Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿՐԿԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԷԻՆ

Հունիս 07,2011 00:00

\"\"
Մարինե Կարապետյան:

\"\"

«Առավոտ» օրաթերթի եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի համատեղ մարզական նախաձեռնությունը տարեցտարի ավելի խոր արմատներ է գցում: Խոսքը զանգվածային լրատվամիջոցների միջեւ սեղանի թենիսի անհատական առաջնության մասին է, որը չորրորդ անգամ անցկացվեց «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում:
Չորս տարի լրագրողները տարվա մեջ մեկ օր հավաքվում են մեկ հարկի տակ, «կտրվում» աշխատանքից, առօրյա հոգսերից ու ֆոտո եւ հեռուստախցիկների փոխարեն թենիսի ռակետ ու գնդակներով միմյանց հանդիպում կանաչ սեղանների շուրջ՝ հանուն առողջ մարզական ոգու եւ արդար մրցակցության: Եվ չորս տարի անընդմեջ նրանց այդ գործում օգնում է առաջնության հովանավոր, սպորտի գործընկեր «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունը: Չորս տարի «Սպարտակի» դահլիճը սիրով լրատվամիջոցներին է տրամադրում «Հայաստան» ՄՄ նախագահ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Չորս տարի մրցումների սպասարկումը հաճույքով ստանձնում են միջազգային կարգի մրցավարներ, Եվրոպայի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանն ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպարտակիադայի չեմպիոն Գոհար Խանզրատյանը՝ Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների անդամների՝ իրենց սաների հետ միասին:
Այս տարվանից արդեն ավանդական առաջնության կազմակերպմանն ու անցկացմանն ըստ ամենայնի աջակցելու ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց նաեւ սեղանի թենիսի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանը, որն ընդամենը մեկ տարի է, ինչ ստանձնել է մարզաձեւի ղեկավարի պարտականությունները:
«Առավոտի» եւ «Միրի» 2011 թվականի առաջնությանը մասնակցեցին ավելի քան 16 զանգվածային լրատվամիջոցների շուրջ 40 ներկայացուցիչներ:
 Կանանց մրցաշարում հերթական անգամ հաղթեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան Մարինե Կարապետյանը: Երկրորդ տեղն զբաղեցրեց «Ա1+»-ի ներկայացուցիչ Թամարա Մխիթարյանը, իսկ եռյակը եզրափակեց «Հայոց աշխարհ» օրաթերթից՝ Կարինե Աբելյանը:
Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների եռյակն ըստ հաջորդականության կազմեցին Արմեն Ստեփանյանը («Ռադիո Հայ»), Արսեն Թամազյանը («Հայաստանի հանրային հեռուստաընկերություն») եւ Սամվել Ջինանյանը («Երկիր Մեդիա»): Հաղթողներն ու մրցանակակիրները «Առավոտ» օրաթերթից եւ «Միր» հեռուստաընկերությունից ստացան դիպլոմներ եւ արժեքավոր նվերներ: «ՎիվաՍել ՄՏՍ»-ը բոլոր մրցանակակիրներին նվիրեց 3G Wi-Fi երթուղիչ, որը տրամադրում է անսահմանափակ, անլար եւ արագ ինտերնետ, ներքին ցանց ստեղծելու պարզ ու հարմար հնարավորություն եւ մատչելի հեռախոսակապ, իսկ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը հաղթողներին հանձնեց թվային ֆոտոխցիկներ:
Առաջնությունը ոչ միայն հերթական անգամ կայացավ՝ հերթական անգամ ցույց տալով, որ ԶԼՄ-ներն այն ընդունել են, ավելին, մասնակիցները մրցաշարին այսուհետեւ միջազգային կարգավիճակ տալու առաջարկություն արեցին: «Առավոտն» ու «Միրը» այդ հարցը քննարկել էին դեռ անցած տարի, սակայն սեփական միջոցներով մտահղացումն իրականացնելու համար պահանջվելիք միջոցների հնարավորություն, ցավոք, չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930