Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ նչ է ներառում ՄՄ-ին անդամակցության Հայաստանի ճանապարհային քարտեզը

Հունվար 10,2014 17:11

«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտությունների եւ վերլուծությունների հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանի պատկերացմամբ` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը, որը հաստատվեց անցյալ տարեվերջին, գործողությունների ծրագիր եւ շրջան է, որով պետք է անցնի Հայաստանը` ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին:

Պարոն Սաֆարյանը փաստաթղթին ծանոթ չէ հենց այն պատճառով, որ այն չի հրապարակվել, բայց կարծում է, թե այն իր մեջ ներառելու է 70-ի չափ օրենքների մեջ փոփոխությունների կատարում եւ 20-30 օրակարգերի համապատասխանեցում Հայաստանի գործող օրենքներին` նորմատիվային ակտերով, կառավարության որոշումներով եւ այլն, որոնք հրապարկված են եւ ռուսերեն լեզվով տեղադրված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում ու հանդիսանում են ՄՄ-ի գործունեության իրավական հիմքը:

Մեր զրուցակցի կարծիքով, ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարության համատեքստում, որ մինչեւ փետրվար Հայաստանը պետք է անցնի ՄՄ-ին անդամակցության ճանապարհը, երկու խնդիր կա. «Առաջինն, իմ խորը համոզմամբ, ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ բանակցությունները պետք է կատարել թափանցիկ, բաց եւ հասարակության համար հասկանալի: Որովհետեւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիական հասարակությունը, որի մի մասը շատ սկեպտիկ է վերաբերվել Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության հեռանկարին, պետք է բավարարված լինի, պետք է ստանա բավականաչափ գիտելիք եւ տեղեկություններ, այս գործընթացների վերաբերյալ: Երկրորդը, որը ես համարում եմ նույնպես շատ կարեւոր, այն է, որ հասարակության շրջանում ընդհանրապես պետք է աշխատանք տարվի` բացատրելու, լուսաբանելու այն հնարավոր օգուտները` ՄՄ-ին մեր անդամակցությունից»:

Արամ Սաֆարյանը` ՄՄ-ին անդամակցելու ճանապարհը համարում է բարդ խնդիր, բայց որ այն պետք է թափանցիկ լինի, միանշանակ է համարում:

Մեր դիտարկմանը, որ Հայաստանի Եվրոասոցացման գործընթացը նույնպես թափանցիկ չէր ու հիմա, այդ միտումը, կարծես շարունակվում է ՄՄ-ին անդամակցելու գործընթացում, մեր զրուցակիցն ասաց, որ Եվրոասոցացման փաստաթղթից տարբեր տեղեկություններ կային եւ տարբեր աղբյուրներից տեղյակ քաղաքացիական հասարակության ինստիտուտները տարբեր տեղեկություններ ունեին. «Նրանք բոլորը մասամբ ճիշտ էին, բայց նրանք գիտեին իրականության մի փոքր` միայն իրենց վերաբերվող մասը: Ես կարծում եմ, որ միեւնույն է, վաղ թե ուշ, ՄՄ-ին անդամակցության գործընթացը մեզ համար դառնալու է թափանցիկ եւ հասկանալի, որովհետեւ հարցը քննարկվելու է ԱԺ-ում, որտեղ բանավեճեր են առաջանալու, քննարկումներ ու քվեարկություններ են լինելու: Ուստի, կարծում եմ, որ ճիշտ կլիներ մոտակա երկու ամսվա բանակցային գործընթացը տանել թափանցիկ ու հասկանալի` հասարակության, համենայնդեպս, հետաքրքրվողների համար: Քաղաքական որոշումն արդեն ընդունված է եւ այժմ պետք է բանավեճեր վարել մեր մուտքի ելակետային պայմանների շուրջ: Օգտվելու ենք, արդյոք, այն բացառություններից ու առավելություններից, որոնց մասին խոսեց նախագահ Պուտինը Գյումրիում: Ինչպիսի՞ն են լինելու այդ առանձնաշնորհները (պրեֆերենցիաները) եւ առավելությունները: Դրանք թեմաներ են, որոնց շուրջ արժե հասարակության մեջ քննարկում ծավալել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031