Ադրբեջանի իշխանությունները բռնազավթված Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Կարող էին, չէ՞, դա անել հունիսի 7-ից հետո, երբ, ինչպես որ հույս ունեն, իրենց թեկնածուն կվերարտադրվի: Ինչի՞ համար են հենց հիմա դիմել այդ վանդալիզմին: Այս հարցի պատասխանը տալու համար անհրաժեշտ է իմանալ արեւելյան բռնապետությունների առանձնահատկությունները: Ըստ այդմ, իրենց ծառայող դավաճանն ամենեւին էլ հարգանքի արժանի չէ՝ եթե պետք լինի, կարող են Տիզբոն կանչել եւ մահապատժի ենթարկել:
Այնպես որ, Փաշինյանի մեղրածոր ճառերն իր եւ Ալիեւի «եղբայրության» մասին վերջինիս վրա որեւէ տպավորություն չեն թողնում: Ադրբեջանի նախագահը շարունակում է իր կոշտ գիծը, որը, բնականաբար, իր սեփական նախաձեռնությունը չի, այլ թուրքական ավանդական քաղաքականություն է:
Ինչո՞ւ է Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացվել հենց հիմա: Նախ՝ մոտենում է Ցեղասպանության տարելիցը, իսկ արեւելյան բռնապետերի համար սիմվոլիկան խիստ կարեւոր է:
Երկրորդ՝ Ալիեւը զուգահեռաբար մի քանի վագոն դիզվառելիք է ուղարկում: Դա էլ է խորհրդանշական ժեստ՝ դուք, հայերդ, արժանապատվություն չունեք՝ ես ոչնչացնում եմ ձեր եկեղեցիները, խոշտանգում եմ ձեր գերիներին, իսկ դուք վերցրեք իմ շպրտած ոսկորները:
Կարդացեք նաև
Միամիտ, պատշաճ գիտելիքներ չունեցող մարդուն կարող է թվալ, որ վիրավորանքներ կուլ տալու, նվաստացումներ հանդուրժելու այլընտրանքը պատերազմն է: Կամ՝ որ սահմանադրության մեջ մեր հիմնարար փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի բովանդակությունը կապ ունի «ծովից ծով Հայաստանի» հետ (ինչո՞ւ դա 35 տարի ոչ ոք, այդ թվում՝ ադրբեջանցիները, չէին նկատում): Կամ՝ եթե մենք չխոսենք արցախցիների իրավունքների մասին, նրանք չեն խոսի 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» մասին:
Ոչ, դա, կրկնեմ, Ադրբեջանի պետական գիծն է, եւ Փաշինյանի ոչ մի շողոքորթություն նրանց այդ գծից չի շեղի: Միայն մեր խայտառակությունն է ավելացնելու;
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































