Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱԿԵՐՊԵ՞Լ ՀԱՐՍԱՆԻՔԸ, ԹԵ՞ ՈՉ

Նոյեմբեր 17,2010 00:00

Շատերի համար դա թանկ հաճույք է, մյուսներն էլ չեն գիտակցում դրա անհրաժեշտությունը

Ջայլամի խաշլամա, սեւ ավտոմեքենաների շքերթ, էկզոտիկ մրգերի տեսականի, արտասահմանից տոննաներով բերված ծաղիկներ. Հայաստանում, այսպես կոչված, էլիտայի շրջանակներում այժմ մոդայիկ են դարձել հարսանեկան նշված տարրերը: Անկախ նրանից՝ օլիգարխիկ էլիտայի՞, թե՞ միջին խավի ներկայացուցիչներ են ամուսնացողները, հարսանիքի նախապատրաստությունը նրանց համար հեշտ գործ չէ: Եվրոպական երկրներում նախահարսանեկան պատրաստություններն իրենց վրա են վերցնում հարսանիքներ կազմակերպող ընկերությունները: ՀՀ-ում այս բիզնեսը նոր-նոր է զարգանում, հատուկենտ ներկայացուցիչներից է «Մոդ Իվենթս» կազմակերպությունը: Շուրջ 50 երիտասարդների շրջանում «Առավոտի» կատարած հարցումը ցույց տվեց, որ նրանց մեծամասնությունը չունի կա՛մ ֆինանսական հնարավորություններ նման կազմակերպությունների դիմելու, կա՛մ էլ այն գիտակցությունը, որ հարսանիքը կարելի է տոն, յուրահատուկ միջոցառում դարձնել, որը պետք է նախապես կազմակերպել:

26-ամյա Աննան, որը պատրաստվում է ամուսնանալ, նշեց. «Շատ կցանկանայի նախահարսանեկան քաշքշուկներից ազատված լինել, բայց, ցավոք, այդքան ֆինանսական հնարավորություններ չունեմ, որպեսզի լրացուցիչ գումար հատկացնեմ հարսանիքի կազմակերպչական գործերի համար»: 28-ամյա Վահեն էլ կարծում է. «Ինչ հարսանիք, ինչ բան: Էդքան որ փող ծախսենք, հրավիրենք բարեկամների, որոնց կյանքում չենք տեսել, ավելի լավ է այդ փողով մի տեղ ման գալու գնանք»:

Իհարկե, ամուսնանալ պատրաստվող զույգերի ցանկությունները, հնարավորություններն ու պատկերացումները տարբեր են: Սա է վկայում նաեւ «Մոդ Իվենթս» կազմակերպության մեկամյա փորձը: Տնօրեն Արմենուհի Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մեզ հանդիպել են տարբեր բյուջեով հարսանիքներ: Սակայն երբեմն պատահում են նաեւ չարդարացված հարսանեկան շռայլություններ: Հաճախ հաճախորդները ցանկանում են՝ իրենց հարսանիքին ներկա լինեն անհամար «աստղեր»՝ կորցնելով չափի զգացողությունը, կամ պատվիրում են եւ կենդանի երաժշտություն, եւ DJ, անոմալիայի հասնող կերակրատեսակների բազմազանություն: Պարզապես ուզում են ինչ-որ բաներ ցուցադրել: Սակայն մենք դա չենք ընդունում: Ընդհակառակը, փորձում ենք հարսանիքը տոն դարձնել: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ դա լինի էլիտար հարսանիք»: «Առավոտի» հարցին՝ հիմնականում ովքե՞ր են դիմում հարսանիքի կազմակերպման համար, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Մեր պրակտիկայում ավելի շատ հարսի ու փեսայի ծնողներն են դիմում: Սկզբում հանդիպում ենք զույգի հետ, փորձում երկուսի հետ համատեղ աշխատել ու հասկանալ՝ ուր են հասել, ինչ խառնվածք, պատկերացումներ ունեն հարսանիք երեւույթի մասին, ինչ երազանքներ ունեն, ինչ մանկություն են ապրել, ինչ մասնագիտություն ունեն, ովքեր են լինելու հարսանիքի հյուրերը: Հետո հավաքված ինֆորմացիան մշակելով՝ սկսում ենք զրույցի ընթացքում, այսպես ասած, մեսիջներ թողնել՝ զույգի ռեակցիան հասկանալու համար: Հետո սկսում ենք աշխատել նաեւ ծնողների հետ: Մեր պրակտիկայում չի եղել մի դեպք, երբ ծնողներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չխառնվեն հարսանիքին ու ծրագրային լուրջ փոփոխություններ չանեն»: Ա. Հարությունյանը նաեւ նկատեց. «Կան գաղափարներ, որոնք տպավորիչ են, բայց մեծ գումարներ չեն պահանջում: Օրինակ՝ մի հարսանիքի ժամանակ հարսնացուն հարսանիքի երկրորդ կեսին ներկայացավ ռոք ոճի մեջ. ջինսերով, բայց քողը գլխին: Մենք հաճախ ենք կարծրատիպերի հետ բախվում: Բայց հայ երիտասարդները քիչ-քիչ սկսում են ավելի առաջադեմ դառնալ եւ հակված են նոր գաղափարների իրագործմանը: Բայց մենք ամենից շատ ոգեւորվում ենք, երբ զույգը ցանկանում է հայկական ծիսական հարսանիք անել. սակայն դա քիչ է պատահում: Միայն մեկ դեպք ենք ունեցել, այն էլ հարսնացուն սփյուռքահայ էր: Մի անգամ էլ ԱՄՆ-ում բնակվող մի հայ հարսնացուի հարսանիքի համար տեսանյութ էինք պատրաստել, որտեղ նրան ճանաչողներն իրենց կարծիքն էին հայտնում, թե ինչպիսին են պատկերացնում հարսնացուին: Ունենք նաեւ շատ խենթ գաղափարներ, որոնք դեռ չենք համարձակվում իրագործել»: Հետաքրքրվեցինք՝ հասարակական կարծիքին զույգերը շա՞տ են ուշադրություն դարձնում: Զրուցակիցս պատասխանեց. «Երբ տեսնում ենք, որ այդ ազդեցությունը մեծ է, նրանց խորհուրդ ենք տալիս շատ ինֆորմացիա չտարածել հարսանիքի մասին, պատճառաբանելով՝ թող գաղտնիք լինի: Ցավոք, հաճախ զույգերը գալիս են այս կամ այն հարսանիքի տպավորության տակ, չեն ուզում ինքնուրույն մտածել ու անհատական ծրագիր ունենալ»: «Մոդ Իվենթս» կազմակերպության ծրագրային պատասխանատու Անի Սաղոյանն էլ «Առավոտին» պատմեց, թե ինչպիսի հարսանիքներն են նորաոճ Եվրոպայում. «Այնտեղ սիրում են թեմատիկ հարսանիքներ անել: Կարող է եվրոպացին հանկարծ ցանկանա հնդկական կամ 60-ականների ոճով հարսանիք անել: Նույնիսկ հյուրերին էլ են պատվիրում, որ այդ ոճով հագնված գան»:

Ա. Հարությունյանն էլ անդրադարձավ հարսանիքի կազմակերպման ծառայության մատչելիության խնդրին. «Չենք կարող ասել, որ մեր ծառայությունը մատչելի է: Պարզապես զույգը պետք է ուղիղ համեմատական անցկացնի իր ծախսած ժամանակի, նյարդերի եւ ծառայության գնի միջեւ: Ծառայության համար մենք վերցնում ենք ընդհանուր հարսանեկան բյուջեի 10-20%-ը»: Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում հարսանիքների կազմակերպումը գումար բերո՞ղ բիզնես է: Ա. Հարությունյանը պատասխանեց. «Գուցե նշված բիզնեսը մեր սպասումները չի արդարացնում, բայց հեռանկարային է ու հետաքրքիր: Կգա ժամանակ, երբ բոլորը կհասկանան, որ հարսանիքը մի յուրահատուկ միջոցառում է, որը պետք է նախօրոք կազմակերպել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել