Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պատրաստ չէ ժողովրդավարության»

Հոկտեմբեր 04,2013 14:22

«Ազատություն» ռադիոկայան. Խառնաշփոթ Եվրախորհրդարանում՝ Ադրբեջանին նվիրված քննարկման ժամանակ:

Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ` Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթի փոխնախագահ Ժան Խերբրանդին Եվրախորհրդարանում միջոցառում էր կազմակերպել` «Ինչպիսի ապագա է սպասում կրակի երկրին» խորագրով, որին հրավիրվել էին ադրբեջանցի պատգամավորներ, փորձագետներ, ընդդիմադիրներ և փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը Եվրոպական խորհրդարանում բողոքեց իր երկրում ժողովրդավարության և ազատությունների բացակայությունից:

«Ադրբեջանում չեք տեսնի ընտրություններից առաջ քաղաքական բանավեճեր, Ալիևը երբեք չի ներկայանում, այլ իր փոխարեն իր ներկայացուցչին է ուղարկում: Ադրբեջանական հեռուստատեսությունը ներկայացնում է կեղծ ընդդիմությանը, իրական ընդդիմության ներկայացուցիչները տեղ չունեն եթերում», – հայտարարեց Ղամբարը՝ շարունակելով․ – «Ալիևը չի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այդ իսկ պատճառով նա չի կարող նորից դառնալ նախագահ»:

«Պատկերացրեք` 1969 թվականից մինչ այսօր Ադրբեջանի իշխանության ղեկին է նույն ընտանիքը», – շեշտեց ադրբեջանցի ընդդիմադիրը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպություն արտաքին քաղաքականության ավագ մասնագետ Դեյվիդ Նիքըլսը իր ելույթում սուր քննադատության ենթարկեց մարդու իրավունքների, մամուլի և ցույցերի ազատության հետ կապված իրավիճակը Ադրբեջանում:

«14 ակտիվիստ և լրագրող բանտերում է միայն ցույցերին մասնակցելու համար: 8 ակտիվիստ 12 տարվա ազատազրկման է դատապարտվել խաղաղ ցույցերին մասնակցելու պատճառով», – նշեց իրավապաշտպանը:

Նիքըլսի խոսքով` հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը անկարող են գործել Ադրբեջանում, քանի որ երկրում հավելյալ արհեստական արգելքներ են ստեղծվում նրանց գործունեությունը սահմանափակելու համար: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն քարոզող հասարակական կազմակերպությունները արագ փակվում են: Ադրբեջանը հայտարարում է, թե հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին, այնինչ իրականում երկրում հակառակ իրավիճակն է:

Ընտրությունների անկախ փորձագետ Սեսիլիա վան Պեսկին էլ իր զեկույցում նշեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ ժողովրդավարության:

Եվրոպացիները նաև նշում էին, որ կոռուպցիոն առումով Ադրբեջանն աշխարհում վատագույն ցուցանիշներ ունեցող երկրներից է: «Ադրբեջանի իշխանությունները պետք է միամիտ համարվեն, եթե կարծում են, որ Եվրոպան կմտահոգվի միայն ռեսուրսների և ոչ թե մարդու իրավունքների և այլ հիմնարար արժեքների մասին», – ընդգծում էին նրանք:

Եվրոպացի պատգամավորներն ու փորձագետները քննադատում էին Ադրբեջանը` կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման, ժողովրդավարության բացակայության պատճառով, իսկ ադրբեջանական կողմը բղավում էր, թե Ադրբեջանը համակեցության, հանդուրժողականության մոդել է, այն ամենը, ինչ խոսվում է Ադրբեջանի դեմ, «կեղտոտ խաղեր են»:

Եվրոպացիները պահանջում էին պահպանել խորհրդարանի կարգուկանոնը, իսկ ադրբեջանցիները տեղերից բղավում էին, խփում սեղաններին` ի նշան բողոքի, միմյանց վիրավորում և ցուցադրական արհամարհում էին: Բանախոսները մի քանի անգամ նկատողություն արեցին` պահանջեցին հերթով խոսել և չբղավել միմյանց վրա:

Երբ Եվրախորհրդարանում սկսեցին խոսել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումից, տեղերից դժգոհ բղավոցները շատացան․ – «Դուք անջատողականությամբ եք զբաղվում, այդ ամենը սուտ է, մի լսեք այդ մարդուն, ամո՛թ»:

Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության, դեսպանատան աշխատակիցներն էլ դժգոհություն հայտնեցին, որ քննարկման թեման «կրակի երկրի» ապագան էր, այնինչ խոսվեց հիմնականում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մասին, այդպիսով վեճ և անհամաձայնություն հրահրելով՝ պայծառ ապագայի մասին խոսելու փոխարեն:

Ի դեպ, ադրբեջանական այս քննարկմանը Եվրախորհրդարանում հիշեցին նաև Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Մասնավորապես, նրան հիշատակեց Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն՝ ասելով, թե Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել է այն պատճառով, որ նա ասել է` պետք չէ հակամարտել ադրբեջանցիների հետ:

«Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ նա ասաց, որ ադրբեջանցիներն ու հայերը պետք է միասին դիմագրավեն ռուսական կայսրությանը, ԿԳԲ-ն նրան ձերբակալեց, ապա աքսորեց Հայաստանից, որովհետև նրանք ծրագիր ունեին բաժանել, տիրել և պատերազմ հրահրել մեր միջև», – հայտարարեց ադրբեջանցի պատգամավորը:

Էլինա Չիլինգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031