Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպված էի որոշ մարդկանց բացատրել, որ սեքսոլոգիան ոչ թե մղում է այլասերության, այլ զերծ է պահում վերջինից. Կարեն Մանուչարյան

Մայիս 12,2026 15:20 Share

Aravot.am-ին հետաքրքրեց օրերս Լոռու մարզային գրադարանում ավստրիացի մեծ հոգեբան, հոգեբույժ, նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդի ծննդյան 170-ամյակին նվիրված միջոցառումը։ Զրույցի հրավիրեցինք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանին, որն այդ գրադարանի հանրային կապերի և միջոցառումների բաժնի վարիչն է։

Բժիշկ-սեքսոլոգ Ագնեսա Մալխասյանը և գրականագետ Կարեն Մանուչարյանը

-Այս նախաձեռնությունը և՛ հետաքրքիր է, և՛ փոքր-ինչ անսովոր։ Սովորաբար գրադարանները, մշակութային օջախներն ավելի շատ գրողների, արվեստագետների հոբելյաններն են նշում։ Ավելի քիչ ենք հանդիպում գիտնականների, փիլիսոփաների գործունեությունը լուսաբանող մեծամասշտաբ միջոցառումների։ Խոսքը ոչ թե ակադեմիական քննարկումների, գիտաժողովների, այլ հանրային բաց միջոցառումների մասին է։ Ո՞րն էր այդ հանրային բանախոսության նպատակը։

-Լոռու մարզային գրադարանը դեռ նախորդ տարվանից կոտրել է այդ կարծրատիպը։ Իհարկե, գրական միջոցառումները, շնորհանդեսները դարձյալ մեծ թիվ են կազմում գրադարանում։ Սակայն աստիճանաբար ավելի բազմազան է դառնում միջոցառումների «ժանրակազմը»։ Անդրադառնում ենք ոչ միայն արվեստագետների, այլ լեզվաբանների, հոգեբանների, փիլիսոփաների, բնական գիտությունների ներկայացուցիչների գործունեությանը։ Գրադարանը հյուրընկալում է ամենատարբեր ոլորտների մասնագետների, որոնք ընթերցող լայն զանգվածներին ներկայացնում են հայ և համաշխարհային արվեստի ու գիտության նվաճումները։

Զիգմունդ Ֆրոյդի գործունեությանը նվիրված միջոցառման կազմակերպման առաջնային շարժառիթը նրա 170-ամյակն էր։ Իհարկե, Ֆրոյդին չենք հիշում միայն ա՛յդ առիթով, բայց հոբելյանները պարտադրում են հետադարձ հայացքով վերստին քննել գիտնականի գործը, այն նորովի արժևորել մեր ժամանակների դիրքերից։ Սա հրաշալի առիթ էր, որ ընթերցողը համակարգված պատկերացում կազմի ֆրոյդիզմի հիմնադրույթների մասին։ Վերջիններս ազդեցություն են թողել արվեստի և գիտության ամենատարբեր բնագավառների վրա։ Այս ամենը հաշվի առնելով՝ ենթադրում էի, որ միջոցառումն ունենալու էր բազմաոլորտ լսարան։ Եվ չսխալվեցի․ ներկա էին հոգեբաններ, լեզվաբաններ, գրականագետներ, իրավագետներ…

բժիշկ-սեքսոլոգ Ագնեսա Մալխասյան

-Ո՞վ էր բանախոսը։ Ի՞նչ խորագիր էր կրում բանախոսությունը։

-Բանախոսը բժիշկ-սեքսոլոգ Ագնեսա Մալխասյանն էր։ Հատուկ ուզում եմ շեշտել նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը և նյութի մատուցման պրոֆեսիոնալիզմը։ Նա չի սահմանափակվում միայն իր մասնագիտական դաշտով։ Քաջատեղյակ է համաշխարհային փիլիսոփայությանը, արվեստին, ունի հղկված և գրագետ խոսք։ Նյութը մատուցելիս պահպանում է ակադեմիական չափանիշները, բայց միաժամանակ ոլորտին չտիրապետող ունկնդրին չի ծանրաբեռնում մասնագիտական տերմինաբանությամբ։ Ակադեմիականության և «առօրեականության», բառիս ոչ ուղղակի իմաստով, միջանկյալ օղակն է գտնում նա։

Բանախոսության խորագիրն էր «Զիգմունդ Ֆրոյդի ներդրումը սեքսոլոգիայի ոլորտում»։ Ագնեսա Մալխասյանն անհրաժեշտաբար խոսքը համեմում էր համաշխարհային արվեստից և առօրյա կյանքից բերված օրինակներով, որոնք ունկնդրի համար ավելի ընկալելի էին դարձնում նյութը։ Մի խոսքով՝ բանախոսությունը բացառիկ ընդգրկուն ու արժեքավոր էր, իսկ բանախոսը՝ լիարժեքորեն պատրաստված գիտնական։ Այս բառը կիրառում եմ ամենայն պատասխանատվությամբ։

-Թեման բավականին կարևոր է, բայց հայ ընթերցողի և ունկնդրի համար՝ «բաց»։ Նշեցիք, որ միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Արդյոք թեմայի «բացությունը» չէ՞ր վանում նրանց։

-Հայ հասարակության մեջ սա իսկապես լրջագույն խնդիր է։ Ես չեմ ցանկանում պնդել, թե մենք զարգացման մակարդակով զիջում ենք աշխարհի մյուս ժողովուրդներին, բայց փաստ է նաև այն, որ մեր բնակչության մեջ գերիշխում են քաղքենիական շերտերը։ Պատճառը կրթության պակասն է, բայց հայ հասարակության մեջ մեծ տեղ են զբաղեցնում նաև կրթված քաղքենիները։ Սա այն տեսակն է, որ նորմալ կրթություն է ստացել, կարծես թե տիրապետում է այս կամ այն մասնագիտությանը, բայց մտածել չգիտի և խուլ է հասարակական առաջընթացի առջև։

Ես կարծում էի՝ գոնե վերջին ժամանակներում մարդիկ ավելի սթափ հայացքով պետք է գնահատեն արվեստի և գիտության փաստերը, բայց պարզվեց՝ այսօր էլ են մեծ թիվ կազմում տաբուավորված և կլիշեավորված անձինք։ Ստիպված էի որոշ մարդկանց բացատրել, որ սեքսոլոգիան ոչ թե մղում է այլասերության, այլ զերծ է պահում վերջինից։ Այս ոլորտի գոնե տարրական իմացությունները կարևոր են յուրաքանչյուրիս համար։

-Ի՞նչ տվեց այս դասախոսությունն ունկնդիրներին։

-Ավելի ճիշտ ու գիտականորեն հիմնավորված պատկերացումներ ֆրոյդիզմի մասին։ Բանախոսը միջոցառման սկզբնահատվածում անդրադարձավ Ֆրոյդի տեսության առանցքային հարցերին, համառոտ ներկայացրեց գիտակցականի, անգիտակցականի և ենթագիտակցականի հարաբերությունը, երազների տեսությունը։ Դասախոսության առյուծի բաժինը նվիրված էր սեքսոլոգիայի ոլորտում Ֆրոյդի բերած նոր ըմբռնումներին։

Առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում հոգեսեռական զարգացման՝ Ֆրոյդի առանձնացրած հինգ փուլերի վերլուծությունները։ Դասախոսության այս հատվածում բանախոսն ունկնդիրներին տվեց սեռական առողջության հետ կապված կարևոր խորհուրդներ։ Խոսվեց նաև սուբլիմացիայի, ֆրուստրացիայի և չափազանց անձնատուրության, սեռական օբյեկտի և նպատակի բաժանման, գրգռման գործընթացի, ֆետիշիզմի դրսևորումների և այլ հարցերի մասին։ Այս ամենը ներկայացվեց պատշաճության և ակադեմիական ճշգրտության մակարդակում։ Ընդհանուր առմամբ, դասախոսությունն ուներ և՛ ճանաչողական, և՛ գիտական արժեք։

-Ըստ Ձեզ՝ ֆրոյդիզմի դրույթներն արդյոք արդիական և լիովին ընդունելի՞ են այսօր։ Մինչ օրս նշվում է, որ նրա փիլիսոփայությունը սովորաբար կամ ընդունվում է, կամ մերժվում։ Այդուհանդերձ, ասվում է, որ նրա մտքերում կարող են գտնվել ուղերձներ, որոնք օգնում են առաջ շարժվելուն։

– Կփորձեմ զերծ մնալ մասնագիտական գնահատականներից, քանի որ սեքսոլոգիան և հոգեբանությունն իմ ոլորտները չեն։ Բայց նաև չեմ կարող չփաստել, որ համաշխարհային գրականությունը մեծապես կրել է ֆրոյդիզմի ազդեցությունը։ Անկախ ընդունելի կամ անընդունելի լինելու հանգամանքից՝ այդ ազդեցությունը կա։ Դրան չառերեսվել անհնար է։ Մեր՝ վերլուծաբաններիս գործը ոչ թե հաստատելը կամ մերժելն է, այլ երևույթի սոցիալ-հոգեբանական հիմքերը հասկանալը։ Ֆրոյդիզմի իմացությունն արվեստաբանին և գրականագետին օգնում է գեղարվեստական կերպարի հոգեբանության մեկնաբանության հարցում։ Այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ անհասկանալի, ֆրոյդյան դրույթների իմացությունից հետո գիտականորեն կիմաստավորվի և կպատճառաբանվի։

Տաբուավորված, «բացությունից» խուսափող գրականագետն ու արվեստաբանը պարզապես ինքնախաբեության մեջ են, քանի որ նրանց պատկերացրած «մաքրությունը» գոյություն չունի ո՛չ արվեստում, ո՛չ կյանքում։ Չիմացությունը վերլուծաբանին թաղում է խորը, ու գուցե նաև երջանիկ անգիտության մեջ։

Վերջերս հարցազրույցներիցս մեկում նշել եմ, որ ժամանակակից գրականագետը պարզապես իրավունք չունի բավարարվելու միայն գրականությամբ ու գրականագիտությամբ․ նա պետք է խոր գիտելիքներ ունենա հարակից և ոչ հարակից գիտակարգերից։ Դրանց դաշտում հոգեբանությունն ունի առաջնային նշանակություն։ Այդ իմացությունների բացակայության պայմաններում գրականագետի գործը դառնում է ինքնանպատակ։

Այնպես որ՝ հոգեբանությունն ու սեքսոլոգիան իմ ոլորտները չեն, բայց անպայմանորեն առնչակցվում են իմ ոլորտին, օգնում են լիարժեքորեն հասկանալ գեղարվեստական կերպարի ներաշխարհի շարժիչ ուժերը։ Դրույթների արդիականության մասով էլ կհավելեմ մեր միջոցառման բանախոսի խոսքը․ «Անկախ ընդունելի կամ անընդունելի լինելուց՝ վիթխարի է Ֆրոյդի ներդրումը սեքսոլոգիայի ոլորտում։ Այն ժամանակներում Ֆրոյդի նորամուծություններն իրապես հեղափոխական նշանակություն ունեցան»։

– Ի՞նչ նոր միջոցառումներ եք նախաձեռնելու մոտակա օրերին։

-Գրադարանի առօրյան բավականին հագեցած է։ Նախ՝ ուզում եմ նշել, որ ապագայում դարձյալ կհամագործակցենք Ագնեսա Մալխասյանի հետ, քանի որ միջոցառման մասնակիցներն ավելի քան տպավորված են նրա դասախոսությամբ։ Այս ուրբաթ գրադարանում նշելու ենք Միխայիլ Բուլգակովի 135-ամյակը։ Մոտ ապագայում ցանկանում ենք հանդիպում կազմակերպել ժամանակակից արձակագիր Ջեսահի հետ։ Մայիսի 28-ի կապակցությամբ նախատեսված է մեծամասշտաբ միջոցառում։ Մի խոսքով՝ միջոցառումները բավականին շատ են և բազմաբնույթ։

 

Հարցազրույցը՝ Սամվել Դանիելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031