Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալներ, որոնք առ այսօր չեն հրապարակվել

Սեպտեմբեր 15,2010 00:00

«Քաղաքական շոու»՝ թուրքերի մատուցմամբ

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը թուրքական մամուլից քաղած հետաքրքիր փաստեր հայտնեց: Ըստ նրա տվյալների՝ Թուրքիայի ներկայիս արեւելյան հատվածում ժամանակին գործել է 2538 եկեղեցի եւ 451 վանք: 1915 թվին այս եկեղեցիներն ու վանքերը հիմնահատակ կողոպտվել են, մի մասը՝ հրկիզվել, տեղի հայերին խեղդամահ, ծխախեղդ են արել կամ սպանել վանքերում: Ինչպես նշեց թուրքագետը, 1974 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկուցագրի համաձայն, Թուրքիայի այդ հատվածում քիչ թե շատ կանգուն մնացած են եղել ընդամենը 331 եկեղեցի ու վանք: Սույն զեկուցագրի հրապարակումից հետո, եկեղեցիներից ու վանքերից 464-ը նորից հիմնահատակ ավերվել են, հաճախ քանդվել պետականորեն, դրանց մի մասն էլ պատահական մարդիկ իրենց համար տուն կամ ախոռ են դարձրել: Հ. Չաքրյանը օրինակ բերեց ախոռ դարձած Նարեկավանքը, որտեղ շիրմաքարը մնացել էր ախոռի մեջտեղը եւ դրա համար թուրքերը հայերի կողմից շնորհակալության էին սպասում միայն նրա համար, որ թեկուզ ախոռում՝ շիրիմ են պահպանել: Թուրքագետի փոխանցմամբ, այսօր 2538 եկեղեցիներից Թուրքիայի արեւելյան հատվածում կանգուն են մնացել պատմական արժեք ներկայացնող 3՝ Կեսարիայի, Մալաթիայի, Դիարբեքիրի եկեղեցիները: Թուրքագետը կարծում է, որ այսպիսի երկրից ու ժողովրդից պետք չէ սպասել, որ նրանք Աղթամարի Սուրբ Խաչի վրա խաչ դնելու իրենց խոստումը կկատարեն. «Թուրքերի համար դա պարզապես հնարավորություն էր, որ պատարագին շատ մասնակից ներգրավեն, որպեսզի լիարժեք դարձնեն քաղաքական շոուն»: Նշենք, որ պատարագին մասնակցելու համար ուղեգրեր ձեռք բերած զբոսաշրջիկներից ոմանք սկսել են ուղեգրերը ետ տալ: Թուրքագետը սա բնական է համարում, քանի որ գտնում է՝ եկեղեցին առանց խաչի՝ դառնում է սովորական շենք, որում պատարագ մատուցել չի կարելի: «Սասուն» ազգային երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը պատմեց նախորդ տարվա՝ Սուրբ Խաչ իրենց ուղեւորության մասին, որտեղ մեկնել էին հայկական ազգային երգ ու պարերի տեսահոլովակներ նկարահանելու համար: «Հանդիպեցինք շատ դժվարությունների: Արարողության ժամանակ բռնություն եղավ, մեզ արգելեցին նկարել, բանավիճում էինք ոստիկանների հետ, ցանկանում նրանց նվերներ մատուցել, ասել, որ, վերջիվերջո, բարեկամական կապեր պետք է հաստատել: Բայց հասկացանք, թուրքը մնում է թուրք՝ իր մտածելակեպով»,- ասաց. Ա. Մանուկյանը: Չնայած այդ դժվարություններին, նա նշեց, որ մեծ դժվարությամբ կարողացել են պսակադրություն նկարել. «Կանգնել էինք խորանի առջեւ, որ առ Աստված աղոթք անեինք, թուրքը եկել ու ասում էր, թե իրավունք չունենք կանգնել խորանի դիմաց, այլ պետք է շրջվենք դեպի արեւմուտք ու նոր աղոթք անենք»: Ինչ վերաբերում է Սուրբ Խաչի վրա խաչի չտեղադրմանը, Ա. Մանուկյանը դա մեղք է անվանում եւ կարծում, որ այդ կերպ թուրքերն ուզում են հայերին կաղ տեսնել. «Աստված երբ մարդուն արարել է՝ 2 աչքով, 2 ականջով, քթով է արարել, մեր եկեղեցիներն էլ՝ խաչով, որով զորություն ենք ընդունում, թուրքերը նպատակ ունեն խաչը չդնել, որովհետեւ ուզում են մեզ տեսնել մեկ ձեռքով կամ մեկ աչքով»: Համույթի ղեկավարը գտնում է, որ տարիներ անց թուրքերը մեր հայկական եկեղեցիները, վանքերը դարձնելու են մզկիթ: Նա իր հետ բերել էր նաեւ մի գիրք՝ գնած Աղթամարից, որում ներկայացվում է Վանի արվեստը՝ գորգագործությունը, ասեղնագործությունը: Գիրքը, որը վաճառվում է զբոսաշրջիկներին, 80-100 դոլար արժե: «Այդ գրքի միջոցով թուրքերը ողջ աշխարհին մատուցում են, որ դա իրենց արվեստն է»,- հավելեց Ա. Մանուկյանը: Նա նաեւ պատմեց Կարսի եկեղեցու մասին, որտեղ նկարահանումների էին մեկնել. «Այդտեղ մեզ զգուշացրին, որ վտանգավոր վայր է, քանի որ նաեւ ադրբեջանցիներ կան: Հետո կանչեցինք իրենց հովվին, ներս մտանք ու տեսանք, որ ամբողջությամբ ձեւափոխում, դարձնում էին մզկիթ»:

Հ. Չաքրյանը վստահ է, որ Աղթամարի Սուրբ Խաչը թուրքերն այլեւս մզկիթի չեն վերածի, որովհետեւ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ենթակայության ներքո է, եւ յուրացնելու դեպքում բոլորը գիտեն, որ այն հայկական է: Ըստ նրա, թուրքերն այսօր օրեցօր սնկի պես ավելացնում են իրենց մզկիթների թիվը. «Թուրքիայում կան գյուղեր, որոնք անմխիթար են, ունեն 2 մզկիթ, բայց դպրոց չունեն»: Ինչ վերաբերում է Սուրբ Խաչի՝ սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին, թուրքագետը այն հակահայկական քարոզչություն է բնութագրում՝ այն առումով, որ թուրքերն այն հակահայկական շոուի են վերածել, որը, ըստ նրա, անմարդկային վերաբերմունք է: Այս պարագայում նա Մայր աթոռի՝ պատարագին չմասնակցելը համարում է ճիշտ քայլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել