Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ որեւէ լուրջ խնդրի վրա: Օրակարգը շատ արագ փոխվում է, «հետաքրքիր» թեմաները հաջորդում են միմյանց: Եթե խոսենք հայաստանյան իրականության մասին, ապա 3 օր կարող է քննարկվել փիփերթով ապուրը, 4 օր՝ դպրոցի սպորտային դահլիճի բասկետբոլի ցանցը, 2 օր՝ գյուղերի ցեխոտ ճանապարհները… եւ գործն այդպես էլ չհասնի սկզբունքային հարցերին:
Որպես օրինակ՝ բերեմ նման մի սկզբունքային հարց, դա անմիջականորեն առնչվում է Հայաստանի ինքնիշխանությանը: Դրա մասին ՔՊ-ականների պատկերացումը, մեղմ ասած, չափազանց յուրահատուկ է: Նրանց թվում է, որ ինքնիշխանությունը ժամանակ առ ժամանակ ՌԴ-ի հասցեին ինչ-որ ակնարկներ անելն է: Մինչդեռ ինքնիշխանության հիմնական տարրերից են պետության տարածքի որոշակիությունը, պետական մարմինների կողմից դրա բացառիկ տիրապետումը, հստակ սահմանները:
Եվ այդ առումով մի հարց՝ ի՞նչ եղավ սահմանագծումն ու սահմանազատումը: 2024 -ի հունիսի սկզբին, երբ Ադրբեջանին տրվեցին Տավուշի մարզին սահմանակից երեք գյուղեր եւ ռազմավարական բարձունքներ, Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, որ դա առաջին փուլն էր, եւ հիմա ամբողջ սահմանի երկայնքով սահմանազատում է սկսվելու, որի արդյունքում, մասնավորապես, Ադրբեջանը մեզ կվերադարձնի Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում իր կողմից զավթած ՀՀ ինքնիշխան տարածքները (ինչը, կարծում եմ, ֆանտաստիկայի ոլորտից է): Անցավ գրեթե երկու տարի, ի՞նչ նորություններ կան այդ թեմայով:
Իշխանությունը թմբկահարում է ինչ-որ մի թեմա, դրա շուրջ աղմուկ է բարձրացնում, բայց քանի որ դա հերթական «բլթոցն» է, շուտով թե՛ իշխանությունն է դրա մասին մոռանում, թե՛ մենք բոլորս: Ո՞վ է հիմա հիշում, օրինակ, «ամերիկյան մոդուլային ատոմակայանների» մասին: Մինչդեռ դա «թոփ» թեմա էր ընդամենը 2,5 ամիս առաջ:
Կարդացեք նաև
,…Շուտով նշվելու է Քաղաքացու օրը, եւ մի քանի օր սոցցանցերում քննարկվելու է, թե ինչպես էին մարդիկ փողոցում չալաղաջ ծամում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































