Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԼԱԴԻՉԸ ԿԱՆԳՆԵՑ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Հունիս 04,2011 00:00

Հունիսի 3-ին մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող սերբ գեներալ Ռադկո Մլադիչը ՄԱԿ-ի դատարանում առաջին անգամ պատասխանել է դատավորի հարցերին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հավելելով, որ Հաագայում ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանում երեկվա նիստն առաջինն ու սոսկ ընթացակարգային էր:
Դատավորը ճշտել է ամբաստանյալի կենսագրական տվյալները, հարցրել՝ արդյոք Ռադկո Մլադիչը տեղեկություններ ունի՞ դատարանում իր իրավունքների մասին, գիտի՞, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվում իրեն եւ այլն: 69-ամյա Մլադիչը դատարանում ասել է, որ ինքը ծանր հիվանդ է, նաեւ պնդել է, որ մեկ ամսից ավելի ժամանակ է պետք մեղադրանքին ծանոթանալու եւ պաշտպանությունը նախապատրաստելու համար:
«Համաձայն մեղադրական եզրակացության, դուք՝ Ռադկո Մլադիչ, մեղադրվում եք ցեղասպանություն եւ պատերազմի հանցագործություն կատարելու, պատերազմի միջազգային կանոնները եւ օրենքները խախտելու, այլոց հետ հանցավոր պայմանավորվածությամբ օրինախախտումներ կատարելու մեջ»,- ասել է դատավոր Օրիեն:
Մլադիչը չի ցանկացել լսել 37 էջանոց մեղադրական եզրակացությունը՝ այն անվանելով «զարհուրելի եւ հրեշավոր»: «Ես չեմ ուզում նույնիսկ մեկ տառ լսել»,- ասել է նա՝ հավելելով, թե ինքը միայն պաշտպանել է իր ժողովրդին:
Դատարանը Մլադիչին մեղադրում է 1992-95թթ.-ների Բոսնիայի պատերազմի ընթացքում հանցագործություններ կատարելու, մասնավորապես՝ Սրեբրենիցայում 1995 թվականի հուլիսին 18 տարեկանը լրացած արական սեռի բոլոր բնակիչների զանգվածային սպանդը կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի, Սրեբրենիցայում սերբական ուժերը մոտ 8 հազար պատանի եւ տղամարդ են սպանել: Դա համարվում է Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Եվրոպայում տեղի ունեցած ամենադաժան սպանդը: Բացի այդ, Մլադիչը մեղադրվում է Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոն 1992թ. մայիսից սկսած 44 ամիս շարունակ շրջափակման մեջ պահելու համար: Այդ ընթացքում քաղաքում մոտ 10 հազար մարդ է մահացել:
Մլադիչի պաշտպանների պնդմամբ, նախկին գեներալը քաղցկեղով հիվանդ է: Երեկ նա հույս է հայտնել, թե այնքան կապրի, որ կլսի դատավճիռը եւ ազատ կարձակվի: «Դատարանում ես ոչ թե Ռադկո Մլադիչին, այլ իմ ժողովրդին, իմ երկիրն եմ պաշտպանելու»,- ասել է նախկին գեներալը:
Դատավոր Ալֆոնս Օրիեն Մլադիչին միայն 30 օր է տրամադրել նախապատրաստվելու համար: Դատական երկրորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին: Եթե մինչ այդ Մլադիչը չընդունի կամ չհերքի մեղադրանքը, դատավորները պաշտոնապես կարձանագրեն, որ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել