: Իսկ այն, թե ինչու է կրճատվել հենց այս կամ այն անձը եւ ոչ ուրիշը, ըստ Ս. Մկրտչյանի՝ քննարկման առարկա չէ, քանի որ դա եղել է տնօրենի բացառիկ իրավունքը, եւ պատասխանող կողմը պարտավոր չէ մեկնաբանել՝ ինչո՞ւ է կրճատվել այս կամ այն անձը եւ ոչ՝ մյուսը: Փոխարենը պարոն Մկրտչյանը այս կապակցությամբ բերեց որոշ թվային տվյալներ: Ըստ այդմ՝ դպրոցի հայոց լեզվի 16 ուսուցիչներից կրճատվել է 9-ը, պատմության 6 ուսուցիչներից՝ 3-ը, ռուսերենի 11 մասնագետներից՝ 5-ը, ֆիզիկայի 3 ուսուցիչներից՝ 1-ը, անգլերենի 4 ուսուցչից՝ 1-ը: Այս ամենը պարոն Մկրտչյանը հիմնավորում է կառավարության այն որոշմամբ, որով ստեղծվել է ավագ դպրոցների համակարգը եւ վերլուծում, թե որոշումը ինչ օրենսդրական հիմքերի վրա է կայացված եւ ինչպես կարելի է տեսնել ավագ դպրոցների համակարգի, կրթության բարեփոխումների եւ ուսուցիչների կրճատման կապը: Ս. Մկրտչյանը որպես փաստարկ բերում էր նաեւ այն հանգամանքը, որ Սիամանթոյի անվան դպրոցը դարձել է հիմնական, ուստի կրճատվել են դասաժամեր, եւ չկար թափուր մնացած տեղ կամ ժամ, որ դպրոցի տնօրենը ուսուցիչներին չկրճատեր: Այնինչ, 11 ուսուցիչները պնդում են, որ ներկայումս իրենց նախկին կոլեգաները աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով: Ըստ պատասխանող կողմի ներկայացուցչի էլ՝ կրճատված 25 ուսուցիչներից 3-ը կրկին նույն դպրոցում տեղավորվել է աշխատանքի: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին հայց ներկայացրած ուսուցիչները, իրականում դպրոցի տնօրենը չի կրճատել այն ուսուցիչներին, որոնք իրեն «համապատասխան վերաբերմունք» են ցուցաբերել, իսկ այժմ էլ դպրոցում աշխատում են բազում ոչ մասնագետներ: Մի խոսքով, քանի որ պատասխանող կողմի ցուցմունքից հետո մոտենում էր աշխատանքային օրվա ավարտը, հայցվոր ուսուցիչներին մեկ-երկու հարցի հնարավորություն տալուց հետո դատավորը նրանց խորհուրդ տվեց մյուս հարցերը հիշել եւ հնչեցնել փետրվարի 9-ին կայանալիք դատական նիստին: 11 կրճատված ուսուցիչները վրդովված էին հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնված մի տեսանյութի կապակցությամբ, որը եթեր է հեռարձակվել հունվարի 27-ին եւ որում իրենք իրականությանը չհամապատասխանող բազում տվյալներ են տեսել:
Ի վերջո, ովքե՞ր են մեղավոր՝ հարցի մի կողմն է, սակայն հարցի մյուս կողմը թերեւս ավելի ողբերգական է. դատարանի դահլիճում, կարծես թշնամու բանակներ, դատից դատ հավաքվում են կրճատված եւ չկրճատված ուսուցիչներ եւ թշնամական հայացքներով իրար են նայում մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են միասին, իրար հետ սեղան նստել ու բաժակ բարձրացրել: Իսկ այժմ, երբ շահերի բախում կա, սկսել են միմյանց նկատմամբ քեն քշել: Ակամայից հարց է առաջանում՝ իրենց ուսուցիչներից ի՞նչ պիտի սովորեն աշակերտները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել