Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է

Մարտ 03,2011 00:00 Share

Վերջերս լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010թ. գիտական հաշվետվությունը՝ աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ, որում մանրակրկիտ կերպով ներկայացված են բոլոր երկրների գիտությունների վիճակագրական ցուցանիշները:
2000-08թթ. գիտական հրապարակումների թվով Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայում Հայաստանն առաջատարներից է եւ զիջում է միայն Իսրայելին: Այդ ընթացքում, բացառությամբ 2000թ., 10 երկրների մեջ Հայաստանն անխտիր զբաղեցրել է երկրորդ տեղը: Նախկին ԽՍՀՄ պետությունների մեջ Հայաստանը գերազանցում է ոչ միայն Միջին Ասիայի եւ Կովկասի երկրներին, այլեւ Լատվիային եւ Մոլդովային եւ զիջում է միայն Ռուսաստանին, Ուկրաինային, Լիտվային, Բելառուսին եւ Էստոնիային: 2008թ. ցուցանիշներով՝ աշխարհում բացարձակ առաջատարն են ԱՄՆ (272879 հրապարակում), ապա Չինաստանը (104968), Գերմանիան (76368), Ճապոնիան (74618), Մեծ Բրիտանիան (71302), Ֆրանսիան (57133), Իտալիան (45273), Կանադան (43539), Հնդկաստանը (36261) եւ այլն: Այս ընդհանուր ցանկում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը: Երկրների գիտական ցուցանիշները ընդհանուր առմամբ համապատասխանում են նրանց տնտեսական ցուցանիշներին: Այս առումով ՀՀ գիտնականների ակտիվությունն ակնառու է հարաբերական ցուցանիշներով:
Առավել ընդգծված է հայ գիտնականների ակտիվությունը, եթե հրապարակումների թիվը հարաբերենք գիտնականների թվին: Հայաստանի 544 հրապարակումներն ապահովել են 4114 գիտնական, Վրաստանի 328-ը՝ 8112 գիտնական (0.040), իսկ Ադրբեջանի 292 հրապարակումը՝ 11280 գիտնական (0.026), այսինքն՝ հայ գիտնականները իրենց արդյունավետությամբ համապատասխանաբար 3 եւ 5 անգամ գերազանցում են վրացի եւ ադրբեջանցի գիտնականներին: Նախկին ԽՍՀՄ երկրների մեջ Հայաստանն այս ցուցանիշով առաջատարներից է եւ Էստոնիայի հետ մեկտեղ կիսում է 1-2-րդ տեղերը: ԱՄՆ-ի գործակիցն է 0,191, իսկ Եվրոպական երկրների ցուցանիշները տատանվում են 0.1-0.5 սահմաններում, սակայն եթե հաշվի առնենք այդ գիտնականների ֆինանսավորումը, ապա Հայաստանն իր արդյունավետությամբ բացարձակ առաջատար է: Համաձայն այդ տվյալների՝ ստացվում է, որ հայ գիտնականների արդյունավետությունը 10-15 անգամ գերազանցում է եվրոպական, ամերիկյան եւ ասիական զարգացած երկրների գիտնականների արդյունավետությանը: Եվրոպական զարգացած երկրներում գիտնականի տարեկան միջին ֆինանսավորման ծավալն է $153,3 հազար, այսինքն՝ հայ գիտնականից 17 անգամ ավելի, ԱՄՆ-ում այդ ցուցանիշն է՛լ ավելի բարձր է՝ $279,3 հազար:
Գիտության առանձին բնագավառներում հատկապես ակնառու է հայ գիտնականների ցուցանիշների առավելությունը ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, Երկրի մասին գիտությունների, կենսաբժշկության ոլորտներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել