Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը՝ սակավաթիվ հեղինակավոր եւ որակյալ լրատվամիջոցներից մեկի՝ «Հետքի» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, իր հիասթափությունն է հայտնել հայկական ԶԼՄ-ներից եւ մեդիա դաշտից՝ նշելով, անշուշտ, գոյություն ունեցող արատները: Սակայն չեմ ընդունում հուսահատ եւ ծայրահեղացված եզրահանգումները՝ լրագրողն այլեւս անելիք չունի, ուզում եմ «Հետքը» փակել եւ այլն: Դեմ եմ որեւէ ոլորտում վիճակը չափից դուրս դրամատիկ ներկայացնելուն. կոնկրետ այս դեպքում ինձ թվում է, որ այն, ինչ հնարավոր է անել, պետք է անել: Դրա համար պայմանները, ինչ խոսք, հեռու են իդեալականից, բայց, ինչպես հայտնի է, ամեն ինչ հարաբերական է: Լրագրողները, ինչպես եւ գրողները, կոմպոզիտորները, նկարիչները, աշխատում էին ե՛ւ Բրեժնեւի, ե՛ւ Ստալինի ժամանակ, եւ ոչ ոք չի կարող ասել, որ դաժան գրաքննության եւ գաղափարախոսական խիստ պարտադրանքի պայմաններում ստեղծած նրանց ամբողջ ժառանգությունը աղբ է եւ արժանի է մոռացության: Ամեն մի ժամանակ իր խնդիրներն ու բարդություններն ունի, եւ Էդիկի նման մարդիկ միշտ իրենց տեղն ու ասելիքը պետք է ունենան:
Ենթադրում եմ, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղ իշխանավորներն ու հարուստ մարդիկ օգտագործում են լրատվամիջոցները՝ հասարակությանը տարբեր մանիպուլյացիաների ենթարկելու համար: Կարծում եմ, որ մենք եզակի չենք նաեւ այն առումով, որ վերջին 4-5 տարիներին համացանցում հայտնվել են «լրատվամիջոցներ», որոնք իրականում այդպիսիք չեն` դրանք կամ «թխում են» իսկական լրատվամիջոցների նյութերը, կամ էլ լուրեր են մոգոնում՝ հետաքրքրություն առաջացնելու նպատակով՝ հաճախ նույն մանիպուլյացիայի շրջանակներում:
Ի՞նչ կարելի է հակադրել դրան: Պայքա՞ր հանուն կամ ընդդեմ ինչ-որ բանի: Կարծում եմ, որ՝ ոչ, որովհետեւ այդ դեպքում էլ մեծ է ինչ-որ քարոզչական խաղի մասնակցելու հավանականությունը: Երբ որեւէ մեկը փողոց է անցնում կարմիր լույսի տակ, դուք դրա դեմ պայքարո՞ւմ եք: Ոչ, դուք խելոք սպասում եք, մինչեւ որ բացվի ձեր կանաչ լույսը՝ որքան էլ ձեր ճարպիկ համաքաղաքացիները ձեզ ընկալեն որպես կյանքից կտրված մի միամիտ մարդու: Եթե այդ «շուստրիները» ցանկանում են կործանվել, իրենց գործն է: Այդպես էլ տվյալ դեպքում. անենք մեր գործը այն հնարավորությունների սահմաններում, որոնք մեզ տրված են՝ այդպիսով, ի վերջո, լայնացնելով այդ հնարավորությունները: Թող դա հնչի համեստ եւ ոչ հավակնոտ: Հավակնոտներն արդեն վաղուց Ազգային ժողովի պատգամավորներ են:
…Վստահ եմ, որ Էդիկի հուսահատությունը ժամանակավոր է՝ բոլորիս հետ էլ պատահում է, եւ նա «Հետքը» երբեւէ փակելու իր մտադրությունից կհրաժարվի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էդիկ Բաղդասարյանը ճիշտ որոշում է կայացրել….Կցավեմ, բայց չեմ զարմանա, եթե նա էլ արտագաղթի….
https://www.montrealgazette.com/life/Topless+protest+causes+uproar+inside+Quebec+legislature/8983465/story.html