«I like people that like me», «ես հավանում եմ մարդկանց, որոնք ինձ են հավանում»: Միանգամայն պարզ մարդկային մոտեցում է՝ ամեն մեկս, եթե անկեղծ լինենք, կարող ենք դա կրկնել: Մասնավոր անձի համար դա բնական է, բայց եթե խոսքը պետական այրի մասին է, դա արդեն խնդիր է: Իսկ երբ այդ արտահայտությունն անում է աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը, դա կարող է աղետաբեր հետեւանքներ ունենալ: ԱՄՆ-ի ներսում, ղեկավարվելով այդ կարգախոսով, Թրամփը, մեղմ ասած, իրեն ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տալիս լրագրողների, ընդդիմախոսների, անգամ իր (նախկի՞ն) թիմակիցների, օրինակ, Իլոն Մասկի եւ Թաքեր Կարլսոնի հասցեին: Արտաքին աշխարհի հետ շփումներում Թրամփը պարբերաբար հարձակվում է Հռոմի պապի, եվրոպական լիդերների, ՆԱՏՕ-ի ղեկավարների վրա:
Այդ իրավիճակը թույլ է տալիս եզրակացնելու, որ Թրամփն ամենեւին խաղաղարար չէ, հակառակը՝ կռվարար է եւ սկանդալիստ: Խաղաղությանը երկրի ներսում կարող է հաստատվել այն դեպքում, երբ քաղաքացիները, բոլոր տարաձայնություններով հանդերձ, ունեն ընդհանուր պատմություն (նարատիվ): «Make America great again» – ը կարող է լինել այդպիսի մի նարատիվ, եթե Թրամփը «America» եւ «great» բառերը չկապի բացառապես իր թանկագին անձի հետ:
Կամ, եթե միջազգային հարաբերություններից օրինակ բերենք, Իրանի եւ Իսրայելի միջեւ չի կարող խաղաղություն հաստատվել, որովհետեւ «Տաճարի» մասին նրանց պատմություններն իրար հակասում են: Իհարկե, միանգամայն հնարավոր է եւ խիստ ցանկալի է, որ այդ պատերազմը մարտական գործողությունների տեսք չստանա: Բայց լայն իմաստով պատերազմը հնարավոր չէ դադարեցնել:
Հայաստանում ներքին խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ Փաշինյանն իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին, ինչպես նաեւ բոլորին, ում ինքը դուր չի գալիս, համարում է պետության եւ ժողովրդի թշնամի: (Կամ, լավագույն դեպքում, «շուն եւ շանգյալ»): Որովհետեւ «պետություն» եւ «ժողովուրդ» բառերը նա կապում է բացառապես իր թանկագին անձի հետ: Հուսամ, որ Հայաստանի հաջորդ ղեկավարն այնքան պետական խոհեմություն կունենա, որ այդ ամենը կհասկանա:
Կարդացեք նաև
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն կհաստատվի, եթե մենք ընդհանուր նարատիվ ունենանք: Տեսականորեն դա հնարավոր է: Բայց դա չի կարող լինել զուտ ադրբեջանական նարատիվ՝ ամեն ինչ խաղաղ էր, եւ հանկարծ 1988 թվականին հայերը, կա՛մ հիմար, կա՛մ արկածախնդիր, կա՛մ «ռսաստրուկ» լինելու պատճառով, որոշեցին ուրիշի հողը զավթել: Հենց այդ պատմությունն են մեզ առաջարկում Փաշինյանը, նրան սպասարկողները եւ նրան հավատացողները: Կարո՞ղ է դա լինել հայ-ադրբեջանական ընդհանուր պատմություն: Խիստ կասկածում եմ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Մենք հայերով ու մեր բարեկամներով միասին բանակային կազմակերպվածություն եւ կարգապահություն ենք ստեղծում՝ սա անչափ ծանր աշխատանք է, որը միայն ստեղծագործ արարող ժողովուրդները կարող են հաճույքով իրագործել: Սա է իսկական աղոթքը՝ արարչագործությամբ աղոթես, եթե ուզում ես Արարչի ամենազորությունից օգտվես եւ անպայման անչափ շնորհակալ եղիր քո Արարչից, թեկուզ մերսի ասա, կարեւորը հաջողությունիցդ հոգիդ իսկապես երջանիկ լինի:
Դպրոցական ֆիզիկայում օրենք կա՝ եթե մի տեղ կարգավորվածությունը մեծանում է, դա արվում է շրջապատի պառակտման հաշվին: Պատերազմները բերում են պառակտման, իսկ ազգի բանակային կարգավորվածությունը բերում է խաղաղության: ՄԻԱՑՈ՛ՒՄ: