Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա, ապա հնարավոր է. «Հայկական ժամանակ»

Փետրվար 25,2014 11:15

Լիտվացի քաղաքագետ, «Արեւելյան Եվրոպա» հետազոտական կենտրոնի առաջատար մասնագետ Մարիուս Լաուրինավիչիուսը, երեկ մեր զրույցում խոսելով Ուկրաինայի արյունալի հեղափոխության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, կարծիք հայտնեց, որ այսօր Ուկրաինայի համար ճակատագրական է ճիշտ որոշում կայացնելը։
Լիտվացի քաղաքագետը խոսեց նաեւ Ռուսաստանի կողմից նախաձեռնած Մաքսային միության մասին եւ կարծիք հայտնեց, որ այդ միության հետագա գործունեությունն այնքան էլ իրատեսական չէ:

– Պարոն Լաուրինավիչիուս, միջազգային հանրության մի ստվար հատված ուշի ուշով հետեւում էր Ուկրաինայի Մայդանում ծավալվող դեպքերին։ Ինչպե՞ս կգնահատեք Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Կարո՞ղ ենք ասել, որ Եվրամայդանում ամիսներ շարունակ ծավալված պայքարը ունեցավ արդյունավետ ավարտ։

– Այն ինչ եղավ, բոլորս տեսանք՝ բախումեր, զոհեր, մի խոսքով՝ հեղափոխություն տեսանք։ Հիմա ամենակարեւոր հարցը նրանում է, թե ինչ կլինի հաջորդիվ։ Ըստ իս, այս հեղափոխությունն ունի երկու դեմք՝ առաջինը այն մարդկանց խումբն է, որոնք իսկապես ուզում են իրենց երկիրը բարելավվի եւ ժողովրդավար ուղի բռնի, այն մարդկանց, որոնք իրենց կյանքները կորցրեցին փողոցներում պայքարելով, մյուս դեմքն էլ՝ օլիգարխիկ հեղափոխականներն են, ովքեր ծպտյալ են եւ շատ վտանգավոր երկրի համար։ Այս պահին դժվար է ասել, թե որ կողմը հաղթանակ տարավ։ Դա դեռ պարզ չէ։ Պետք է սպասել եւ տեսնել ինչպիսի զարգացումներ կլինեն։

– Հիմա արդեն գործելու հերթը քաղաքական գործիչներին է: Տպավորություն կա, որ ԵՄ-ն եւ առհասարակ Արեւմուտքը ցանկություն են հայտնել դերակատարություն ունենալ Ուկրաինայի նոր կառավարության ձեւավորման հարցում։ Այս դեպքում աջակցությունը ինչքանո՞վ է ճիշտ։

– Արեւմուտքը կանի հնարավոր ամեն ինչ Ուկրաինային աջակցելու համար։ Վտանգավոր կլինի, եթե ԵՄ-ն նույն սխալը կրկնի։ Առաջին հերթին՝ եվրոպացի պաշտոնյաները մտածում են Ուկրաինային մեծ ֆինանսական աջակցություն տալու մասին, որը մի կողմից շատ լավ է, մյուս կողմից էլ ռիսկային։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները թվում է, թե նույն սխալն են անում կրկին հարթակ հանելով Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին։ Տիմոշենկոյին, ով դեմոկրատիայի մարմնացում չէ։ Տիմոշենկոն ավելի օլիգարխիկ դեմք է, քան Յանուկովիչը։ Հիմա կարեւոր է, որ Արեւմուտքը նույն սխալը չանի եւ օգնի ճիշտ մարդկանց՝ ղեկավարել երկիրը։ Տիմոշենկոն անշուշտ կցանկանա նախագահական ընտրություններում հանդես գալ, բայց նրա հաղթանակը իրատեսական չէ։ Նա, հնարավոր է, լինի ուժեղ թեկնածու, բայց հաղթանակ չի ունենա, եւ թերեւս սա գիտակցելով էլ՝ հնարավոր է իր թեկնածությունը չառաջադրի։

– ԵՄ-ն հայտնել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Այս համաձայնագրի ստորագրումը ե՞րբ կլինի։

– Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի շատ կարճ ժամանակահատվածում։ Ամենայն հավանականությամբ, այն կստորագրվի սպասվող նախագահական ընտրություններից առաջ, հնարավոր է Մոլդովայի եւ Վրաստանի հետ միասին՝ ապրիլին։ Այս փաստաթուղթը, անշուշտ, կստորագրվի, բայց թե ինչ կլինի դրանից հետո՝ լուրջ հարց է: Դա, մեծ հաշվով, պայմանավորված կլինի նոր կառավարության եւ նոր նախագահի նախասիրություններով։ Եթե այդ նոր կազմը լրջորեն ցանկանա Ուկրաինային տանել ԵՄ-ի հետ ասոցացման, ապա գործընթացը կշարունակվի, իսկ եթե դա
չլինի եւ պատմությունը կրկնվի…

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը`YPC video blog-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728