«Վիկիլիքսին» հավատացողներին այլ բան չես համոզի՝ Սարկոզին կատարեց թուրքերին տված իր խոստումը, թե կանի ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ չսահմանվի:

Հայերին էլ հակառակ խոստումն էր տվել, թե կանի ամեն ինչ… ու ստացվեց այնպես, որ հայերը հաճույք ստացան գործընթացից, թուրքերը՝ արդյունքից: Ու եթե ուզում էր Սարկոզին, որ օրինագիծն օրենք դառնա, ապա առնվազն կարող էր ազդել, որ ֆրանսիական Սահմանադրական խորհուրդը հարցի քննարկումը կատարի արագացված կարգով (ութնօրյա ժամկետում), ինչի իրավական հնարավորությունն ուներ, որպեսզի բացասական արդյունքի դեպքում ժամանակ ունենար մինչ արձակուրդը հարցը վերադարձնել պառլամենտ: Սարկոզին ձեռնպահ մնաց: Ինչո՞ւ:
Այստեղ տեղին է հիշել մի բնութագրական իրադարձություն. մի քանի տարի առաջ Ֆրանսիան հանրաքվեով մերժեց իր իսկ նախկին նախագահ Վալերի Ժիսկար դե Էստենի (որը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում է հիմա) հեղինակած Եվրոպայի Սահմանադրությունը: Այն հանրաքվեով մերժվեց նաեւ Նիդեռլանդներում: Մոտիվացիոն գլխավոր փաստարկներից մեկն էլ այն էր, որ ընդունվելիք Սահմանադրությամբ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը չէր բացառվում:
Կարդացեք նաև
Վավերացված հասարակական կարծիքն, ըստ էության, անսքող էր ու չբեւեռացված: Բայց Թուրքիային Եվրոպայում «տեղ չտալու» մոտեցումը, մանավանդ այդ փուլում, հայկական խնդիրների շրջանակին գրեթե չէր առնչվում:
Այլ է իրավիճակը հիմա. նախընտրական տրամաբանությամբ գործող նախագահ-նախագահի թեկնածուի թիմը ուրվագծել է հստակ անելիքներ. ելնելով սեփական թեկնածուի մոտեցումներից, հասարակական մտայնությունների մասին իրենց տեղեկություններից ու պատկերացումներից՝ նրանք ինչ-ինչ ուղերձներ են ձեւակերպել ֆրանսիացի ընտրողի համար՝ նախորդ աշնանից դրանցում ներառելով նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Տվյալ դեպքում առաջնային թիրախային շրջանակը բազմամշակութայնության մերժման դիրքերում գտնվողներն են, որ եթե իրենց համակիրը չդարձան, ձայն են տալու առավել ռադիկալ թեկնածուների:
Ուստիեւ չի կարելի բացառել, որ օրինագծի շուրջ ծայր առած գործընթացը թեկնածու Սարկոզիի թիմի համար նախկինում դրսեւորված միտումները նախընտրական փուլում արդյունավետորեն վերաթարմացնելու լավ առիթ են ու հնարավորություն, ինչից նրանք, անշուշտ, կօգտվեն այնպես, ինչպես փորձելու են առաջ տանել իրենց նախընտրական մյուս մտահղացումները:
Բնական է, որ Սարկոզիի թիմն առաջիկայում ջանալու է ֆրանսահայ համայնքի հիասթափության համար այլ հասցեատեր գտնել, ինչի համար օբյեկտիվ հիմքեր նույնպես կան, քանի որ իմաստ չունի որոշակի քայլերից ձեռնպահ մնալու պատճառով կորցնել հայ եւ հայահամակիր ընտրողների ձայները: Անկախ նրանից, թե իրականության մեջ քանի հայ ընտրող կա Ֆրանսիայում, այսօր գործ ունենք մեկ այլ՝ «հավելյալ գործակցի» գործոնի հետ: Արդեն երրորդ-չորրորդ սերնդով Ֆրանսիայում ապրող ֆրանսահայերը, որոնք էապես ինտեգրված են ֆրանսիական միջավայրին եւ ակտիվ մասնակից են հասարակական կյանքում, նաեւ վայելում են ֆրանսիական հասարակության հարգանքն ու համակրանքը, որոշակի շրջանակներում կարող են իրենցով ինչ-ինչ մոտեցումներ պայմանավորել: Որքան էլ փոքրաթիվ լինեն այս ձայները եւ սակավ՝ նկատելի ազդեցությունները (թեպետ դա վիճելի խնդիր է), այդուհանդերձ, դրանք կորցնելը Սարկոզիի թիմն անիմաստ կհամարի, մանավանդ որ՝ առավելություններ մրցակից-թեկնածուների նկատմամբ դեռեւս առանձնապես չեն նկատվում: Թուրք ընտրողների ձայների կորստյան հետ Սարկոզիի թիմը երեւի թե հաշտվել է, ինչը վկայում են բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի իրողություններ, դրանց համար Սենատի քվեարկության հաջորդ օրվանից արդեն միայն մյուս թեկնածուներն են պայքարում:
Անցյալում առիթ եղել է ասելու, որ «ֆրանսիական վերջին նախաձեռնությունը՝ ցեղասպանությունների մերժումը պատժել Քրեական օրենսգրքով, անշուշտ, հետագայում եւս շարունակություն կունենա, գուցե թե այլ դրսեւորումներով. Հայկական հարցը վերադարձվում է եվրոպական քաղաքականության երկարաժամկետ քննարկումների օրակարգ եւ ժամանակ առ ժամանակ երեւան կհանվի ըստ անհրաժեշտության՝ տարբեր ձեւակերպումներով եւ առիթներով, տարբեր հարթակներում եւ փաթեթներում»: Մի բան ակնհայտ է՝ Սահմանադրական խորհրդի որոշմամբ գործընթացը չի ավարտվում:
Ընդամենը մեկ ամսից պարզ է լինելու՝ Սարկոզին մնո՞ւմ է իշխանության, թե՝ ոչ, իսկ այս էապես կարճ ժամանակահատվածում պայքարը ձայների համար, բնականաբար, թեժանալու է: Տեղի ունենալիքը ցույց կտա Սարկոզիի իրական մտադրությունը՝ Սահմանադրական խորհրդի որոշմանը հետեւելիք գործընթացը կզարգանա՞ նաեւ հանուն իրավական արդյունքի, թե՞ դրանից կփորձեն միայն հաճույք ու ձայներ ստանալ:
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































