Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ թղթի կտորով՝ փողով չի որոշվում»

Սեպտեմբեր 01,2012 13:47

Աստղիկ Խերանյանը՝  մեծ երազանքների ու կենցաղային իրականության մասին

Աստղիկ Խերանյանը աշխատել է բազմաթիվ ակումբներում, ներկայումս ջազ է երգում կոնսերվատորիայի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկում: Ասում է՝ իր համար դա զուտ աշխատանք չէ, նաեւ հոգեւոր պահանջի բավարարում է: Քանիցս որոշ չարակամների ներկայությամբ պատռել է օրվա քրտինքով վաստակած ողջ գումարը, որ հավաստի իր նվիրվածությունը ջազին: «Սիրում եմ, որ ամեն ինչ համերգի նման լինի, հասկանալի է, որ աշխատում ես գումարի համար, բայց միշտ չէ, որ դա է էականը: Նույնիսկ եղել է, որ մեծ գումար եմ աշխատել, բայց դեպրեսիայի մեջ եմ ընկել, ինչ է թե սարքավորումները լավ չեն աշխատել այդ օրը»,- պատմում է Աստղիկը: Նրան այս կամ այն ակումբի ինտելեկտուալ հաճախորդները վերաբերվում են իբրեւ հանրահայտ արտիստուհու: Աստղիկ Խերանյանն ասում է, որ վերջերս արտերկրից հաճախորդներ են եղել ու պատվիրել Դոննա Սամըրի հին երգերը, անգամ զարմացել են, որ երգում է դրանք: Տարիներ առաջ էլ մեկ այլ ակումբում Իսրայելից ժամանած հյուրերը պատվիրել են Քերոլ Քինգի «It’s too late»-ը, ապա «You՚ve got a friend»-ը, հիացել՝ ինչպիսի՜ վոկալ տվյալներ ու երգացանկ ունի:

«Սրճարաններում հիմնականում առեւտրականի հոգի ունեն, տարբեր տեղեր շատ անգամ վիճել եմ, գումարը շպրտել, ասել եմ՝ ամեն ինչ էդ թղթով չի որոշվում: Մի անգամ մի հաճախորդ ինձ գումար տվեց, ու ես առանց նայելու՝ դրեցի գրպանս: Սրճարանի աշխատակիցը չդիմացավ ու հարցրեց չափը: Ես զայրացա՝ ախր միկրոֆոնը միացրած էր, բա որ այդ մարդը լսե՞ր: Ինձ համար էդ պահին առաջնայինը հաճույքով երգելն էր, ոչ թե գումարը»,- հիշում է Աստղիկը:

Երգել է դպրոցից՝ սկսել Կոմիտասով, ավարտել է Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, ափսոսում է, որ դաշնամուրի չի գնացել. հարմար կլիներ՝ ինքն իրեն կնվագակցեր ու « մինուսներով» չէր երգի: «Ինձ հաճախ ասում են՝ ինչո՞ւ «պլյուսով» չես երգում, բայց որպես ի՞նչ պլյուսով երգեմ, շաբաթը 2 անգամ երգում եմ ու հաճույք եմ ստանում դրանից»,- տարակուսում է Աստղիկը, նաեւ զարմանում «հայտնիների» վրա, որ ֆոնոգրամայով են երգում:

Երիտասարդ տարիներից երազել է խումբ ունենալ, ասում է. «Երեւի սեւամորթների խումբ, իրենց հետ ուրիշ ձեւ կլիներ, թող ներեն մեր նվագողները, գուցե շատ լավ տեխնիկա ունեն, բայց չեն ուզում փորձել, աշխատել իրենց վրա, նվագելիս ասես զգացմունք չունենան, ուղղակի նոտաները գիտեն ու նվագում են, հավես չունեն: Հետո լավ նվագողները հիմնականում խմող են»:

Երգչուհին պատմեց, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ այսօր արդեն իբրեւ աստղ հորջորջվող շատ երգիչներ, մասնագիտական խանդի հողի վրա, փորձել են անջատել միկրոֆոնը իր ելույթի պահին, ինտրիգներ հրահրել, նպաստել, որ սայթաքի:

Չնայած տարիքին (Աստղիկը 54 տարեկան է), 2010-ին մասնակցել է X Factor նախագծին, ու վոկալ տվյալներով եւ կատարողական վարպետությամբ ապշեցրել ժյուրիի անդամներին, որոնք մինչ այդ թերահավատորեն էին վերաբերվում իր ներկայությանը մրցույթին: Երգել է Cry me a river հայտնի ստեղծագործությունը: «Իրենցից մի քիչ նեղացած եմ»,- անկեղծանում է երգչուհին, որ հույս ուներ, թե դրանից հետո գոնե ամանորյա ծրագրին մասնակցելու հրավեր կունենա: Իհարկե հետո մի քանի հոգի իրեն Արամ MP3-ի միջոցով գտել են ու հրավիրել մասնավոր առիթներին երգելու: Մեզ հետ զրույցում Աստղիկ Խերանյանը ասում է, որ մասնակցել է նաեւ ջազ փառատոների, տարբեր «փակ» եւ «բաց» միջոցառումների, ու շատ են պատահել մարդիկ, որոնք խոստացել են լուրջ առաջարկներով զանգել, բայց խոսքի տեր չեն եղել: Չնայած դրան, մեր զրուցակիցը լավատեսությունը չի կորցնում. բազմիցս հաճելիորեն զարմացել է, երբ կոնկրետ ակումբում կամ սրճարանում ելույթից հետո մոտեցել են իրեն, շնորհակալություն հայտնել սիրված երգերը հնչեցնելու համար ու ասել. «Վայ, վերջապես գտանք Ձեզ, ինչքա՜ն ենք փնտրել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930